ԱԺ-ում Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավոր ընտրվելուց, նրա՝ ՍԴ նախագահ դառնալու մասին հայտարարությունից հետո հնչում են կարծիքներ, որ ՍԴ-ն հետագայում գործող իշխանությունների համար կարող է դառնալ նույնքան վերահսկելի, որքան վերահսկելի էր նախկին իշխանությունների օրոք, երբ ՍԴ նախագահն էր Գագիկ Հարությունյանը կամ առ այսօր պաշտոնավարող Հրայր Թովմասյանը։
1990-95թթ․ Գերագույն խորհրդի եւ ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը կարծում է, որ դատական համակարգում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, եւ դա ակնհայտ է։
«Ես չեմ կարծում, որ դատական համակարգը կհայտնվի նոր իշխանությունների ձեռքում։ Կարծում եմ, որ նոր իշխանությունները ամեն ինչ անում են, որ դատական անկախ համակարգը կայանա, եւ Սահմանադրական դատարանի արմատական փոփոխությունն էլ այդ ծրագրի բաղկացուցիչ մաս է կազմում։ Կարծում եմ, որ կարվեն անհրաժեշտ քայլեր»,- ասաց Վիգեն Խաչատրյանը, որը նորմալ է համարում հնի դիմադրությունը։
«Ինչքան հինը շուտ գիտակցի, որ ինքը ժամանակավրեպ է եւ ասպարեզից դուրս գա, այնքան՝ լավ»,- ասաց Վիգեն Խաչատրյանը։
Հետաքրքրվեցինք, թե չե՞ն ուշանում արդյոք բարեփոխումները հասարակական կյանքի մյուս ոլորտներում՝ կրթական, մշակութային։
«Անհրաժեշտ դրսեւորումներ դեռ չկան, բայց ակնհայտ փոփոխություններ տեղի են ունենում, եւ կարծում եմ, որ լուրջ արդյունքներ կունենանք։ Կարծրատիպերը կան, դեռ երկար կմնան, բայց փոփոխություններն էլ են ակնհայտ»,- կարծում է ԱԺ նախկին պատգամավորը։