Մենք քանիցս նշել ենք, որ անցյալ տարվա թավշյա հեղափոխությունից հետո անհասկանալի եւ բարդ վիճակում են հայտնվել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարած քաղաքական գործիչները, որոնք տեղ չգտան նաեւ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության կաբինետում։
Նախկին քաղբանտարկյալ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը 2018թ․ դեկտեմբերի 9-ին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում էր «Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակով։ «Սասնա ծռերը» դուրս մնացին ԱԺ-ից։
Պետրոս Մակեյանից հետաքրքրվեցինք, թե քաղաքական դաշտում այսուհետ ինչպես է պատկերացնում իր գործունեությունը։
«Շատ բարդ հարց եք տալիս։ Երբ 2009թ․ ես դուրս եկա բանտից, փորձում էի պայքարի առաջին գծում մնալով՝ հանձնել կուսակցությունը։ Անցել է մոտ տասը տարի։ Կարծում եմ, որ մենք առաջիկայում պետք է համախմբենք համակիր ուժերին, որովհետեւ անցել է թվանկարչության դարաշրջանը, եւ պետք է փորձել միավորվել՝ ներգրավվելով նաեւ ոչ կարիերիստ երիտասարդներին»,- մեզ հետ զրույցում նշեց Պետրոս Մակեյանը։
Պետրոս Մակեյանն անդրադարձավ նաեւ «Մարտի 1-ի» գործով կալանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությանը։
«Ես մի սկզբունք ունեմ՝ խուսափում եմ կարծիք հայտնել թեկուզ բացասական կենսագրություն ունեցող, բայց նեղության մեջ գտնվող մարդկանց մասին։ Սակայն Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն իր մեջ վտանգավոր ազդակ է պարունակում։ Նա մտածում է, թե մեր ժողովուրդը հիշողություն չունի, մոռացել է ահաբեկումների, հարյուրավոր քաղբանտարկյալների մասին։ 2008թ․ ինձ դատող դատավորն ասաց, որ եթե իրեն իրեն չդատեն, ապա իրենց ընտանիքը վտանգված է։ Հիմա ինքը խոսում է դատարանների, արդարադատության մասին, իրեն համարում է քաղբանտարկյալ։ Իսկ դրանով ինքն ուզում է ուղերձ հղել իր «համակիրներին», որ համբերեն, այս ամենը կարճ է տեւելու։ Դա նշանակում է տեռոր, իրենք Բաղրամյան պողոտայում «Կոլցո» օպերացիա են արել, Մարտի 1 են արել, Հոկտեմբերի 27 են արել, «Սարի թաղ» են արել։ Եվ հիմա իր վերջին հայտարարությունից հերթական ահաբեկչության հոտն է գալիս»,- ասաց մեր զրուցակիցը։