Քաղաքականություն

Մատ՝ Զելենսկուն, շախ՝ Նիկոլին

Մատ՝ Զելենսկուն, շախ՝ Նիկոլին

Ողջ աշխարհը քննարկում է ռուս-ուկրաինական խաղաղության պայմանագրի ամերիկյան նոր տարբերակը: Ամերիկացիները, բնականաբար, ասում են՝ լավն է, եվրոպացիները քրթմնջում են, թե իրենք այնքան էլ մասնակից չեն այդ ամենին, ուկրաինացիները, դատելով Զելենսկու վերջին հայտարարություններից, կարծում են, որ դա կապիտուլյացիա է ամերիկյան ձեւով՝ ստանում ես «ապագա» եւ անվտանգություն, ռուսները հայտարարում են, թե դա զուտ ամերիկյան տեսլական է, եւ Ալյասկայում ռուս-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումից հետո որեւէ նոր բան չի եղել: Ակտիվացել է նաեւ Թուրքիան, որին, չգիտես՝ ձեռնտո՞ւ է Թրամփի նոր պլանը, թե՞ ոչ: Էրդողանը Զելենսկուն խորհուրդ է տվել «բարձր» պահել Թուրքիայի հովանու ներքո ռուս-ուկրաինական երկկողմ բանակցությունների «պլանկան», քանի որ ամերիկյան պլանը նախատեսում է ռուսական գազի՝ ուկրաինական տարանցիկ ուղիների վերագործարկում, իսկ դա կարող է նշանակել Եվրոպայի անկախացում ինչպես ռուս-թուրքական, այնպես էլ ադրբեջանա-թուրքական գազատարներից: Կարճ ասած՝ ԱՄՆ-ն իր նոր պլանով ոտքի է հանել բոլորին, որ այս կամ այն կերպ առնչակից են ռուս-ուկրաինական պատերազմին:

Ամերիկյան լրատվամիջոցներն ԱՄՆ նախագահի նոր պլանի մասին սկսեցին խոսել ամերիկա-չինական հանդիպումից հետո, ինչը խոսում է այն մասին, որ չինական կողմն էլ որոշակի դերակատարում ունի այս հարցում: Արժե հիշել, որ ժամանակին գոյություն ուներ նաեւ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման չինական պլան, որին դեմ չէր Ռուսաստանը: Կարելի է ասել, ուրեմն, որ ԱՄՆ նոր պլանը Վաշինգտոն-Մոսկվա-Պեկին քննարկումների արդյունք է, իսկ մյուսների գործն է՝ առաջիկայում ընդունել այն: Փոփոխություններ կլինե՞ն, թե՞ ոչ, կախված է «մեծ եռանկյունու» հայեցողությունից:

Ծանոթանալով ռուս-ուկրաինական խաղաղության «ապագա պայմանագրի» կետերին՝ կարելի է պնդել, որ դրանք արտացոլում են գետնի վրա ստեղծված փաստացի իրավիճակը եւ անվտանգության երաշխիքներ տալիս ինչպես Կիեւին, այնպես էլ Մոսկվային, ինչպես ուկրաինացիներին, այնպես էլ ուկրաինացի ռուսներին: Ըստ այդ պլանի՝ Ռուսաստանը կանգնում է իր «նվաճած» բնագծերում, Դոնբասը եւ Լուգանսկը ճանաչվում են ռուսական (Ուկրաինան կարող է չճանաչել), շփման գծով ստեղծվում է բուֆերային գոտի՝ ռուսական վերահսկողության տակ, ՆԱՏՕ-ն հրաժարվում է Ուկրաինայի «նատօ-ացման» քաղաքականությունից, Ուկրաինան դառնում է չեզոք երկիր, կրճատում է իր զինված ուժերը, ԱՄՆ-ն երաշխավորում է, որ Ուկրաինան չի ստանա հեռահար զենք եւ չի դառնա միջուկային տերություն:

Նախատեսվում է պայմանագիրն ստորագրելու օրվանից դադարեցնել պատերազմը, իսկ 100-օրյա ժամկետում անցկացնել ուկրաինական ընտրություններ: Որից հետո գործողության մեջ կդրվեն Ուկրաինայի վերականգնման եւ զարգացման ծրագրերը: Որպես դոնորներ, հանդես կգա Ռուսաստանը՝ իր սառեցված հաշիվներից «տրամադրելով» մոտ 100 միլիարդ դոլար, ինպես նաեւ՝ ԵՄ-ն՝ ճիշտ այդքան գումարով: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա Թրամփը պատրաստվում է այս «գործարքի» հետագա եկամուտներից շահ ստանալ՝ մոտ 50 տոկոս, որպես «պլանի հեղինակ»: Ռուսաստանին աստիճանաբար կազատեն պատժամիջոցներից, բայց եթե հանկարծ խախտի պայմանավորվածությունները, դրանք կվերականգնվեն նոր ուժով: Առաջին հայացքից սա Ուկրաինայի պարտությունն է, կատարյալ կապիտուլյացիա: Կհամաձայնի՞ դրան Զելենսկու իշխանությունը: Կհաշտվի՞ Ուկրաինայի ժողովուրդը տարածքային կորուստների հետ, կնախընտրի՞ խաղաղությունն ու երկրի մնացորդացի զարգացումը, թե՞ կշարունակի պատերազմել: Թրամփի պլանի թիրախը սա է, իսկ հաջողությունը կախված է ուկրաինացիների որոշումից: Թրամփը Զելենսկուն թողել է խաղից դուրս՝ նախապես հոգալով, որ նա իր մտերիմների հետ հայտնվի կոռուպցիոն խայտառակ սկանդալի մեջ: Եվ Զելենսկին ընտրության մեծ հնարավորություն չունի՝ կա՛մ պետք է հանձնվի ԱՄՆ իշխանություններին, կա՛մ շարունակի անիմաստ խաղը Պուտին-Էրդողան զույգի հետ՝ վերջնականապես թշվառության մատնելով Ուկրաինան ու ուկրաինացիներին:

ՀԳ. Այսքան բան տեսնելուց հետո, ես՝ ՀՀ շարքային քաղաքացիս, կնախընտրեմ լռել այն ամենի մասին, թե ինչ կատարվեց Հայաստանի հետ: Նիկոլ Փաշինյանին էլ խորհուրդ կտամ միառժամանակ լռել եւ անիմաստ չճամարտակել մեր բուն օրակարգից դուրս հարցերի շուրջ, ինչպիսին կաթողիկոս հեռացնելն է կամ ընդդիմություն արգելելը: Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը, իմ անկախ, ՆԱՏՕ գնացող «հրաշալի տղա», դեռ կդնեն քո առաջ ու կասեն, թե քանի օրից պետք է ընտրություններ լինեն:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image