Հասարակություն

Գյումրին՝ աղքատիկ բյուջեով, փառատոններից աչք չի բացում

Գյումրին՝  աղքատիկ բյուջեով,  փառատոններից աչք չի բացում

Հանրապետության երկրորդ քաղաքը փառատոններից աչք չի բացում: Ընդամենն օրեր առաջ Վարդավառի փառատոնն էր, իսկ հուլիսի 20-ին սպասվում է, ինչպես կազմաերպիչներն են ասում, նմանը չունեցող՝  «Պանրխաշի փառատոն» :  Նախաձեռնությունը Գյումրու համայնքապետարանինն  է : Ինչու ոչ թե թանի, մածունի կամ  մեկ այլ բանի փառատոն, այլ հենց պանրխաշի  : «Պանրախաշը յուրահատուկ նշանակություն ունի: Այս կերակրատեսակը առավել բնորոշ է Շիրակի մարզի բնակչությանը և մինչ օրս պատրաստվում է հայ ընտանիքներում, շատ ռեստորաններ ևս իրենց ճաշացանկերում ներառում են այս կերակրատեսակը: Հաշվի առնելով կերակրատեսակի արդիականությունը և յուրօրինակությունը, այն կարող ենք ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկի մեջ»,-պարզաբանում է համայնքապետարանը: 

Փառատոնին մասնակցել կարող են Գյումրիում սննդի ծառայություն մատուցող կազմակերպությունները: Այդ առիթով մինչև հուլիսի 12-ը քաղաքապետարանը կազմակերպություններից հայտեր է ընդունում :

Այն, որ միջոցառումները համայնքապետարանն է կազմակերպում, բնականաբար, բյուջեից որոշակի գումար հատկացվում է, բայց թե որքան, անգամ ավագանին տեղյակ չէ:
 
 ««Պանրխաշի փառատոն»-ի մասին ես իմացել եմ սոցիալական ցանցերից: Հարցը ավագանու նիստին չի քննարկվել,  եւ դա երևի քաղաքի ներքին խնդիրն է, ներքին գործն է, եւ ավագանին նմանատիպ հարցերի քննարկմամբ չի զբաղվել , իսկապես որևէ այլ ինֆորմացիա չունեմ, թե ինչ փառատոն է: Կարծում եմ՝ երկիրն էլ հիմա այնպիսի  ծանրագույն իրավիճակում է, որ այլ մեկնաբանություն չեմ ուզում անել »,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Գյումրի համայնքի ՀՀԿ ավագանու խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը:

Նշենք, որ օրեր անց  էլ «Պանրխաշի փառատոն»-ին  հաջորդելու են «Ֆեստիվառ» փառատոնը, «Գյումրու օր» ամենամյա տոնակատարությունը:

Հատկանշական է Գյումրի համայնքի աղքատիկ բյուջեով  հաճախակի նման միջոցառումներ  կազմակերպելը : Ի դեպ, քաղաքի 2024 թվականի բյուջեն կազմում է 5 մլդ 767,7 մլն դրամ։

Ուշագրավ է նաև, որ ըստ «Գյումրու առաջընթաց» հասարակական կազմակերպության իրականացրած 2023 թվականի բյուջեի ու տարեկան աշխատանքային պլանի մշտադիտարկման արդյունքի՝ արձանագրվել է, որ Գյումրիի քաղաքապետարանը գերակատարել է մշակութային միջոցառումների ծախսերը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image