Քաղաքականություն

Ըմբոստներն ու հպատակները

Ըմբոստներն ու հպատակները

Ինչու են եվրաչինովնիկները տեսնում եւ քննադատում Վրաստանում տեղի ունեցող հակաժողովրդավարական զարգացումները, Վրաստանի իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական բռնություններն ու ճնշումները, այդ երկրում քաղբանտարկյալների առկայությունը, իսկ Հայաստանի մասին, որտեղ այդ առումով անհամեմատ ավելի վատ վիճակ է, որեւէ ծպտուն չեն հանում: Միայն մի պատճառով․ Վրաստանի իշխանությունները չեն ցանկանում, որ եվրաչինովնիկներն իրենց դիտարկեն որպես ենթականեր, իրենց՝ վերադաս, իսկ Հայաստանի իշխանությունը կատարում է արեւմտյան երկրների եւ հատկապես, այսպես կոչված, եվրոպական կառույցների ներկայացուցիչների ցանկացած պահանջ, Հայաստանի դեպքում գործում է վերադաս-ստորադաս՝ շատ հստակ ձեւավորված ուղղահայացը: Դուք լսե՞լ եք, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչ՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձից մինչեւ վերջին չինովնիկը, երբեւէ որեւէ ոչ թե քննադատական խոսք, այլ անհամաձայնություն արտահայտի ԵՄ-ի եւ եվրաբյուրոկրատիայի ներկայացուցիչների նկատմամբ: Չեք լսել եւ չեք էլ լսի, քանի որ վերադասին քննադատելն անթույլատրելիէ, ընդհակառակը՝ պետք է քծնել եւ շողոքորթել: Իսկ ո՞վ է պատժում հնազանդ կամակատարին:

Վրաստանի եւ ԵՄ բյուրոկրատիայի պատերազմը շարունակվում է: ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, որը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մասնակցել էր ընդդիմության կազմակերպած հակակառավարական ցույցին եւ տուգանվել Վրաստանի իշխանությունների կողմից, օրերս հայտարարել է. «Վրաստանի բնակչությունը վերջին երեք ընտրությունների, ինչպես նաեւ շարունակվող բողոքի ակցիաների ընթացքում եւ հասարակական կարծիքի հարցումներում ցույց է տվել, որ նրանք ցանկանում են եվրոպական ապագա, բայց ոչ կառավարություն։ Կարծես թե նրանց կառավարությունը չի լսում սեփական ժողովրդին եւ չի ցանկանում գնալ եվրոպական ճանապարհով։ Ընդդիմադիրները, ինչպես գիտեք, գտնվում են կալանքի տակ, իսկ լրագրողների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ձայները ճնշվում են»: 

Ես չեմ բողոքում այն բանից, թե ինչու են եվրաչինովնիկները միջամտում Վրաստանի քաղաքական կյանքին, իսկ Հայաստանի դեպքում անտարբեր են։ Ես չեմ պահանջում, որ նրանք նույնպիսի ջանասիրությամբ քննադատեն նաեւ Հայաստանի իշխանությունների բռնապետական գործողությունները, տեսնեն Հայաստանում տասնյակ քաղբանտարկյալների եւ խղճի կալանավորների առկայությունը, իշխանությունների դրսեւորած վայրագությունը, ընդամենը սեփական կարծիքն արտահայտած մարդկանց նկատմամբ իրականացված խոշտանգումները: Դա մեզ` Հայաստանին եւ հասարակությանը ոչինչ չի տա, ինչպես որ ոչինչ չի տալիս Վրաստանին: 

Եվրոպացի չինովնիկների հայտարարությունները բացահայտում են նրանց երկերեսանիությունը, անսկզբունքայնությունը եւ կեղծավորությունը: Դրանք բացահայտում են, որ նրանց համար կարեւորը ոչ թե արժեքներն են, այլ՝ շահերը, կարեւորը ոչ թե ժողովրդավարությունն է, մարդու իրավունքները, ազատ խոսք ասելու, հավաքներ կազմակերպելու եւ դրանց մասնակցելու ազատությունը, դավանանքի ազատությունը, այլ սեփական աշխարհաքաղաքական շահերը, երկրներին եւ դրանց կառավարիչներին հպատակեցնելը եւ նրանց որպես սեփական հպատակների վերաբերվելը: Եվրոպան հարյուրամյակներ շարունակ եղել է եւ շարունակում է մնալ ազատ երկրների եւ ազատ մարդկանց գաղութացման գաղափարախոս եւ պրակտիկ: Նայեք աշխարհի քաղաքական քարտեզին եւ կտեսնեք, որ այն գծվել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, Հոլանդիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, հետո նաեւ՝ Միացյալ Նահանգների կողմից իրականացված գաղութային քաղաքականության արդյունքում: Հիմա էլ եվրոպացիները մեզ, աշխարհի մյուս երկրներին նայում են որպես պոտենցիալ գաղութների, իսկ այդ երկրներում ապրող մարդկանց՝ քաղաքակրթական եւ տեխնոլոգիական իմաստով հետամնաց եւ թերզարգացած աբորիգենների, որոնց պետք է քաղաքակրթման անվան տակ հպատակեցնել եւ ստրկացնել, իսկ երկրի հանքահումքային հարստությունները շահագործել եւ հարստանալ: Եվրոպացիների ներկայիս զարգացումն ու բարեկեցությունը հիմնված են բացառապես գաղութային երկրների հարստությունների թալանի եւ այդ երկրների բնակիչներին որպես ստրկական անվճար աշխատուժ օգտագործելու վրա: 

Հիմա ո՞րն է Հայաստանի եւ Վրաստանի տարբերությունը: Վրաստանի քաղաքական էլիտայի մեջ հայտնվեցին ըմբոստներ, ովքեր կարողացան վերցնել երկրի կառավարման ղեկը, եւ նրանք համարում են, որ չեն ուզում լինել գաղութային կառավարիչներ, որ իրենք չեն ճանաչում եվրոպացիների վերադասությունը եւ չեն պատրաստվում հնազանդորեն ծառայել նրանց, այլ ուզում են գործընկերային հարաբերություններ: Հայաստանում, ընդհակառակը՝ իշխանությունը հայտնվել է հպատակների ձեռքին. Հայաստանի իշխանությունները պատրաստ են եվրոպացի տերերի մոտ գաղութային կառավարիչ աշխատել, կատարել նրանց բոլոր հրահանգները եւ հանձնարարությունները՝ փոխարենը ստանալով իրենց իշխանությունը երկարաձգելու մանդատ:

Դրա համար է սխալ ասելը, որ Վրաստանի իշխանություններն իբրեւ հակաեվրոպական քաղաքականություն իրականացնելով վարում են պրոռուսական քաղաքականություն, ըմբոստների համար կարեւոր չէ, թե ում հպատակվել, նրանք մերժում են ցանկացած տեսակի հպատակություն, կլինի դա եվրոպական, ամերիկյան, թե ռուսական, իսկ հպատակների համար էլ կարեւոր չէ, թե ով կլինի իրենց տերը` եվրոպացի, թուրք, ադրբեջանցի, ամերիկացի, թե ռուս, իրենք պատրաստ են ժպտալ, շողոքորթել ցանկացածին, ումից վտանգ եւ սպառնալիք են զգում իրենց իշխանության համար:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image