Մշակույթ

Մենք մշակութային գործիչներ ենք եւ օրինախախտ ոչ մի գործողություն չենք անելու

Մենք մշակութային գործիչներ ենք եւ օրինախախտ ոչ մի գործողություն չենք անելու

Ամիսներ առաջ իշխանությունը, ի դեմս Գլխավոր դատախազության, որոշեց պետականացնել գրողների եւ նկարիչների միությունների շենքերը, որպես հիմնավորում՝ հղում անելով «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990-ի սեպտեմբերի 10-ի օրենքի առաջին կետին, որը սահմանել է, որ ՀՀ տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների եւ կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Մինչդեռ երկու միությունն էլ ստեղծման օրվանից չեն եղել պետական կառույցներ, այլ հասարակական կազմակերպություններ են։

Չնայած դիմադրության ալիքին, իշխանությունն այս ընթացքում հասցրել է համապատասխան օրենսդրական կարգավորումներ մշակել՝ հասարակական կառույցներ հանդիսացող բոլոր կազմակերպությունների, միավորումների գույքը պետականացնելու եւ սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու համար: Իսկ սա արդեն վերաբերում է ոչ միայն գրողներին ու նկարիչներին, այլեւ բոլոր միություններին ու ՀԿ-ներին:

Մասնավորապես, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը եւ Վլադիմիր Վարդանյանը հեղինակել են նախագիծ, որով փոփոխություն է առաջարկվում Քաղաքացիական օրենսգրքում։ Փաստաթղթով փորձ է արվում կանխել, ինչպես հեղինակներն են նշում, «արատավոր մի երեւույթ եւ պաշտպանել պետությանը պատկանող գույքի վաճառքը»։ Վերոնշյալ նախագիծը խորհրդարանն ընդունել է առաջին ընթերցմամբ եւ դրանով փաստի առաջ կանգնեցրել ստեղծագործական միություններին։

Նախօրեին ԱԺ-ում ստեղծագործական միությունների, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող ՀԿ-ների ղեկավարները հանդիպում են ունեցել օրինագծի հեղինակ պատգամավորների հետ եւ քննարկել օրինագծին ու դրան առնչվող մի շարք հարցեր։

Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն ասում է՝ իրենք հրավիրված էին օրինագծի վրա աշխատելու եւ այն քննարկելու համար․ «Սակայն մենք ունեինք ուրիշ հարցադրումներ, որովհետեւ հիմա մեր գույքերի մասով ընթանում են տարբեր դատական գործընթացներ, եւ Աբովյան 16 հասցեում գտնվող մեր շենքի մասով դատավարական նիստն ընթանում է գրավոր ընթացակարգով, իսկ հոկտեմբերի 30-ին արդեն լինելու է վճիռը, եւ այդ օրը մենք կարող ենք պարզապես զրկվել մեր սեփականությունից։ Ըստ այդմ՝ ես ասացի, որ այս պահին այդ օրինագիծը քննարկելու հրատապությունը ես չեմ տեսնում։ Ու եթե մենք կանգնած ենք այդ վտանգի առջեւ, ապա այդ օրինագիծն այս պահին մեզ չի վերաբերում, թող գան այն շահագրգիռ կողմերը, որոնք ունեն սեփականություն, եւ իրենց համար պետք է գրվի այդ ամենը։ Քննարկմանը նշվեց նաեւ, որ երբ դատական պրոցեսները կարճվեն կամ կասեցվեն, այդ ժամանակ նոր մենք կարող ենք նստել սեղանի շուրջ եւ հանգիստ միջավայրում քննարկել օրենքի տարբեր նախագծեր»։

Թե ինչպես է ընդունվել օրինագծի քննարկումները հետաձգելու եւ դատական պրոցեսները կասեցնելու առաջարկը, Ս․ Սաֆարյանն ասում է․ «Պատճառաբանությունն այն էր, որ դատական համակարգն անկախ է, եւ այս պահին դա հնարավոր չէ անել ․․․ Շատ տարբեր հարցեր նույնպես քննարկվել են, բայց գլխավոր հարցն այս բոլոր դատավարական գործընթացներն են, որոնք խոչընդոտում են մյուս բոլոր գործողություններն իրականացնելուն։ Մենք արդեն ունեցել ենք դատական նիստ՝ Ծաղկաձորի մեր ստեղծագործական տան մասով, առաջին նիստը եղել է, եւ հիմա հաջորդ նիստի մասին մեզ պետք է տեղեկացնեն, թե երբ է լինելու»։ Միության նախագահը նկատում է, որ դատարանը Ծաղկաձորի ստեղծագործական տան հետ կապված գործը գրավոր չի քննում, եւ իրենք մասնակցել են նիստին, ինչը չես ասի Աբովյան 16-ի առնչությամբ, որի ճակատագիրը որոշվում է փակ դռների հետեւում։ Դեկտեմբերի 20-ին էլ նախատեսված է Նկարիչների միության Շորժայի ստեղծագործական տան առնչությամբ առաջին դատական նիստը։
«Մենք այդ հանդիպմանն առաջին հերթին հնչեցրել ենք մեզ մտահոգող հարցերը, տեսնենք, թե առաջիկայում ինչ զարգացումներ կլինեն, այդ օրը, ամեն դեպքում, որոշումներ չեն կայացվել։ Նաեւ հնչում էր այն միտքը, որ նախորդ նախագահների օրոք գույքեր եք վաճառել կամ կորցրել․․․։ 2018թ․ ընտրությունների արդյունքում, երբ ես ընտրվեցի նախագահ, այդ համագումարի ընթացքում հնչեցվել են կանոնադրական կետեր, հետագայում նույնպես փոփոխություններ են արվել, որ շատ-շատ դժվարանա գույք վաճառելու ընթացակարգը։ Հիմա արդեն մենք՝ միության 1300 անդամներս, կարող ենք զրկվել մեր գույքից, որովհետեւ այդ տրամաբանությամբ պատճառաբանել, որ նախկինում վաճառել են, ու դրա համար հիմա այս պրոցեսներն են գնում, ինձ համար անընդունելի է»,- նշում է զրուցակիցս։

Ս․ Սաֆարյանը միաժամանակ ընդգծում է՝ իրենք պատրաստ են հանդիպումների, քննարկումների, որպեսզի օր առաջ լուծվի այս հարցը, եւ թե՛ Հայաստանի Հանրապետությունը չտուժի, թե՛ Հայաստանի նկարիչների միությունը․ «Բայց օրերն անցնում են, դատավարությունները գնում են, եւ շատ դժվարին խնդրի առաջ ենք կանգնած բոլորս»։

Հիշեցնենք, որ օրերս բոլոր ստեղծագործական միություններն ու հասարակական կազմակերպությունները նամակ էին ուղարկել վարչապետին՝ հանդիպման ակնկալիքով, սակայն, ինչպես նկատեց Սաֆարյանը, դեռ ոչ մի պատասխան չկա։ Հատկանշական է, որ Նկարիչների միության անդամները կողմ են կտրուկ գործողությունների, որի օգտին էլ արտահայտվեցին հենց միությունում հրավիրված հավաքի ժամանակ։ Ի՞նչ է կարծում, գուցե դրանք ավելի մեծ արդյունք տան, քան տարատեսակ հանդիպում- քննարկումնե՞րը, որոնք ոչ մի լուծում չեն առաջարկում։ «Մենք կողմ ենք այն ձեւաչափին, որով հիմա առաջնորդվում ենք։ Այո, մենք պետք է կարողանանք մեր ձայնը լսելի դարձնել եւ օր առաջ լուծել այս խնդիրները»։

Այդուհանդերձ, եթե վարչապետը չարձագանքի, ի՞նչ են անելու, հնարավո՞ր է այլ քայլերի գնան՝ անհնազանդության տարբեր դրսեւորումներով։ «Մենք մշակութային գործիչներ ենք եւ օրինախախտ ոչ մի գործողություն չենք անելու, պարզապես լսելի ենք դարձնելու մեր ձայնը, իսկ որոշումները մեզ մոտ կայացնում է վարչությունը, եւ այն որոշումները, որ կկայացնի վարչությունը, դրանցով էլ կառաջնորդվենք»։ Իսկ եթե հանկարծ հոկտեմբերի 30-ին դատարանի վճիռը հօգուտ իրենց չլինի, եւ իրենց շենքը կորցնեն, չի՞ կարծում, որ դրանից հետո բողոքի ցույցեր անելն անիմաստ կլինի։ «Դե, նայած թե ինչ ձեւաչափով ենք տեսնում այդ բողոքի ցույցերը կամ ինչպես ենք հասկանում կտրուկ գործողություններ անելը․․․, շատ տարբեր ձեւաչափեր կան, որոնց միջոցով փորձելու ենք այս ամենն անել, որովհետեւ խնդիրը շատ լուրջ է եւ հրատապ»։

Ինչ վերաբերում է հակընդդեմ հայցեր ներկայացնելուն՝ կառավարության ու կոնկրետ օրինագծի հեղինակների դեմ, ինչն էլ առաջարկել էին միության անդամները, ապա Ս․ Սաֆարյանն ասաց, որ չի կարող ոչինչ ասել, միայն փաստաբանները կարող են ասել, թե ինչ գործողություններ պետք է անել իրավական դաշտում, որոնցով էլ, ըստ էության, կառաջնորդվեն։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image