Կառավարությունը նախօրեին հրապարակեց Ադրբեջանի հետ սահմանազատման կանոնակարգը, որը ստորագրվել է օգոստոսի 30-ին։ Ըստ այս փաստաթղթի՝ Երեւանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, բայց այդ համաձայնությունն էլ վերջնական չէ, քանի որ նշվում է՝ հնարավոր է հետագայում՝ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, գործընթացն այլ սկզբունքներով ընթանա։ «Եթե հետագայում ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերություննների հաստատման մասին համաձայնագրով նախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին»,- նշված է փաստաթղթում։
Ամենակարեւորը, թե կողմերը կոնկրետ որ թվականի քարտեզներով են իրականացնելու սահմանազատումը, այս փաստաթղթում չի նշվում։ Մինչդեռ Տավուշում միակողմանի զիջումներից առաջ իշխանությունը հայտարարեց, թե սահմանազատումն իրականացվում է Խորհրդային Միության 1976 թվականի քարտեզներով, որոնք, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, այդ բնույթի իրավական ուժ ունեցող միակ փաստաթղթերն են։
Այսինքն՝ հրապարակված փաստաթղթում մանեւրի լայն հնարավորություն է տրվում․ «Սահմանազատման գործընթացում հանձնաժողովներն օգտագործում են բոլոր վերաբերելի քարտեզագրական փաստաթղթերը, ինչպես նաեւ՝ բոլոր նորմատիվ իրավական եւ իրավաբանորեն հիմնավորված այլ փաստաթղթերը»։ Իսկ ամենաաբսուրդը՝ նախապես ամրագրել են, որ ցանկացած պահի փոխադարձ համաձայնությամբ կարող են լրացումներ եւ փոփոխություն կատարել դժվարությամբ ընդունված այս կանոնակարգում։ Կանոնակարգը նաեւ չի հստակեցնում, թե Երեւանն ու Բաքուն հաջորդիվ սահմանի որ հատվածն են սահմանազատելու։
ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1990-1995 թթ.), քաղաքագետ Սուրեն Զոլյանի դիտարկմամբ՝ առաջին հերթին անհեթեթություն է կանոնակարգում ամրագրել, թե կողմերը կարող են ցանկացած պահի փոփոխություններ եւ լրացումներ կատարել․ «Ցանկացած պարագայում եթե կողմերը փոխադարձ համաձայնությամբ ուզում են մի բան փոխել, հաստատ փոխում են, բայց եթե այդ ձեւակերպումն ի սկզբանե ամրագրել են փաստաթղթում, մեղմ ասած, անհասկանալի է: Թերեւս հատուկ նշում են, որ լուրջ չեն վերաբերվում, եւ ցույց են տալիս, որ, ճիշտ է` ստորագրել ենք, բայց երբ ինչ ուզենք, փոխելու ենք»։
Կանոնակարգում Ալմա-Աթայի հռչակագրի մասին ձեւական հիշատակումն ու այն ձեւակերպումը, թե սահմանազատման գործընթացը հնարավոր է հետագայում՝ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա, ոչ թե հռչակագրի հիման վրա, ըստ Զոլյանի, վկայում են այն մասին, որ Փաշինյանը հետեւողականորեն մանիպուլացնում էր Ալմա-Աթայի հռչակագրի էությունը եւ խեղաթյուրում՝ ասելով, թե հռչակագրով որոշվել են 2 պետությունների վարչատարածքային սահմանները, մինչդեռ իրականում խոսքն այդ պահին գոյություն ունեցող սահմանների մասին է։ «Եթե հաշվի առնենք, որ Հռչակագրին Ադրբեջանը միացել է 1993 թվականին, ուստի կխնդրեմ ասեն, թե որոնք են եղել Ադրբեջանի սահմանները, անգամ Հորադիզը չկար, էլ չեմ ասում՝ մնացած 7 շրջանները։ Ուստի, կանոնակարգ կոչվածում Ալմա-Աթայի փոխարեն ամրագրված այլընտրանքը կամ վերապահումն արվել է խիստ օբյեկտիվ պատճառներով, քանի որ մեր մեծ Գիքորը շատ է խոսում Ալմա-Աթայի հռչակագրից, ըստ էության, փորձել է իրեն արդարացնել, հռչակագիրն ինչ-որ ձեւով ամրագրել, որ հետո ասի՝ մեր սկզբունքների համաձայն․․․ Իրականում արժեզրկում է Ալմա-Աթայի սկզբունքը` Ալմա-Աթայի հռչակագրին որեւէ այլ փաստաթուղթ կցված չի եղել, որ ասենք` այս-այս սահմաններն են, այս-այս քարտեզները, հետեւաբար ենթադրվում էր, որ մի քարտեզ, իրավական փաստաթուղթ պետք է հիմք ընդունվեր, ինչը չի արվել։ Մեկ խոսում էին 1976 թ. քարտեզի մասին, բայց պարզվեց՝ դա էլ հաշվի չեն առնում, կամ ասում էին` Վլադիմիր Մովսիսյանի փաստաթուղթն իրավական հիմք չունի, որովհետեւ չի վավերացվել Գերագույն խորհրդի կողմից, բայց դրանք չպետք է վավերացվեին, որովհետեւ երկու կոլխոզների մակարդակով սահմանները ճշտվել էին։ Հիմա նույն ձեւով կարող էին ՄԱԿ-ի հռչակագրին հղում անել, որով ընդունել ենք բոլոր պետությունների տարածքային ամբողջականությունը: Եթե կոնկրետիկա չկա, շատ փաստաթղթերի կարող էին հղում անել»,- ասաց Զոլյանը։
Որ Ադրբեջանի համար այս կանոնակարգ կոչվածը ձեւական փաստաթուղթ է, ըստ բանախոսի, վկայում են նաեւ պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները․ «Մի կողմից Ալմա-Աթայի հռչակագիրն են ամրագրում Կանոնակարգում, մյուս կողմից հայտարարում՝ ոչ թե Ալմա-Աթա, այլ՝ Ալեքսանդրապոլի պայմանագիր, դրանք են Հայաստանի սահմանները, եւ երկրորդ՝ Ադրբեջանի սահմաններն իրենց Սահմանադրությունում ամրագրված սահմաններն են, իսկ մենք գիտենք, որ իրենց գործող Սահմանադրությունը տարածքային պահանջներ ունի ՀՀ-ի նկատմամբ»։ Ի դեպ, իր ասուլիսում նաեւ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է ՀՀ-ին ներկայացնում։ «Ադրբեջանի Սահմանադրության մեջ հղում է արվում 1991 թ. պետական անկախության մասին ակտին, որտեղ հղում է արվում 1918 թ. մայիսի 28-ի Անկախության հռչակագրին: Անկախության ակտի մեջ նշված է, որ այսօրվա Ադրբեջանը 1918-1920 թթ․ Ադրբեջանի իրավահաջորդն է: Իսկ այդ ժամանակվա Ադրբեջանի հռչակագրի մեջ նշված է, որ Ադրբեջանի տարածքներ են Հարավային եւ Արեւելյան Անդրկովկասը, եւ 1919-ին Անտանտին ներկայացրած քարտեզով Ադրբեջանը հավակնություններ է ներկայացրել այսօրվա Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի նկատմամբ՝ ամբողջությամբ, եւ Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Լոռու եւ Շիրակի մարզերի նկատմամբ՝ մասամբ»,- ասել էր նա:
Կանոնակարգը դեռ պետք է ներկայացվի Սահմանադրական դատարան, հետո քննարկման ու վավերացման դրվի Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարաններում։