Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սեւակ Խաչատրյանն օրեր առաջ հայտնել էր, որ բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ: Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ «Հաղթանակ» դաշինքի անդամները եւ աջակիցները «խոչընդոտել են մի շարք անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը», մեղադրանք է առաջադրվել, եւ 6 անձ ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար: Այնուհետեւ հրապարակվեցին ձայնագրություններ, իբրեւ թե այդ անձանց միջեւ խոսակցություններ են եղել, որտեղ լսվում է, թե ինչպես են, օրինակ, «քֆուր դնում» Սեւակ Խաչատրյանին չընտրելու համար։ Ձայնագրություններից չէր հասկացվում, թե որն է այդտեղ կրիմինալը, բայց մարդկանց վրա դրանք վատ տպավորություն էին թողնում:
Սեւակ Խաչատրյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում երեկ ասաց՝ իրենց 7 աջակիցներից մեկի նկատմամբ խափանման միջոց ընդհանրապես չի ընտրվել, մյուս 6-ն էլ տնային կալանքի տակ են՝ գրավի համակցությամբ։
«Քրեական վարույթում 14 հոգի է, բայց 7-ին էին ներկայացրել։ Մեղադրանքում նշված է․ օգտագործելով իրենց հեղինակությունը՝ մարդկանց դրդել են գնալ քվեարկել, բա եթե ավագանու թեկնածուն իր հեղինակությունը չպետք է օգտագործի, ի՞նչն է օգտագործելու։ Էդ նույն հոդվածով կարելի է բոլորին ձերբակալել, եթե ընտրության հետ կապ ունի»,- ասաց նա։ Խաչատրյանը նաեւ նշեց՝ ամեն վայրկյան սպասում է, որ իրեն էլ կարող են ձերբակալել։
- Անդրադառնանք 2026-ի ընտրություններին, այս իրադարձությունները շատերը կապում են առաջիկա ընտրությունների հետ: Դուք, ձեր կուսակցությունը քննարկումներ ունենո՞ւմ եք ընդդիմության տարբեր ուժերի հետ, ինչպե՞ս եք մասնակցելու ընտրություններին, ի՞նչ ձեւաչափով։
- Այո, քննարկումներ կան, բայց այս պահին ոչինչ չեմ կարող ասել, երբ կոնկրետություն լինի, կասենք։
- Բանակցությունները ո՞ր ուժերի հետ են։
- Այս պահին այլ ընդդիմադիրների հետ շփումներ կան, բայց բոլորը գիտեն` ես նախագահ Քոչարյանի հետ եմ։ Բայց այս պահին, երբ կոնկրետություն չկա, ճիշտ չէ ասելը։
- Այնուամենայնիվ խոսում են, որ Դուք ՀՅԴ-ի, Ռ. Քոչարյանի թիմակիցների հետ եք մասնակցելու, Ձեր հակվածությունն ինչպիսի՞ն է։
- Ես հակված եմ, որ ընտրություններին աջակցելու եմ նախագահ Քոչարյանի գլխավորած թիմին։
- Իշխանությունն ամբողջ թափով ներգրավել է իրավապահ համակարգը, կանխատեսվում է, որ առաջիկայում նոր քաղաքական-քրեական վարույթներ կլինեն․․․
- Հիմա Վաղարշապատի օրինակի փաստը կա, նայել են` կայացած թիմ, որ քվե ունի Վաղարշապատ համայնքում, փորձում են պառակտում մտցնել, մարդկանց ճնշել, բայց չեմ կարծում, թե դա օգուտ է տալիս, ամեն դեպքում` կլինեն մարդիկ, որ, այսպես ասած, կվախենան, կփորձեն ավելի պասիվ լինել։ Բայց, ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ ազդեցություն չի ունենա։
- Իշխանությունը վերարտադրվելու ինքնավստահությունի ունի, ընդդիմությունն էլ վստահ է, որ դա չի լինելու, ո՞րն է Ձեր կանխատեսումը։
- Իմ կարծիքով, եթե խոշոր ընդդիմադիր ուժեր ձեւավորվեն, յուրաքանչյուրն աշխատի իր ընտրազանգվածի հետ, բնականաբար, հասնելու ենք ցանկալի արդյունքի: Ցանկալի արդյունքը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։