Հանրապետության երկրորդ քաղաքը փառատոններից աչք չի բացում: Ընդամենն օրեր առաջ Վարդավառի փառատոնն էր, իսկ հուլիսի 20-ին սպասվում է, ինչպես կազմաերպիչներն են ասում, նմանը չունեցող՝ «Պանրխաշի փառատոն» : Նախաձեռնությունը Գյումրու համայնքապետարանինն է : Ինչու ոչ թե թանի, մածունի կամ մեկ այլ բանի փառատոն, այլ հենց պանրխաշի : «Պանրախաշը յուրահատուկ նշանակություն ունի: Այս կերակրատեսակը առավել բնորոշ է Շիրակի մարզի բնակչությանը և մինչ օրս պատրաստվում է հայ ընտանիքներում, շատ ռեստորաններ ևս իրենց ճաշացանկերում ներառում են այս կերակրատեսակը: Հաշվի առնելով կերակրատեսակի արդիականությունը և յուրօրինակությունը, այն կարող ենք ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկի մեջ»,-պարզաբանում է համայնքապետարանը:
Փառատոնին մասնակցել կարող են Գյումրիում սննդի ծառայություն մատուցող կազմակերպությունները: Այդ առիթով մինչև հուլիսի 12-ը քաղաքապետարանը կազմակերպություններից հայտեր է ընդունում :
Այն, որ միջոցառումները համայնքապետարանն է կազմակերպում, բնականաբար, բյուջեից որոշակի գումար հատկացվում է, բայց թե որքան, անգամ ավագանին տեղյակ չէ:
««Պանրխաշի փառատոն»-ի մասին ես իմացել եմ սոցիալական ցանցերից: Հարցը ավագանու նիստին չի քննարկվել, եւ դա երևի քաղաքի ներքին խնդիրն է, ներքին գործն է, եւ ավագանին նմանատիպ հարցերի քննարկմամբ չի զբաղվել , իսկապես որևէ այլ ինֆորմացիա չունեմ, թե ինչ փառատոն է: Կարծում եմ՝ երկիրն էլ հիմա այնպիսի ծանրագույն իրավիճակում է, որ այլ մեկնաբանություն չեմ ուզում անել »,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Գյումրի համայնքի ՀՀԿ ավագանու խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը:
Նշենք, որ օրեր անց էլ «Պանրխաշի փառատոն»-ին հաջորդելու են «Ֆեստիվառ» փառատոնը, «Գյումրու օր» ամենամյա տոնակատարությունը:
Հատկանշական է Գյումրի համայնքի աղքատիկ բյուջեով հաճախակի նման միջոցառումներ կազմակերպելը : Ի դեպ, քաղաքի 2024 թվականի բյուջեն կազմում է 5 մլդ 767,7 մլն դրամ։
Ուշագրավ է նաև, որ ըստ «Գյումրու առաջընթաց» հասարակական կազմակերպության իրականացրած 2023 թվականի բյուջեի ու տարեկան աշխատանքային պլանի մշտադիտարկման արդյունքի՝ արձանագրվել է, որ Գյումրիի քաղաքապետարանը գերակատարել է մշակութային միջոցառումների ծախսերը։