Քաղաքականություն

Ո՞ւր ես, ահաբեկչության դեմ պայքարի ո՜վ «առաջնորդ»

Ո՞ւր ես, ահաբեկչության դեմ պայքարի ո՜վ «առաջնորդ»

Բա չիմացաք… Փաշինյանը որոշել է առաջնորդել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պայքարը: Էլ բան չի մնացել առաջնորդելու: 2008թ. մարտի 1-ն առաջնորդեց, 2018թ. հեղաշրջումն առաջնորդեց, 44-օրյա պատերազմն առաջնորդեց, Շուշիի հանձնումն առաջնորդեց, Արցախը, Կիրանցը, Գորիս-Կապան ճանապարհը, Ջերմուկի սարերը, Սեւ լիճը առաջնորդեց Ադրբեջանի կազմ, Էրդողանին առաջնորդեց «Զանգեզուրի միջանցք», 300 հազար ադրբեջանցիների առաջնորդում է դեպի Հայաստան… Առաջնորդելու բան լինի՝ Նիկոլը պատրաստ է առաջնորդելու:
Առաջնորդելու բանի առկայությունը, սակայն, լիարժեք պայման չէ, որ Նիկոլը գնա ու առաջնորդի: Որպեսզի Նիկոլը վերջնական որոշում կայացնի տվյալ բանն առաջնորդելու, որոշակի նախադրյալներ են պետք: Այդ նախադրյալները բաժանվում են երեք խմբի՝ Նիկոլի կամքից անկախ նախադրյալներ, որոնք գոյություն ունեն ի սկզբանե, օտարների ստեղծած նախադրյալներ, որոնք Նիկոլին հրամցվում են թշնամի եւ վայ-բարեկամ երկրների ղեկավարների կողմից, եւ Նիկոլի մտքի փայլատակման արդյունքում ծնված նախադրյալներ, որոնք տարօրինակ լինելուց բացի այնքան ծիծաղելի են, որ մարդ ուզում է ասել՝ հո դու դեբիլ չե՞ս, արա:

Եթե կարճ, ապա՝ Նիկոլին պետք է մի փոքրիկ բան, որ դարձնի ուղտ (նաեւ՝ ուխտ) եւ առաջնորդի…
Հակաահաբեկչական պայքարի մասին, օրինակ, Փաշինյանը լսել է Էրդողանից, ավելի ճիշտ՝ կարդացել է Էրդողանի գրքում: Էրդողանը հայտնի է որպես հակաահաբեկչական պայքարի առաջնորդ: Թուրքիայում իշխանությունների գրեթե բոլոր պայքարները հակաահաբեկչական են՝ ազգային փոքրամասնությունների դեմ պայքար, Քրդական աշխատավորական կուսակցության դեմ պայքար, սիրիացի ահաբեկիչների դեմ պայքար, զանազան կրոնական քարոզիչների դեմ պայքար… Այս ամենը Թուրքիայում, որպես կանոն, փաթեթավորվում է ահաբեկչության դեմ պայքարի գույնզգույն թղթերով: Իսկ հիշո՞ւմ եք, թե Ալիեւն ինչ պատրվակով ներխուժեց Արցախ: Այո, ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով: Ասել է՝ Ալիեւն էլ է կարդացել Էրդողանի գիրքը:

Բայց գանք Նիկոլին: Նրան պետք է ինչ-որ բան առաջնորդել, տվյալ դեպքում՝ հակաահաբեկչական պայքար: Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության վտանգ կա, թե ոչ՝ էական չէ: Ինքը որոշում է, որ կա ահաբեկչության վտանգ (նախադրյալ), ինքն իրեն նշանակում է ահաբեկչության դեմ պայքարի առաջնորդ ու սկսում: Ճիշտ Էրդողանի պես, պարզապես Էրդողանի պարագայում ամեն ինչ մի փոքր ավելի համոզիչ է, իսկ Թուրքիայի գլխավոր դատախազը՝ ավելի հմուտ:

Թե ինչպիսի առաջնորդ է Նիկոլը ահաբեկչության դեմ պայքարում, մենք արդեն մի քանի օր է՝ տեսնում ենք մեր աչքերով: Էն աղջիկ դատախազին գցել է առաջ, ինքը, թիկունքում թաքնված, առաջնորդում է: Վստահ եմ՝ պատկերացում էլ չունի, թե որքան ցավոտ է, երբ սեփական ձեռքերով սրած բիզը մտնում է սեփական փափուկ հյուսվածքների մեջ: Հասկացանք` դատախազը եկավ, ԱԺ-ում հեքիաթներ պատմեց «ահաբեկիչների» զինանոցի մասին, խայտառակվեց, նրան ասացին՝ դու Նիկոլի դատախազն ես… Իսկ հետո՞: Բա ո՞ւր ես, այ առաջնորդ, անունդ հնչել է, ձայն հանիր… Էն աղջիկ դատախազին փուռն ես տվել ու թռե՞լ: Բա «ահաբեկիչներն» ԱԺ-ում քո ուսապարկերին արդեն ամենավերջին հայհոյանքն են տալիս, ստորացնում մինչեւ մինուս անվերջություն, ո՞ւր ես, ահաբեկչության դեմ պայքարի ո՜վ «առաջնորդ»:

Իսկ ահաբեկչության դեմ պայքարի «առաջնորդը», պարզվում է, Ֆեյսբուքում նոր բան է գտել առաջնորդելու: Գրում է. «Բոլոր բանավեճերից անդին, այս ընթացքում բացահայտվեց ամենակարեւորը․Հիսուս Քրիստոսի, նրա վարդապետության հետ Կտրիճ Ներսիսյանի, Վազգեն Գալստանյանի, Գեւորգ Աջապահյանի եւ էլի ոմանց կապի եւ առնչության իսպառ բացակայությունը։ Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից եւ պետք է ազատագրվի։ Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»։

Սա այն ծիծաղելի բաներից է, որի մասին վերեւում ասացի՝ ինքնաշեն ծիծաղելի նախադրյալ եւ հայտարարություն այն մասին, որ ինքն է առաջնորդելու պայքարը: Ի՞նչ բանավեճ, ո՞վ բանավիճեց, ո՞վ որոշեց, որ կաթողիկոսն ու արքեպիսկոպոսները կապ չունեն Հիսուս Քրիստոսի եւ նրա վարդապետության հետ: Նիկոլին այս բաները չեն հետաքրքրում՝ ինքը որոշել է մի բան առաջնորդել, եւ վերջ:

Ես, ճիշտն ասած, չեմ կարողանում կողմնորոշվել՝ լա՞վ է, որ Փաշինյանը ոչինչ մինչեւ վերջ չի կարողանում առաջնորդել, թե՞ վատ: Օրինակ, ի՞նչ տեղի կունենար, եթե 2008-ի մարտի 1-ին նա չփախչեր Մյասնիկյանի արձանի մոտից, մինչեւ վերջ հասցնել իր առաջնորդությունը, ի՞նչ կլիներ, եթե նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով նրան չհեռացնեին 44-օրյա պատերազմի առաջնորդի «պաշտոնից», ինչպե՞ս կավարտվեր հակակոռուպցիոն արշավը, եթե ժամանակին կոռուպցիայի մեջ չթաթախվեին Նիկոլենք, ո՞ւր կհասնենք մենք, եթե մի աներեւույթ ձեռք, օրինակ` Էրդողանի, նրան ստիպի մինչեւ վերջ հասցնել հակաահաբեկչական պայքարը, ի՞նչ կմնա մեզնից, եթե մենք, այս «բանավեճից» անդին, հակաքրիստոս, ապազգային, ապապետական ՔՊ-ական այս խմբակին թույլ տանք Փաշինյանի եւ Փաշազադեի առաջնորդությամբ գլխատել ՀԱԵ-ն… Եվ, ուրեմն, որպեսզի մենք մեզ այսպիսի հիմար հարցերով չծանրաբեռնենք, ճիշտը, կարծում եմ, Փաշինյանից մեկ անգամ եւ ընդմիշտ ազատվելն է: Հիմա թե դրա անունն ինչ կդնեք՝ իշխանափոխություն, հեղաշրջում, իշխանազավթում, «իրական Հիսուս Քրիստոսի» տապալում, էական չէ: Այս բոլոր չարիքների հիմքն առաջնորդելու մարմաջով տառապող մարդն է՝ Նիկոլը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image