Հասարակություն

«Հրապարակ». Փողս տեսնեմ ու նոր մեռնեմ․ «Թունելմետրոշինի» նախկին աշխատողները հերթով հեռանում են կյանքից

«Հրապարակ». Փողս տեսնեմ ու նոր մեռնեմ․ «Թունելմետրոշինի» նախկին աշխատողները հերթով հեռանում են կյանքից

«Փողս տեսնեմ ու նոր մեռնեմ»՝ այսպիսի արտառոց երազանք ունեն նախկին «Թունելմետրոշին» ընկերության, այժմ՝ «Արթուն» ԲԲԸ աշխատակիցները։ Խոսքը միլիոնների մասին է, որոնք տարիներով կուտակվել են որպես աշխատավարձի պարտք։ Ընկերությունը նախկինում մետրոյի կայարաններ է կառուցել, որոնցից վերջինն Աջափնյակի կիսակառույց տեղամասն է եղել։ Ընդամենը 1,7 կիլոմետր թունել փորելուց հետո աշխատանքը, իրենցից անկախ պատճառներով, կանգ է առել, իսկ 2016 թվականին ընկերությունը սնանկ է ճանաչվել՝ թողնելով աշխատավարձի եւ աշխատողների առողջությանը պատճառված վնասի գծով ահռելի՝ 3, 4, 5, 6 մլն դրամների պարտք։ Այնպես չէ, որ մետրո կառուցողները «թվեր» են աշխատում։ Կան մարդիկ, որոնց աշխատավարձը 40-50 հազար դրամ է կազմել, սակայն տարիներ շարունակ կուտակվելով՝ դարձել է աստղաբաշխական գումար։ 

Մինչեւ 2016-ը մի քանի աշխատակիցներով դիմել են դատարան, որպեսզի կազմակերպությունը՝ տնօրեն Հմայակ Հարությունյան, վճարի իրենց աշխատավարձերը եւ աշխատանքի ընթացքում առողջությանը պատճառված վնասի փոխհատուցում տա։ ԴԱՀԿ աշխատակիցների պարտադրանքից հետո որոշակի գումար վճարվել է։ Սակայն սնանկության գործընթացը սկսվելուն պես վճարումները դադարեցվել են։ 

2018 թվականին առողջացման ծրագիր է ընդունվել, որի համար ամբողջ կոլեկտիվը համաձայնություն է տվել՝ հույսով, որ գոնե աշխատավարձ կստանան, սակայն ծրագիրն այդպես էլ չի իրականացվել։ Ի վերջո, անցալ տարի՝ սնանկ ճանաչվելուց 8 տարի անց, գտնվել է գնորդ։ «2023թ. վերջերին տեղեկացել ենք, որ մեր տնօրենը բազայի տարածքի անշարժ գույքը գնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացրել։ Առաջարկը քննարկվել է դեռեւս 2020-ից ձեւավորված խորհրդի նիստում։ Նիստի քննարկումները ներկայացվել են դատարան, կայացվել է որոշում` վաճառքը թույլատրելու մասին։ Առքուվաճառքի գործարքը կնքվել է, իսկ վաճառքի գումարը փոխանցվել է սնանկության հաշվեհամարին»,- ՀՀ վարչապետին ուղղված կոլեկտիվ բողոքում գրել են աշխատողները։  

Սակայն հետագայում տնօրենը որոշել է, որ գնահատումը սխալ է եղել, որ գույքն էժան է վաճառվում, եւ առքուվաճառքի պայմանագիրը բողոքարկել է դատարանում։ Նա նաեւ տարբեր դատարաններում այլ վեճեր ունի, որոնց մի մասով արդեն օրինական ուժի մեջ մտած որոշումներ կան, բայց քանի որ դեռ առքուվաճառքի պայմանագրի վերաբերյալ դատական գործընթաց կա, վաճառքից ստացված գումարները տնօրինել հնարավոր չէ։ 
Այսպես. նախկին «Թունելմետրոշինի» նախկին աշխատողները, նոր ժամանակներում դռնեդուռ ընկած, իրենց աշխատավարձն են խնդրում։ Տնօրենի մոտ են գնում, նա ասում է՝ ձեր փողերը սնանկության կառավարչից ուզեք, կառավարիչն էլ, թե` ես չեմ կարող տալ, որովհետեւ ձեր տնօրենը  բողոք է ուղարկել դատարան, բա որ դատարանը հակառակը որոշի, ես հո իմ գրպանից չե՞մ տալու ձեր փողը։ 

Ստացվում է փակ շրջան, կարուսել, ու մինչ մարդիկ պտտվում են այս կարուսելով, նրանց մի մասը հեռանում է կյանքից։ Այս ժամանակահատվածում մահացել են ընկերության կադրերի բաժնի պետ Հայկազ Ցուգունյանը, գանձապահ Ժենյա Մահտեսյանը։

58 տարեկան Արմեն Գրիգորյանը Հարությունյանի մոտ անվտանգության գծով ինժեներ է աշխատել։ «Երեք ամիս աշխատել եմ, 2,5 ամիսը չվարձատրեց, եղավ արդեն 2,5 տարի, դեռ չեմ ստացել փողերս։ Ինձ կոնկրետ պատճառաբանել է, թե չի կարող փող տալ, երբ որ փոխանցումներ լինեն, էդ ժամանակ էլ կտանք՝ ակնարկելով, որ մոռանամ էդ մասին։ Ժողովրդական տարբերակով ասում է, որ հացի փող չունի, 50 հազար դրամով է ապրում, էնպիսի բաներ է պատմում, որ քոռ ու փոշման դուրս ես գալիս մոտից»,- գանգատվում է նախկին ինժեները։ 
«Ես 77-ի մեջ եմ արդեն, 2018 թվականից փորձում եմ ստանալ իմ գումարները։ Աշխատողների 30-40 տոկոսն ինվալիդներ են, 4-5 հոգի մահացել են, բոլորը 70-ից բարձր տարիքի են։ Հիվանդ՝ սպասում ենք, որ գոնե երկու կոպեկ ստանանք, որ գնանք բուժումների, իսկ Հմայակ Հարությունյանը, իհարկե, մեր համեմատ ավելի լավ է ապրում։ Տարածք ունի, որը վարձով է տալիս, ինչ ցանկացել է, վաճառել է, մի քանիսին մի երկու կոպեկ փող է տվել, ու վերջ։ Տնօրենն ասում է, որ էժան է տվել իր տարածքը, հիմա դատարան է դիմել՝ կառավարչի դեմ, նաեւ՝ դատախազություն, երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ, մեզ էլ էսպես տանում-բերում են»,- ասում է ընկերության նախկին աշխատակիցներից Վլադիմիր Բաղդագուլյանը։ «Թունելմետրոշին» ընկերության, այժմ՝ «Արթուն» ԲԲԸ-ի գործով սնանկության դատավորը Լիլիթ Կատվալյանն է։

Մեզ չհաջողվեց կապ հաստատել տնօրեն Հմայակ Հարությունյանի հետ․ նա մեր զանգերին չպատասխանեց։ Կսպասենք նրա արձագանքին։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image