«Ոչ պետական հանրակրթական հաստատությունների դերն ու առանձնահատկությունները՝ պետական կրթական քաղաքականության համատեքստում» խորագրի ներքո անցկացվել է ՀՀ ոչ պետական դպրոցների համաժողով, որը նախաձեռնել էր «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիան:
Նախօրեին տեղի ունեցած համաժողովն անցել է պանելային քննարկումների ձեւաչափով: Համաժողովի բանախոսների թվում են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի գործադիր տնօրեն Արտաշես Թորոսյանը, Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, ինչպես նաեւ մի շարք ոչ պետական դպրոցների ներկայացուցիչներ:
Համաժողովի բանախոսներից «Մեկ ձայն» ասոցիացիայի խորհրդի փոխնախագահ, «Փոքրիկ իշխան» կրթահամալիրի գործադիր տնօրեն Մարիա Խախամյանը, անդրադառնալով համաժողովին, մեծապես կարեւորեց քննարկման ձեւաչափն ու բովանդակությունը` մասնակից գերատեսչությունների կողմից: Նա նաեւ նկատեց, որ այսօր ունենք 43 գրանցված մասնավոր դպրոց, որոնցից 38-ը ներկա է եղել համաժողովին, ընդ որում`16-ն ասոցիացիայի անդամ դպրոցներն էին:
Մեզ հետ զրույցում անդրադառնալով «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություններին՝ նա նկատեց, որ մասնավոր սեկտորն օրենքի կարգավորումների ժամանակ շատ դեպքերում անտեսվում է ու հաճախ` ոչ դիտավորյալ, այլ պարզապես հաշվի չեն առնում։ «Մինչդեռ ոչ պետական հաստատություններն ունեն իրենց գործունեության, կառուցվածքային առանձնահատկությունները, ավելին` ծրագրերն էլ բավականին տարբերվում են: Ու երբ կարգավորումներն արվում են, պարզ երեւում է, որ դրանցից շատերի կիրարկումը մասնավոր դպրոցներում խնդրահարույց կարող է դառնալ, ու շատ դեպքերում, երբ արդեն լինում է գործող կարգը, մենք ստիպված ենք լինում մեր գործունեությունը հարմարեցնել դրանց: Ի դեպ, մասնավոր դպրոցների առանձնահատկության մասին հենց փոխնախարարն էլ նշեց՝ նկատելով, որ տարբեր կարգեր մշակելիս պետք է այդ հանգամանքը հաշվի առնել»,- ասում է Խախամյանն ու նկատում, որ միաժամանակ կարգեր կան, որոնք խնդրահարույց են մասնավորների համար, օրինակ՝ դպրոցներում գործող խմբակների կամ երկարօրյա ուսուցման կարգերը, որոնք մշակվել են, առանց հաշվի առնելու մասնավոր հաստատությունների առանձնահատկությունները, բայց քննարկումների ժամանակ որոշակի պարզաբանումներ են արվել։ «Ու որպեսզի այնպես չստացվի, որ կարգը դուրս գա, նոր մենք կարծիք հայտնենք, մենք առաջարկություն արեցինք, ինչին համակարծիք էր նաեւ Ա. Սվաջյանը, որ լավ կլինի մինչեւ կարգի՝ օրենքի ուժ ստանալը մենք մեր առաջարկություններն անենք»,- ասում է զրուցակիցս:
Մ. Խախամյանն ընդգծում է, որ իրենք` ոչ պետական դպրոցները, մի քանի ուղղությամբ պետք է կարողանան պետության ու համապատասխան գերատեսչությունների հետ աշխատել, մասնավորապես՝ օրենսդրական փոփոխությունների, նորմատիվային ակտերի ձեւավորման, կրթության որակի բարելավման շրջանակներում, որպեսզի չանտեսվեն իրենց ներկայությունն ու փորձը. «Բացի այդ, արդեն կա երկկողմանի ցանկություն, որպեսզի մեր կրթական հաստատությունները հանդես գան որպես «փորձարարական լաբորատորիաներ»` թե՛ նախարարության, թե՛ տարբեր կրթական ծրագրերի համար: Այսինքն՝ տարիների այն փորձը, որ կուտակված է մասնավոր դպրոցներում, պետք է օգտագործել նոր ծրագրեր մշակելիս եւ այդ փորձը փոխառել պետական դպրոցներում: Միաժամանակ, մենք պատրաստակամ ենք՝ որպես հարթակ հանդիսանալ պետական եւ ոչ պետական դպրոցների միջեւ: Իմ խոսքում ես թիրախավորեցի գերագույն շահը, այն է` երեխայի շահը: Այս պարագայում համագործակցությունը միակ ձեւաչափն է, որ հնարավոր է արդյունավետ աշխատի: Վերահսկողություն, նորմատիվներ, ատեստավորումներ… դրանք՝ բոլորը, հասկանալի են, բայց սրանք միայն գործիքներ են, որ պետք են կանոնակարգման համար եւ երբեք չեն կարող լինել մոտիվացիոն կամ խթանող արժեք կրթության զարգացման համար»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը համաժողովի ժամանակ խոսել է մասնավոր դպրոցների ուսուցիչների պարտադիր վերապատրաստման եւ ատեստավորման մասին՝ ընդգծելով, որ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ՝ գործընթացն իրականացնելու համար մասնավոր դպրոցները պետք է ներկայացնեն վերապատրաստման եւ ատեստավորման ծրագրեր, որոնք փորձաքննվելուց հետո կարող են երաշխավորվել:
Այս առնչությամբ Մ. Խախամյանը նկատում է. «Անկեղծ ասած, մենք այդ օրը հենց իրենից լսեցինք դրա մասին, որ այդ փոփոխությունը որպես նախագիծ ներկայացվել է, բայց հիմքում ընկած են այն խոսակցությունները, որ մենք տարիներ շարունակ ունեցել ենք, եւ վերջին անգամ էլ նախարարությանն ասացինք, որ պարտադիր ատեստավորումը մասնավոր դպրոցների ուսուցիչների համար չպետք է լինի պարտադիր, իսկ եթե պարտադիր է, ապա ուսուցիչը պետք է հավասարաչափ ֆինանսավորվի պետության կողմից, անկախ նրանից՝ ինքը որ դպրոցում է աշխատում։ Դա որոշակի սոցիալական ծախս պետք է դիտարկվի այդ ուսուցչի համար: Հիմա այստեղ խոսքն ավելի շատ այն մասին է, որ այդ վերապատրաստումները, պարտադիր ատեստավորումը չպարտադրվեն մասնավոր դպրոցներին անցնել այն կրթական կենտրոններում, որոնք երաշխավորվում են նախարարության կողմից, այլ հենց նույն մասնավոր դպրոցներից շատերին կամ մասնավոր դպրոցների ասոցիացիային տալ այդ իրավասությունը: Համապատասխան երաշխավորություն ստանալուց հետո հենց իրենք կվերապատրաստեն ու կատեստավորեն մասնավոր դպրոցի ուսուցիչներին: Սա լավ գաղափար է, բայց շատ հարցեր կան, որ պետք է քննարկվեն, օրինակ` ինչպես կազմակերպել, կամ ով պետք է այդ պատասխանատվությունը ստանձնի»:
Զրուցակիցս օրինակ է բերում «Այբ» կենտրոնը, որը ԿԳՄՍՆ կողմից երաշխավորվել է, որպեսզի կազմակերպի տնօրենների վերապատրաստման գործընթացը, որը եւս շատ լուրջ եւ բարդ գործընթաց է:
Նա կարեւորում է նաեւ Հակոբ Արշակյանի խոսքը համաժողովի ընթացքում, որն ընդհանրապես գլոբալ փոփոխություն է առաջարկել այս ոլորտում տարվող քաղաքականության մեջ: Ի դեպ, դրա մասին Արշակյանը գրել էր նաեւ իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես նշելով. «Կարեւորել եմ հանրակրթության ոլորտում ոչ պետական հանրակրթական հաստատությունների գործունեությունը, խոսել մասնավոր դպրոցների եւ պետության համագործակցության, միմյանց նկատմամբ պատասխանատվության մեխանիզմների մասին։ Անդրադարձել եմ նաեւ թե՛ կրթության, թե՛ բովանդակության եւ թե՛ ֆինանսական տեսանկյունից մասնավոր ու պետական դպրոցների բաց ու թափանցիկ աշխատանքի կարեւորությանը»։
Պանելային քննարկման 2-րդ մասը տեղի է ունեցել «Կրթության նպատակները արդի մարտահրավերների համատեքստում» խորագրի ներքո, որի շրջանակներում որպես բանախոսներ հանդես են եկել «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի անդամ Դիլիջանի կենտրոնական դպրոցի գործադիր տնօրեն Արամ Մեհրաբյանը, «Արեգնազան» կրթահամալիրի համահիմնադիր եւ ուսուցիչ Արա Աթայանը, «Հայ ասպետ» դպրոցի տնօրեն Կարին Տոնոյանը, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Շամամ Գեւորգյանը: