Մայիսի կեսից Վաղարշապատի քաղաքապետի աթոռը թափուր է: Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո ՔՊ-ն Էջմիածնում հարմար թեկնածու չունի: Միակ թեկնածուն Արմավիրի մարզպետ, մինչ այդ Խոյ համայնքը ղեկավարած Արգիշտի Մեխակյանն է, որի վրա կանգ է առել ընտրությունը, եւ այժմ ՔՊ-ականներով լծվել են Մեխակյանին գովազդելու, նրա վարկանիշը բարձրացնելու բարդ գործին: Ծանր արտիլերիան ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն է: Հուլիսի 1-ի նրա ելույթը՝ Արմավիրի մարզպետի մասին, քար է ծակում. «Ով-ով` ընդդիմադիր շրջանակները՝ Վաղարշապատ եւ Խոյ համայնքների, հասկանում են, որ առաջիկա ընտրություններում Արգիշտի Մեխակյանի հետ մրցելն իրենց խելքի բանը չի, եւ դրա համար է, որ ընդդիմությունն աղմկում է»: Այս ելույթը հայտնվել է մարզի համայնքապետերի ֆեյսբուքյան էջերում, որոնք հենց իրենք` համայնքապետերն էլ «լայքում» են, ինչպես, օրինակ, Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանը: Նրա անձնական էջում ոչ թե ընտանիքի՝ երեխաների, կնոջ, այլ Խուդաթյանի նկարներն ու տեսանյութերն են:
Իսկ ընդդիմությունը ոչ այնքան աղմկում է, որքան բացահայտում ՔՊ-ի խորամանկ պլանը՝ խոշորացնել արդեն իսկ խոշորացված համայնքը, Վաղարշապատին միացնելով Մեխակյանի ղեկավարած համայնքը՝ Խոյը, հույսով, որ այնտեղ նա շատ ձայներ կհավաքի, եւ Էջմիածնում ունեցած զրո վարկանիշը կդառնա 0+: Թե որքանով են խոյեցիք հարգում Մեխակյանին՝ այլ հարց է: Համենայնդեպս, Խոյի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում Մեխակյանին գովաբանող պաշտոնական հաղորդագրությունների տակ, 1-2 ուսուցչուհուց բացի, ոչ մի հիացական մեկնաբանություն չգտանք: Ի դեպ, համայնքի ներկայիս ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի քաջարի գրառումների տակ նույն սառած վիճակն է:
Մեխակյան Արգիշտը` Արմավիրի մարզպետը, որը երեկ արդեն Վաղարշապատի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց, գուցե ունենար որոշ հեղինակություն, եթե դավաճանած չլիներ հոր՝ հին զինվորական եւ մանվելական Մեխակ Մեխակյանի հիշատակը: Սա մանվելականների կարծիքն է, որոնք այսօր էլ Էջմիածնում շատ են: Նրանք զարմանում են, թե ինչպես կարող էր Արգիշտը 180 աստիճանով հակադրվել, հեռանալ հոր դավանանքից, որն Արցախի ազատագրումն էր, մոռանալ գեներալ Մանվելին, թե ինչեր է արել իր համար Գրիգորյանը: Ըստ Էջմիածնում տարածված խոսակցությունների՝ Արգիշտի Մեխակյանին, մինչեւ նորաթուխ, «յուղը վրեն» ՔՊ-ական դառնալը, գեներալ Մանվելն է ամբողջ կյանքում «տիրություն արել»՝ աշխատանքի տեղավորել Էջմիածնի քաղաքապետարանում, Վերահսկիչ պալատում: Իսկ Մեխակ Մեխակյանին՝ Արգիշտիի հորը, Էջմիածնում հիշում են ու հարգում իբրեւ Ջեբրայիլն ազատագրած զինվորականի: Նրա անունով Ջեբրայիլն անվանափոխվել է Մեխակավանի: Եվ հիմա Էջմիածնում զարմանում են, թե ինչպես է Արգիշտին ճանապարհ գնում մի իշխանության հետ, որը հանձնել է հոր անունը կրող հողը: Ոչ միայն Մեխակավանն է Արմավիրի մարզպետի հոր անունով կոչվել, այլեւ Եղնիկների դիրքերից մեկը, որը գտնվում էր «Անբարոյականի կալգոտկա» ասված հատվածում:
«Էդ պոստին Մեխակի պոստ էին ասում, հրադադարը կնքվելուց 4 ժամ առաջ նա այդ պոստը պահում էր, ու մինամյոտը կրակել է գլխին, եւ նա մահացել է այդ պոստում: Իր հայրը հայրենասեր մարդ էր, քաջարի զինվորական»,- ասում է մեր զրուցակիցը, որին լսելով մտածում ենք՝ պաշտոնը քաղցր բան է: ՔՊ-ին աջակցող Էջմիածնի երիտասարդությունն էլ հավաստիացնում է՝ մեծամասնությունն ընտրելու է Արգիշտի Մեխակյանին: Հարցին, թե ինչով է նա հարգանքի արժանի, Էջմիածնի բնակիչ Արթուր Սարգսյանը պատասխանում է. «Դե, երեւի նրանով, որ հասարակ պահվածք ունի, համայնքապետ եղած ժամանակ ահագին գործեր արեց համայնքի համար, եւ վատ բաներ չենք լսել նրա մասին»: Ինքը՝ Արգիշտի Մեխակյանը, նամակին պատասխանեց, թե վերջերս է հարցազրույց տվել մեր թերթին:
Ովքե՞ր են լինելու ՔՊ-ի մրցակիցներն Էջմիածնում: Այս պահի դրությամբ հայտնի է թերեւս Սեւակ Խաչատրյանի անունը՝ ավագանու «Էջմիածին» կուսակցությունների դաշինքի անդամ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին պրոռեկտոր, նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմնակիցներից: Նախորդ ՏԻՄ ընտրություններում «Էջմիածին» դաշինքը ստացել էր 35 տոկոսից քիչ ավելի քվե: Սեւակ Խաչատրյանի «Սաքուլիկ» մականունը կնքել էին լրագրողները, երբ նա ՀՊՏՀ-ում Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության ժամանակ այդ բուհի ուսխորհրդի այլ անդամների հետ լրագրողներին թույլ չէր տվել մտնել լսարան ու լուսաբանել պաշտպանությունը: Իշխանափոխությունից հետո նա ընդդիմադիր է դարձել, 2021 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ աջակցում էր «Հայաստան» դաշինքին, այսօր՝ նաեւ Սրբազան պայքարին: Իր վերջին ֆեյսբուքյան ելույթներում հանդես է գալիս ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու: Նա բավականին լավ հարաբերություններ ուներ նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ, որի նկատմամբ երեկ իշխանությունը քրեական մեղադրանք առաջադրեց: Դեռեւս վաղ է խոսել Էջմիածնի քաղաքապետի մյուս թեկնածուների մասին: Այդ պաշտոնի համար պայքարելու են ավանդական կուսակցությունները, նաեւ՝ «Հայրենիք» կուսակցությունն է մասնակցելու: Մասնակցելո՞ւ եք ընտրությանը եւ ումո՞վ։ Հարցին «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը պատասխանեց. «Դեռ Էջմիածնի ընտրության հարց գործադիր մարմնում չենք քննարկել»:
Էջմիածինը քաղաքական առումով բարդ համայնք է՝ բազմաթիվ խմբավորումներով: Դա նաեւ հայտնի Դոն Պիպոն է՝ Արթուր Ասատրյանը, իր շրջապատով, մանվելականներն են, Եկեղեցին: Մեզ հաջողվեց խոսել Արթուր Ասատրյանի հետ, որը գտնվում է Մոսկվայում: Նա ասաց, որ ոչինչ չգիտի Էջմիածնի քաղաքապետի ընտրության մասին, անգամ չգիտեր, թե որ օրն է լինելու: «Ես չեմ էլ հետաքրքրվում ընտրություններով, ինձ գլոբալ հարցերն են հետաքրքիր, որ երկրում գլոբալ փոփոխություն լինի, իսկ Էջմիածնում ով կլինի, Կիրովականում կամ Փարաքարում ով կլինի՝ անիմաստ բաներ են... Եթե գլոբալ քաղաքականությունը պռավալ են տվել, ի՞նչ կարեւոր է, թե Էջմիածնում ով կլինի»: Հարցին, թե պատրաստվո՞ւմ է գալ Հայաստան, Արթուր Ասատրյանը պատասխանեց: «Դե, դուք գիտեք, որ ես հետախուզման մեջ եմ, բայց եթե պահը գա, ու տեսնեմ, որ էն աստիճանի է, որ մեր Եկեղեցին կորցնում ենք, էլ ո՞վ ա նայելու` ես հետախուզման մեջ եմ, թե՝ ոչ: Դեռ սպասում եմ»,- ասաց նա:
Ո՞ւմ են հարգում էջմիածինցիները, ո՞ւմ հետեւից կգնան, ո՞ւմ են տեսնում քաղաքապետի աթոռին: Բնակիչներից մեկը՝ մասնագիտությամբ լրագրող, մեր հարցին պատասխանեց. «Դոն Պիպոյին քաղաքում վերաբերվում են զուտ որպես քրեական հեղինակության, Դոն Պիպոյի ժամանակներն անցել են, ու հիմա նա հարց լուծող չէ, Մեխակյանը՝ առավել եւս...»: