Ծնվել և հասակ եմ առել խորհրդային տարիներին, բայց անկախացումից հետո երբեք խորհրդային կարոտախտով չեմ տառապել: Ոչ թե այն պատճառով, որ այդ ժամանակ վատ ենք ապրել, ընդհակառակը, ապրել ենք շատ ավելի լավ, այլ որովհետև գիտակցել եմ, որ այն, լավ թե վատ, արդեն անցյալ է, և պետք չէ անընդհատ մտովի վերադառնալ այնտեղ: Որովհետև դա ոչինչ չէր տալու ու, դրանով հանդերձ, ավելի էր բարդացնելու ներկան: Իսկ ներկան, իրոք, շատ ծանր էր՝ նրանք, ովքեր վերապրել են այն, դա երբեք չեն մոռանա ու չէին ցանկանա, որպեսզի դա կրկնվեր: Ինչևէ, այդպիսին է եղել իմ համոզմունքը ու այդ սկզբունքով եմ ապրել անկախության կամ տվյալ համատեքստում՝ հետխորհրդային ողջ ժամանակաշրջանում:
Բայց այսօր ստիպված եմ, թեկուզ մեկ-մեկ, անդրադառնալ այդ տարիներին: Որովհետև նախկինների, իսկ այնուհետև հայոց եկեղեցու դեմ պատերազմ նախաձեռնած Փաշինյանը ժամանակ առ ժամանակ մտաբերում է խորհրդային «ԿաԳեԲե»-ն և ավելի նվազ չափով՝ «Գլավլիտը»: Այդ կառույցները՝ հատկապես առաջինը, նրան հանգիստ չեն տալիս: Ու ամեն պատեհ կամ անպատեհ առիթով հիշատակում է դրանց անվանումները: Բնական է, նպատակը քաղաքական է. փորձում է դրանք օգտագործել իր հակառակորդների դեմ: Խիստ բացասական հեղինակություն ունեցող այդ կառույցների հետ կապելով այս կամ այն անձին՝ լինի վերջինս ընդդիմադիր քաղաքական գործիչ թե եկեղեցական, ինքը փորձում է այդ կառույցների նկատմամբ մարդկանց բացասական վերաբերմունքը հասցեագրել այդ անձին: Ինչն, ի դեպ, դեռևս աշխատող տարբերակ է: Հիշենք արևելաեվրոպական երկրներում տիրող իրավիճակը սոցիալիստական ճամբարի կազմաքանդումից հետո: Իսկ Փաշինյանի օրոք մենք վերադարձել ենք նախորդ դարի 90-ական թվականներ:
Բայց, ի տարբերություն գործող իշխանության ու նրա կողմից մանիպուլյացված կիսագրագետ զանգվածների, ինձ համար շատ ավելի անընդունելի է ոչ թե անցյալի ուրվական կառույցների, այլ այսօրվա մեր թշնամու հետ կապակցված լինելը: Այն թշնամու, ումից վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, սեփական պաշտոնը պահպանելու ձգտումով, փորձում է խաղաղություն մուրալ՝ անընդհատ զիջումներ կատարելով: Ու հետն էլ առևտուր անել՝ լինի դա բենզինի, թե բանջարեղենի մատակարարում: Հիշեցի սրանց հակառուսական մեղադրանքները՝ նախկինների օրոք զենք են վաճատել թե՛ մեզ և թե՛ մեր թշնամուն: Հիմա մենք անում ենք շատ ավելին՝ ֆինանսավորում ենք մեր թշնամուն: Հա, կներեք, մոռացել էի՝ երեկվա մեր թշնամին, որ բազմահազար զոհեր ու հաշմանդամներ է մեզ «պարգևել», պատճառել տարածքային կորուստներ, այսօր դարձել է բարեկամ: Ու, ենթադրաբար, էժան գներով մեզ բենզին է մատակարարում:
Այնինչ, չնայած վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի գործադրած ջանքերին՝ խորհրդային տարիներին «ԿաԳեԲե»-ի հետ ինչ-որ մեկի կապված լինելը չի կարող սպառնալիք լինել մեր պետության անվտանգության առումով: Դա նույն հեքիաթի ժանրից է, ինչը մի ժամանակ կաթողիկոսի կողմից զավակ ունենալու կապակցությամբ բարձրաձայնվածը: Հիշում եք, չէ՞, ռուսական անվտանգության ծառայության լեյտենանտը «իրական» Հայաստանի «մեծարգո» վարչապետի հեղինակավոր կարծիքով դա պետք է օգտագործեր, որպեսզի Վեհափառից ինչ-ինչ գաղտնիքներ կորզեր: Ինչը բացարձակ անհեթեթություն էր, քանի որ մի քանի տասնյակ տարվա՝ բոլորին հայտնի «գաղտնիքը» չէր կարող, նախ, նրա վրա ազդեցության լծակ հանդիսանալ: Եվ երկրորդ, այդ ի՜նչ լծակների էր տիրապետում Վեհափառը, որպեսզի դա օգտագործվեր ի չարս Հայաստանի: Իսկ որ 10 տիրադավների «հայտնությունն» օգտագործվում է ի չարս Հայաստանի՝ դրանում կասկած լինել չի կարող: Եթե, իհարկե, կասկածողը կույր և խուլ անձնավորություն չէ:
Նույնն էլ, բայց շատ ավելի նվազ չափով, վերաբերում է կաթողիկոսի եղբոր՝ խորհրդային «ԿաԳեԲե»-ի հետ տասնամյակներ առաջվա իբրև թե համագործակցությանը: Այն կարող է զուտ վիրտուալ կամ լրատվական ազդեցություն ունենալ միայն այն դեպքում, երբ մեր երկրի իշխանությունը դրան վերաբերվեր որպես կարմիր լաթի: Իսկ եթե դրսևորեր ավելի ադեկվատ վերաբերմունք, այսինքն՝ լիներ անտարբեր, ապա ոչ թե օտար լեյտենանտը, այլ գնդապետը ու նույնիսկ գեներալը ոչինչ անել չէին կարողանա: Բայց քանի որ ադեկվատությունն այն հատկանիշը չէ, որով բնորոշվում է գործող իշխանությունը՝ չհաշված մանիպուլյացիոն բաղադրիչը, ապա անցյալի ուրվական կառույցներն էլ կարող են հանդիսանալ անվտանգային սպառնալիքներ: Շեշտեմ՝ անվտանգային վիրտուալ սպառնալիքներ:
Հասարակություն
Անվտանգային վիրտուալ սպառնալիքներ
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Գյումրիում ձերբակալված աղջիկներից մեկը օրեր առաջ է...
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության Գյումրի...
Ոքվեր են մասնակցելու մեծ բանավեճին
Այսօր երեկոյան տեղի է ունենալու ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակը գլխա...
×
❮
❯