Քաղաքականություն

Մի կոռումպանար կամ՝ կանոնագիրք ՔՊ-ի

Մի կոռումպանար կամ՝ կանոնագիրք ՔՊ-ի

Առավոտ կանուխ մտա Նիկոլի ֆեյսբուքյան էջը, որ իմանամ, թե առաջիկա կիրակի որ եկեղեցում է մասնակցելու սուրբ պատարագի: Այդպիսի գրառում չկար, ոչ էլ սրտիկ կար: Մի բան եղած չլինի՞ էդ մարդուն՝ անցավ մտքովս, բայց եւ քիչ անց տեսա, որ թարմ գրառում է արել: Նշանակում է՝ դեռ ողջ է եւ գուցե՝ առողջ: Պարզվեց՝ ՔՊ վարչությունով կուսակցության էթիկայի կանոնագիրք են ընդունել, եւ այդ մասին էր ծանուցում Նիկոլը: Կարդացի գրառումը, որ սկսվում էր «Սիրելի հայրենակիցներ» չարչրկված բառերով: Դա ՔՊ վարչության մտավոր սնանկությունը փաստող թղթի, որի անունը դրել են «կանոնագիրք», նիկոլական հպանցիկ մեկնաբանությունն էր, որ, ինչպես Նիկոլի ցանկացած մեկնաբանություն, լրացուցիչ մեկնաբանության կարիք էր զգում:

Խնդրեմ, հենց առաջին նախադասությունից հարցեր են ծնվում: Գրել է. «Սիրելի հայրենակիցներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որպես կառավարող ուժ, հատուկ պատասխանատվություն է զգում երկրում քաղաքական միջավայրի, մթնոլորտի, կուլտուրայի զարգացման գործում»։ Եթե այս թուղթն ընդունված լիներ 2018, 2019 թվերին, գուցե Փաշինյանի վերոբերյալ նախադասությունն այսքան ծիծաղելի չլիներ: Իշխանության գալուց 7-8 տարի անց այս մարդիկ հանկարծ «պատասխանատվություն են զգացել» երկրում քաղաքական միջավայրի, մթնոլորտի, կուլտուրայի զարգացման գործում ու այդ մասին հայտարարել «սիրելի հայրենակիցներին»: Նիկոլ, էդ «սիրելի հայրենակիցները» մտավոր հետամնացներ չէին եւ վաղուց գիտեին, որ իշխանությունները, բոլոր ժամանակներում եւ բոլոր երկրներում, առնվազն «պատասխանատվություն են կրում» քաղաքական միջավայրի, մթնոլորտի, կուլտուրայի զարգացման համար: Ստացվում է, սակայն, որ դուք նոր-նոր եք իմացել այդ մասին ու ընդամենը «պատասխանատվություն եք զգում»: Նկատեցի՞ք «պատասխանատվություն կրելու» եւ «պատասխանատվություն զգալու» տարբերությունը: Եթե չնկատեցիք, պարոն Փաշինյան, ապա կարող եմ ավելի առարկայորեն ներկայացնել դրանց տարբերությունը: Դիցուք՝ «սիրելի հայրենակիցների» տանձին չէ, թե դուք ինչ եք զգում… «Սիրելի հայրենակիցներին» ավելի շուտ հետաքրքրում է՝ դուք պատասխանատվություն, ի վերջո, կրում կամ կրելո՞ւ եք այն քաղաքական մթնոլորտի համար, որ տիրում է երկրում: «Սիրելի հայրենակիցները» ձեզնից ներողություն են ակնկալում եւ ոչ թե ճառեր ձեր «զգացողությունների» մասին:

Հետեւյալ տողերում Փաշինյանը մեկնաբանում է, թե ՔՊ-ի «էթիկայի կանոնագիրքը» ստանդարտներ է սահմանում հենց իրենց՝ ՔՊ-շնիկների համար: Կարելի է մտածել, որ ՔՊ-ն մի օր էլ հասարակության համար էթիկայի ստանդարտներ սահմանող կանոնագիրք կարող է ընդունել: Ծիծաղելի կլիներ, անշուշտ, Նիկոլին տեսնել հասարակական քարոզիչի դերում… Մի հայհոյեք, մի կերեք իրար, մի մտեք միմյանց անձնական կյանք, մի շնացեք, մի կոռումպացվեք, ձեզ վրա մատ էլ թափ կտամ, պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ, կբռնեմ-կշինեմ, կլցնեմ ԱԱԾ-ի պադվալները… Եվ կրկին հարց է առաջանում՝ ՔՊ վարչությունն ո՞ւմ համար է ընդունել այս կանոնագիրքը՝ ի՞ր, թե՞ հատուկ Նիկոլի համար, որ ի վերջո դուրս գա «հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից»:

Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե ՔՊ «բարեվարքության կանոնագրքի» ընդունման կապակցությամբ մի շատ «կարեւոր» հիշեցում չաներ «սիրելի հայրենակիցներին» առ այն, որ վերջիններս, երբ ՔՊ-ն (բնականաբար՝ նաեւ ինքը) հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանի, դա չընկալեն որպես թուլություն կամ վախվորածություն, այլ՝ նվիրվածություն ՔՊ-ի «Էթիկայի կանոնագրքին»։ Փաշինյանի այս հիշեցումը, սակայն, ինձ ուրիշ բաներ հիշեցրեց: Օրինակ, կարմիր կովի ու նրա կաշվի պատմությունը… Մյուս կողմից էլ ստիպեց հարց տալ ինքս ինձ՝ իսկ գուցե Փաշինյանը հոգնե՞լ է հայհոյելուց, հասկացե՞լ է, թե իր «բարեվարքությամբ» մինչեւ ուր է դեգրադացրել մեր հասարակությանը, մեր հոգեւոր եւ քաղաքական կյանքը: Ահավասիկ, իշխանության ղեկին 8 տարի կապիկություն անելուց հետո միակողմանիորեն որոշել են իրենց մի քիչ զուսպ պահել: Ի՞նչ կա որ… Իսկ ինչ վերաբերում է հաթաթային, ապա այն անպակաս է քաղաքական օպոնենտներին ուղղված Նիկոլի մեկնաբանությունից. «Հանկարծ դա չհամարեք թուլության կամ ձեզնից վախենալու նշան»:   

ՀԳ. Բուն կանոնագրից ես մեջբերումներ չարեցի, որովհետեւ այն պահին, երբ ծանոթանում էի դրա բովանդակությանը, հանկարծ անհետացավ Նիկոլի էջից: Ավելի ճիշտ՝ հղումը մնաց, բայց այն այլեւս ոչ մի տեղ չէր տանում: Գուցե տեխնիկական խնդիր էր, գուցե տարան վերախմբագրելու, չգիտեմ: Հենց նորից երեւա, առաջարկում եմ անպայման կարդալ: Ոճը աստվածաշնչյան է, կետերը պատվիրաններ են հիշեցնում: Դրանցից մեկը, օրինակ, ասում էր՝ «մի կոռումպանար»:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image