Այլ

Միայն Ադրբեջանի համաձայնությամբ

Միայն Ադրբեջանի համաձայնությամբ

«Հայաստանի հետ մոտակա 6 ամիսներին ցամաքային սահմանի հավանական բացումը պետք է դիտարկել ավելի լայն տարածաշրջանային տրանսֆորմացիաների տեսանկյունից, որտեղ կենտրոնական դեր է խաղում Ադրբեջանը»,- Minval Politika կայքին ասել է Թուրքիայի Քահրամանշարահ համալսարանի քաղաքական պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Թորգուլ Իսմայիլը: Նա շեշտել է, որ Թուրքիան այս հարցում Բաքվի շահերը համարում է առաջնահերթ։

«Թուրքիան մշտապես ընդգծում է, որ Երեւանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ կիրականացվի միայն Բաքվի հետ համաձայնեցված, եւ այս դիրքորոշումը մնում է անփոփոխ»,- հայտարարել է թուրք պրոֆեսորը: Իսմայիլը կարծում է, որ սահմանի բացման հեռանկարը կապված է այն փաստի հետ, որ Ադրբեջանի «տարածքային ամբողջականության վերականգնումից» հետո տարածաշրջանում ի հայտ է եկել նոր քաղաքական եւ ռազմավարական իրողություն, որտեղ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցն այլեւս չի ընկալվում որպես Բաքվի շահերին սպառնալիք։ «Թուրքիան Հայաստանի վերաբերյալ ցանկացած քայլ կիրականացնի միայն տարածաշրջանային անվտանգության, հաղորդակցության ուղիների եւ Ադրբեջանի երկարաժամկետ շահերի վրա դրանց ազդեցության գնահատումից հետո միայն, ներառյալ` Զանգեզուրի միջանցքը կամ այլընտրանքային տրանսպորտային ուղիները բացելու ծրագրերը»,- նշել է Իսմայիլը։

Թուրք պրոֆեսորը շեշտել է, որ Անկարայի կողմից սահմանի սահմանափակ եւ վերահսկվող բացումը կարող է ծառայել որպես գործիք՝ Երեւանի վրա ճնշում գործադրելու համար: «Եթե այս տեմպը շարունակվի, Թուրքիան կարող է օգտագործել կարգավորումը որպես Հարավային Կովկասում իր դիրքերն ամրապնդելու եւ տարածաշրջանային տրանսպորտային նախագծերն ընդլայնելու միջոց, բայց նա կխուսափի ցանկացած քայլից, որը կարող է մեկնաբանվել որպես Բաքվի հետ իր դաշինքից շեղում։ Ընդհանուր առմամբ, քննարկվող սահմանի բացումն Անկարայի կողմից Երեւանի նկատմամբ բարի կամքի դրսեւորում չէ, այլ ռազմավարության մի տարր, որի շրջանակներում Թուրքիան ձգտում է ձեւավորել համագործակցության նոր ճարտարապետություն՝ առանց խախտելու Ադրբեջանի հետ հաստատված ռազմավարական հավասարակշռությունը»,- եզրափակել է Իսմայիլը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image