Օրվա ուշագրավ լուրերից էր այն, որ ԱՄՆ Գլենդել քաղաքի խորհրդի անդամ Զարեհ Սինանյանն ուրբաթ օրն իր զբաղեցրած պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել։ Լրատվական կայքերը գրում են, որ Զարեհ Սինանյանը հաստատել է, որ աշխատանքի է անցնելու ՀՀ կառավարությունում եւ բարձրաստիճան պաշտոն է զբաղեցնելու։
Գրվում է նաեւ այն մասին, որ Սինանյանը կարող է նշանակվել կառավարությունում սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի նորաստեղծ պաշտոնում։ ԱՄՆ-ում երկար տարիներ ապրող Human Rights Defense իրավապաշտպան կազմակերպության նախագահ Կարո Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում Զարեհ Սինանյանի՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում նշանակմանը, եւ ի՞նչ կարող է նա փոխել այդ պաշտոնում նշանակվելուց հետո Հայաստան-սփյուռք հարաբերություններում։
«Վարչապետի որոշմանը նորմալ եմ վերաբերում, դա իր իրավասությունն է։ Ինչ կարող է փոխել՝ ոչինչ չեմ կարող ասել։ Կարծում եմ, այդ առթիվ նա կներկայացնի իր ծրագիրը»,- արձագանքեց Կարո Կարապետյանը։ Հայտնի է, որ Զարեհ Սինանյանը 2014-2015թթ․, 2018-2019թթ․ զբաղեցրել է Գլենդելի քաղաքապետի պաշտոնը։