Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը անդրադարձել է Եվրո-2026-ի խմբային փուլի մեկնարկային խաղում Ուկրաինայի նկատմամբ գրանցված հաղթանակին։
Մարզչի խոսքով՝ թիմը դեռ նախապես նպատակադրված էր միայն հաղթանակի։ Նա ընդգծել է, որ հավաքականը Եվրոպայի առաջնությանը չի եկել պարզապես մասնակցելու համար, այլ՝ հաջող մրցաշար անցկացնելու հստակ մտադրությամբ։ Թիմը լրջորեն պատրաստվել է հանդիպմանը, կատարել է մրցակցի մանրակրկիտ վերլուծություն։
Նազարեթյանը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին նվիրվածության ու կատարած աշխատանքի համար՝ շնորհավորելով բոլորին առաջնությունում առաջին հաղթանակի կապակցությամբ։ Նրա խոսքով՝ խաղացողները հստակ հասկանում են մարզչի պահանջները և հավելյալ մոտիվացիայի կարիք չունեն, քանի որ արդեն իսկ Հայաստանի հավաքականի մարզաշապիկը կրելը նրանց համար մեծ խթան է։
Գլխավոր մարզիչը նշել է, որ մինչ այս հանդիպումը թիմի ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր Ուկրաինայի դեմ խաղի վրա, իսկ այսօրվանից հավաքականը սկսում է պատրաստվել Չեխիայի հետ առաջիկա հանդիպմանը՝ նպատակ ունենալով կրկին ուրախացնել հայ ժողովրդին։