Քաղաքականություն

Եղիշե Կիրակոսյանը դժգո՞հ էր, թե՞ գնաց լավ կյանք փնտրելու

Եղիշե Կիրակոսյանը դժգո՞հ էր, թե՞ գնաց լավ կյանք փնտրելու

Կատարվեց այն, ինչի մասին ԶԼՄ-ներն ու տելեգրամյան ալիքները գրում էին անցած օգոստոսից՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը սեփական դիմումի համաձայն ազատվեց պաշտոնից։
Կիրակոսյանի հրաժարականի երկու ոչ պաշտոնական վարկած է պտտվում: Ըստ առաջինի, Կիրակոսյանը համաձայն չէ վարչապետի վարած քաղաքականության հետ՝ որ Հայաստանը պետք է հետ կանչի Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը միջազգային դատական ատյաններից, որտեղ ինքն ահռելի աշխատանք է կատարել եւ շուտով կարող էին արդյունքներ ունենալ։

Հիշեցնենք՝ հայցերից հրաժարվելու պահանջը ներառված է Ադրբեջանի կողմից ստացված խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթում. Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ, ևս մեկ գանգատ էլ ընդդեմ Ադրբեջանի քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում: Բայց մեծ թվով անհատ անձինք էլ են դիմել միջազգային դատարաններ` իրենց իրավունքների պաշտպանության համար: Երկրորդ վարկածը, ինչի մասին խոսում են իրավաբանական շրջանակներում՝ որ Կիրակոսյանն ամենևին էլ հերոս չէ, որ պաշտոնից հրաժարվելու պատճառը ոչ թե հայցերը հետ կանչելու պարտադրանքն է, այլ նոր աշխատանքը արտասահմանյան երկրներից մեկում: Ըստ այս վարկածի, նա մտադիր է հեռանալ Հայաստանից: 

Եղիշե Կիրակոսյանն ինչպես միշտ անհաղորդ է մամուլի նկատմամբ: Լսելով, որ իրեն լրագրող է զանգում, նա անմիջապես անջատում է, ասելով, որ տեղը հարմար չէ: Լռում է նաև նրա գրասենյակի խոսնակը՝ Հասմիկ Սամվելյանը: Գրասենյակն ամբողջությամբ ընդհատակ է անցել: Ըստ որոշ տվյալների, աշխատանքից ազատվել են նաև Կիրակոսյանի գրասենյակի այլ աշխատակիցներ: Կառավարությունից մի թույլբերան օրեր առաջ հերքեցին, թե` «գրասենյակը բնականոն հունով շարունակում է աշխատանքը», բայց ուրիշ հաստատումներ էլ հնչեցին, որ Եղիշեն միակ հեռացողը չէ: 

Հավանաբար, տեսնելով, որ հետաքրքրությունը մեծ է կատարվածի նկատմամբ, Կիրակոսյանը հայտարարություն տարածեց, որում իշխանությանը հետաքրքրող հատվածը, թերեւս, ՀՀ վարչապետին ուղղված շնորհակալական խոսքն էր, իսկ մեզ հետաքրքրող հատվածը հետևյալը. «Ցանկանում եմ առավել կենտրոնանալ ակադեմիական/գիտական և մասնագիտական գործունեության վրա»: Բայց չի բացառվում, որ սա ընդամենը վեճը «տնից չհանելու» համար արված ձեւական պատճառաբանություն է: 

Եղիշե Կիրակոսյանը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի իր գործունեության մեջ ակնհայտորեն կարեւորում էր Ադրբեջանի դեմ գործերով ներկայացուցչությունը եւ հրաժեշտի խոսքում հիշեցնում է, որ ինքը եղել է վարչապետի խորհրդական, մշակել է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» օրենքը, ապահովել է ՀՀ շահերի ներկայացումն` ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանում, միջազգային արբիտրաժային տրիբունալներում, օտարերկրյա ներպետական դատարաններում և հաշտարարության վարույթներում։

«2020թ. 44-օրյա պատերազմից ի վեր գրասենյակը ձեռնամուխ է եղել Մարդու իրավունքների եվրոպատական դատարանում և Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ միջպետական գանգատների ներկայացմանը, ինչպես նաև ընթացիկ միջպետական դատական և արբիտրաժային վարույթների շրջանակներում ՀՀ շահերի արդյունավետ պաշտպանությանը», - նշում է Կիրակոսյանը։ Եւ ոչ մի բառ գերիների, հայաստանյան ՄԻԵԴ գործերի մասին, որոնցով ՀՀ Կառավարությունը հաճախ խայտառակ պատասխաններ էր գրում: Գործեր կան, որոնց վերաբերյալ գրասենյակի պատճառաբանություններն ու փաստարկները չեն տարբերվում մինչև 2018 թվականը բերվող արդարացումներից: Բայց կառավարության ներկայացուցիչը նրա համար չի, որ ամեն գնով արդարացնի կառավարությանը: Նա նաև լիազորություն ունի, եթե իսկապես կա իրավունքի խախտում, հայտարարություն անելու առ այն, որ ճանաչում է այս խախտումը եւ պատրաստ է շտկել իրավիճակը: Որևէ նման դեպք Կիրակոսյանի գործունեությունից չհիշեցինք: 

Մի կողմ դնելով, սակայն, նրա իրավապաշտպան որակները, ընդունենք՝ Կիրակոսյանը Փաշինյանի կառավարության վերջին պրոֆեսիոնալներից էր, և նրա գնալով վրդովված են անգամ իշխանամերձ գործիչները: Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը իր ՖԲ էջին հայհոյել էր Նիկոլին` նրան խոսակցության հրավիրելով, բայց հետո, հավանաբար, տեսնելով, թե ինչպես է իր գրառումը տարածվում մեդիայով, հայտարարեց, թե իր էջը կոտրել են, ջնջեց գրառումը, բայց նրա գրառման տակ նիկոլական գրող Նարինե Աբգարյանն արդեն հասրել էր արձագանքել. «Եղիշե Կիրակոսյանի համա՞ր...Արսեն, ես էլ եմ կատաղած…»: 

Չի բացառվում, որ Կիրակոսյանին փոխարինի հերթական ՔՊ-ական անհայտ բաժանորդը: Առայժմ ստույգ հայտնի չէ նրա անունը: Շրջանառվում է Լիպարիտ Դրմեյանի անունը, որը գրասենյակի ղեկավարն է: Նա ազատման դիմում չի գրել: Լիպարիտ Դրմեյանը հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լիլի Դրմեյանի եղբայրն է և վճռաբեկի նախկին դատավոր Մամիկոն Դրմեյանի որդին է: Ինքնին նրա ներկայությունը ներկայացուցչի գրասենյակում խնդրահարույց էր էթիկական տեսակետից, քանի որ ՄԻԵԴ գանգատների առարկա ակտերի մի մասն էլ հենց այս դատավորի ձեռքի տակով են անցել, ուստի նրա որդու համար բավականին բարդ է անաչառ լինելը: Միջազգային իրավական հարցերով գրասենյակի աշխատակից էր նաև Աննա Շահնազարյանը` դատախազի նախկին տեղակալ Էմիլ Բաբայանի կինը: Նա էլ ամուսնու պաշտոնավարման շրջանում դատախազության կերած «բողկերը» քննելիս չէր կարող անաչառ լինել: 

Ժամանակին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչն առանձին ինքնուրույն պաշտոնյա չէր, այլ ենթարկվում էր Արդարադատության նախարարին: Շատերը սա համարում են ավելի ճիշտ դրվածք, քանի որ ներկայացուցչի գործունեությունը չպետք է հակասի պետական քաղաքականությունը մշակող մարմնի դիրքորոշմանը: Այժմ ներկայացուցչի գրասենյակը ենթարկվում է անմիջականորեն վարչապետին, սակայն մեր աղբյուրի պդմամբ, միշտ չէ, որ միասնական ու հստակ դիրքորոշում են արտահայտել ՄԻԵԴ ում: Եւ միշտ չէ, որ 2018-ից առաջ արտահայտած դիրքորոշումներին հավատարիմ էին մնում 18-ից հետո եւ հակառակը` հին գործերով մի տեսակտ էին արտահայտում, 18-ից հետո հարուցված գործերով` բոլորովին այլ: «Ոչ միայն պետական քաղաքականությանը հակասող պատասխաններ ու հիմնավորումներ են տրվել տարբեր գործերով, այլև տարբեր մարմիններում իրար հակասող պատասխաններ են գրվել, իրար հակասող տեսակետներ են ներկայացվել, եւ ստացվում էր, որ ՄԻԵԴ- ում հին գործերով ներկայացվում էին տեսակետներ, որոնք հակասում են Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը», - ասում է կառավարման համակարգից մեր աղբյուրը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image