Գյումրու «Յոթ վեր» եկեղեցու բակը վերջին օրերին վերածվել է յուրատեսակ հիշատակի ու հոգևոր զարթոնքի միջավայրի։ Տեղադրվել են բանտարկված արքեպիսկոպոսների` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի, Բագրատ Սրբազանի լուսանկարները։ Փակցված են նաև գործարար Սամվել Կարապետյանի, Սրբազան շարժման կալանավորված անձանց լուսանկարները։
Անսովոր կերպով եկեղեցու բակը գրեթե անընդհատ մարդաշատ է․ քաղաքացիների հոսքը եկեղեցի սովորականից շատ է։ Գալիս են` իրենց հարգանքի տուրքը մատուցելու, աղոթելու և խորհելու նպատակով։ Քահանաների խոսքերով`այս յուրահատուկ նախաձեռնությունը Գյումրիում ստացել է լայն արձագանք և մարդկանց մոտ առաջացրել է թե՛ հոգևոր ներշնչում, և թե՛ արժեհամակարգային վերաիմաստավորման զգացողություն։

