Քաղաքականություն

Դավաճան լինելը միաժամանակ նշանակում է և՛ ծախող և՛ ծախվող

Դավաճան լինելը միաժամանակ նշանակում է և՛ ծախող և՛ ծախվող

Հարբել էր, հայհոյել էր, իրեն ադեկվատ չէր պահել և այլն, և այլն… Կարող է պատահել, որ ԱԺ, «без пяти минут», նախկին պատգամավոր Գաբրիելյան Վիլենն ամբողջությամբ չէր կեղտոտվել՝ 2018-ին ներառվելով իշխանության մեջ: Եվ վերը նշված հանգամանքը նրա համար դեռևս ինչ-որ բան է նշանակում: Սակայն նոր իշխանավորների տեսակետից այդ ամենը, հաստատ, անլուրջ է՝ թիթիզություն, և վարչապետի աթոռից կառչած անձն էլ նման հատկանիշով, վստահաբար, չի տառապում: Ինչը նշանակում է, որ Վիլենին պատգամավորի մանդատ «նվիրած» վարչապետը նրան մանդատից զրկելով՝ առաջնորդվել է շատ ավելի լուրջ ու ծանր «հանցանքն» արմատախիլ անելու մտադրությամբ: Դա 2026-ին իշխանության վերարտադրության վերաբերյալ կասկածն է: Վիլենին շատ բան է ներվել ու կրկին կներվեր, սակայն ոչ 2026-ին իշխանափոխության միտքը հրապարակայնացնելը: Իշխանության պահպանումը, ինչպես հայտնի է, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի համար կյանքի ու մահվան հարց է: Իսկ Վիլենը դա չի գիտակցել՝ հարբած վիճակում հանդես բերելով թեթևասոլիկություն, ու դրա համար էլ պատժվել է: 
Բայց դրանով չի բավարարվել «մեծարգո վարչապետը»: Բարձր պաշտոն զբաղեցնող ՔՊ-ական ողջ կազմին հրահանգ է իջեցվել հերքել 2026-ի խորհրդարանական ընտրություններին ՔՊ-ի հնարավոր պարտության վերաբերյալ գաղափարը: Ու ով լրագրող է տեսնում՝ բաց չի թողնում կամ էլ չի հեռանում՝ մինչև վերին ատյանից իջեցված հրահանգը կատարելը:

Այն է՝ «Այո, ես այդ համոզմունքն ունեմ, որ 2026-ին իշխանությունը վերընտրվելու է»: Ոչ թե պարզապես կարծում է, որ իշխանությունը վերարտադրվելու է, այլ ունի այդ համոզմունքը: Ինչը, բնականաբար, որևէ կասկած չի թողնում, որ իշխանությունը կարող է նաև չվերընտրվել: Ու իրեն պատած այդ համոզմունքը փորձում է փոխանցել թե՛ լրագրողին և թե՛ նրա միջոցով լայն հանրությանը: Իսկ դրանից հեշտ բան չկա, քանի որ լրագրողներն ում բռնում՝ պահանջում են վերաբերմունք արտահայտել Գյումրիի համայնքային ընտրության վերաբերյալ: Ինչին հետևելու էր այն հարցը, թե դա սպառնալիք չի՞ ստեղծում, արդյոք, իշխանության վերըարտադրության առումով հաջորդ տարում: Ու հենց այդ պահից առաջ, չսպասելով նման հարցի, ՔՊ-ականներն արտասանում են վերից հրահանգված ու անգիր արված արտահայտությունը: 

Իհարկե, կան նաև նրանք, ովքեր պաշտոնի բերումով են անդրադառնում Գյումրիում կրած պարտությանը: Դրանցից է, օրինակ, վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Բաղդասարյան Նազելին: Ում ֆեյսբուքյան գրառումը կարդալուց քիչ է մնում մտածես, որ հեղինակը ոչ թե ազգակործան պատուհաս բնորոշված վարչապետի մամուլի քարտուղարն է, այլ  նվիրյալների իշխանության ամենազնիվ ներկայացուցիչը: Ում առաջնորդը 2018-ին ոչ թե իշխանազավթում իրականացրեց, այլ ժողովրդի կողմից 2017-ին իրեն հանձնված իշխանությունն անցնցում հանձնեց իր իշխանությունից դժգոհ զանգվածների առաջնորդին: Եվ, վերջապես, ոչ թե պատրաստ եղավ զոհասեղանին դնելու ընդամենը մեկ քաղաք, այլ ողջ մի երկրամաս՝ հայրենիքի պատմական մի հատվածը, ինչը ժամանակին Հայաստան էր համարում: Էլ չասած բուն Հայաստանին պատած սպառնալիքների մասին: 

Ինչևէ, ծախողի և ծախվողի մասին մեծ-մեծ խոսող տիկինն աչքիս երևի մոռացել է, որ հենց իր առաջնորդին են փողոցներում դավաճան անվանում: Եվ դա անընդհատ կանեին՝ նրան օր ու արև չտալով, եթե Հայաստանը լիներ այն ազատ երկիրը, որը ներկայացվում է արտաքնապես:  Ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, դա տեղի է ունենում Միացյալ Նահանգներում, որտեղ թե՛ աշխարհի ամենահարուստ մարդուն են ամեն աստծո օր «գնդակահարում» և թե՛ նույնիսկ երկրի նախագահին: Ճիշտ է, մեկ այլ համատեքստում, սակայն դա չէ էականը, այլ այն հանգամանքը, որ մարդիկ օգտվում են խոսքի ազատության իրավունքից: Այն, ինչ մերժված է Հայաստանում յոթ տարի առաջ երկրի երրորդ նախագահին մերժելուց հետո: «Մերժված Սերժի» իշխանությունն էլ պետք է փոխարինվեր «ժողովրդի իշխանությամբ», որպեսզի հասկանայինք, թե ինչ ենք կորցրել ու գնահատեինք նախկինը: Ու փողոցում լրագրողներին խոստովանող ՀՀ նախկինում իրապես հպարտ քաղաքացիների նման չասեինք՝ ձեռքս կոտրվեր, որ նրան չընտրեի: 

ՀԳ. Իսկ դավաճան լինելն, ի գիտություն, նշանակում է միաժամանակ և՛ ծախող և՛ ծախվող: Դավաճանը գնվում է թշնամու կողմից՝ վաճառելով իր հայրենիքը նույն այդ թշնամուն:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image