Հարցազրույց

«Հրապարակ». Վաղը մեր սրբազանին պետք է հետ պահենք մյուս եպիսկոպոսներից

«Հրապարակ». Վաղը մեր սրբազանին պետք է հետ պահենք մյուս եպիսկոպոսներից

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդի պահվածքը մեծ զայրույթ է առաջացրել արցախահայության եւ Արցախի թեմական խորհրդի շրջանում: Նրանք հանդես եկան հայտարարությամբ` առաջարկելով փոխել իրենց թեմի առաջնորդին, որը դավաճանել է Եկեղեցուն եւ Վեհափառին: Իսկ երեկ մի նոր հայտարարություն հայտնվեց` իբրեւ թե Արցախի թեմական խորհրդի անունից, որով դատապարտում էին նախորդ հայտարարությունը եւ մեղադրում թեմական խորհրդի անդամ Լեռնիկ Հովհաննիսյանին` Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի դեմ միանձնյա պայքարելու համար: Գրված է, որ նոյեմբերի 28-ին Վրթանես սրբազանը թեմի երեւանյան գրասենյակում խորհրդի 8 անդամներից 3-ի հետ հանդիպում է ունեցել եւ իբրեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության անդամ՝ «ներկայացրել իր պատկերացումներն ու քայլերը՝ առկա ճգնաժամի հաղթահարման, իրավիճակի առողջացման եւ Մայր Աթոռի հեղինակությունն ու առաքելությունը անսասան պահելու ուղղությամբ»։ Իսկ հաջորդ օրերին «թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը, որը նաեւ Արցախի թեմի երեւանյան գրասենյակի աշխատակից է, ակնհայտ քաղաքական նպատակներով մամուլում ոչ միայն ձեւախեղված է ներկայացրել այդ հանդիպման բովանդակությունն ու ձեւաչափը, այլ նաեւ իրեն չպատշաճող վարքով վիրավորել թեմակալ առաջնորդին, իսկ թեմի գրասենյակի՝ իր իսկ աշխատավայրի հանդեպ նախաձեռնել քարոզչական արշավ»։

Այդ հայտարարությանն էլ արձագանքեց Լեռնիկ Ալեքսանյանը՝ ասելով, որ թեմական խորհուրդը միասնական է, իրենց նախորդ հայտարարությունը գրվել է բոլոր անդամների մասնակցությամբ եւ գիտությամբ:

Մեզ ասացին, որ Վրթանես եպիսկոպոսին պաշտպանող «հայտարարությունը» հենց իր` Վրթանես եպիսկոպոսի կողմից է գրվել, եւ թեմական խորհուրդը մնում է այն կարծիքին, որ թեմի առաջնորդը խախտել է իր ուխտն ու դավաճանել արցախահայության շահերին: 

Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է թեմական խորհրդի անդամ, պատմաբան Ալեքսան Հակոբյանի հետ:

- Ի վերջո` ինչո՞ւ է Արցախի թեմի առաջնորդն անցել իշխանությունների կողմը:

- Ես այս հայտարարության տակ ստորագրողներից մեկն եմ եւ համարում եմ, որ պետք է Վեհափառին օժանդակել, այլ ոչ թե նրա հրաժարականը պահանջել:

- Ինչո՞ւ Վրթանես սրբազանը գնաց այդ քայլին: Ասում են, որ նրան շանտաժի միջոցով են դրդել այդ քայլին:

- Վաղը նախատեսված է Թեմական խորհրդի նիստ, ժամը 5-ին: Ինքն է այդ նիստը նշանակել: Կհավաքվենք եւ բացատրություններ կստանանք:

- Նա տեղյա՞կ է, թե մարդիկ ինչ աստիճանի շոկի են ենթարկվել՝ տեսնելով իրեն Փաշինյանի կողքին:

- Հասարակությունը բաժանվել է երկու մասի: Կեսը սպասում էր նման բան, մյուս կեսը` ոչ: Ես այդ չսպասողների մեջ եմ: Վաղը մեր գրասենյակում տեղի կունենա հավաքը, կտեսնենք:

- Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եկեղեցում պետք է ՀՀ դրոշը ծածանվի, ապա օրհներգը հնչի:

- Ես դրան շատ բացասական եմ վերաբերվում, շատ վատ է:

- Կհաջողվի՞ նրան հակաեկեղեցական պայքարում հաջողություններ արձանագրել:

- Մի քանի եպիսկոպոս է միացել նրան: Եթե հաջողություն ունենանք, վաղը մեր սրբազանին պետք է հետ պահենք մյուս եպիսկոպոսներից: Տեսնենք, էլի:

- Բայց եթե անձնական հարցեր կան, կգա՞ դարձի:

- Մենք շատ հարգանքով ենք նրան վերաբերվում, անհասկանալի է, թե ինչու է այդ քայլին դիմել: Պետք է աշխատենք, հասկանանք: Կլինի քննարկում, ամեն դեպքում, սրբազանին պետք է հարգանքով վերաբերվել ու, առհասարակ, բոլոր հոգեւորականներին:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image