Քաղաքականություն

Մամուլի ասուլիսի փոխարեն՝ տարբեր ձեւաչափերով հանդիպումներ եւ զրույցներ

Մամուլի ասուլիսի փոխարեն՝ տարբեր ձեւաչափերով հանդիպումներ եւ զրույցներ

Մենք անդրադարձել էինք ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնավարման տարեդարձին, նշել, որ, չնայած նա այս ընթացքում հարցազրույցներ է տվել տեղական եւ միջազգային տարբեր լրատվամիջոցների, սակայն այդպես էլ չի հրավիրել մամուլի ասուլիս։ 

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձեցինք տեղեկանալ, թե իր պաշտոնավարման տարեդարձի առթիվ շնորհավորական ինչ ուղերձներ է ստացել Արմեն Սարգսյանը, որ երկրների որ պաշտոնյաներն են շնորհավորել նրան։
«Միջազգային պրակտիկայում սովորաբար պետությունների ղեկավարները շնորհավորական ուղերձներ ստանում են պաշտոնը ստանձնելու առթիվ»,- արձագանքել են ՀՀ նախագահի աշխատակազմից: 

Ինչ վերաբերում է մեր երկրորդ հարցին, թե պատրաստվո՞ւմ է, արդյոք, ՀՀ նախագահը իր պաշտոնավարման տարեդարձի առթիվ հրավիրել մամուլի ասուլիս, մեզ պատասխանել են․ «  Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը  հարգում և գնահատում է զանգվածային լրատվության միջոցների դերը: Կարևորելով համատեղ աշխատանքը՝ նախագահ Սարգսյանը մշտապես բաց է լրատվամիջոցների համար:

Առաջիկայում եւս Հանրապետության նախագահը տարբեր ձեւաչափերով հանդիպումներ ու զրույցներ կունենա ԶԼՄ ներկայացուցիչների հետ, որոնց կազմակերպման վերաբերյալ լրատվամիջոցները նախապես կտեղեկացվեն»:

Տարբեր ձեւաչափերով հանդիպումներ եւ զրույցներ, ինչ խոսք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ունենում է ԶԼՄ-ների հետ, հարցազրույցներ է տալիս նաեւ հեռուստաընկերությունների։ Սակայն այլ բան է մամուլի ասուլիս հրավիրելը, որի ժամանակ կարող են հնչել սպասվածից ու նախատեսվածից տարբերվող եւ երկրի ղեկավարին ոչ ցանկալի հարցեր։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image