Հայաստանում հազիվ գտնվի մարդ, որ ասած չլինի. «Տոկոսի տակ եմ», «Բանկերը վաշխառուներ են, տզրուկներ», «Սա վարկ չէ, կողոպուտ է»։ Այս խոսքերը վաղուց դարձել են մեր կենցաղային լեզվի մասը։ Իսկ ի՞նչ է իրականում կատարվում բանկային համակարգում։ Արդյո՞ք դա իսկապես թալան է, թե՞ զարգացող տնտեսության մոդելի անխուսափելի մաս։ Ինքս՝ որպես տարիներ շարունակ տոկոս վճարող մարդ, փորձեցի հասկանալ այդ բարդ, գուցե «հասկանալի» համակարգի տրամաբանությունը։
Այցելեցի ծանոթ բանկ, որտեղ աշխատում է իմ բարեկամներից մեկը։ Հարցերիս տարափից հետո նա ժպտալով հարցրեց. «Ոնց որ թե հոդված ես ուզում գրել, հա՞». «Ինչո՞ւ չէ, գուցե ընթերցողին օգտակար լինի»։ Առաջարկեց խոսել դրսում․ «Ներսում հազար շառ կա, հազար հարամի»։ Նախ հարցրի. «Մի պատմություն եմ լսել, թե իբր մեկը վարկ է վերցրել, ռեստորան կառուցել, բայց եկամուտները սպասվածը չեն եղել, տարիներով մարել է տոկոսներ, տույժ-տուգանքներ եւ վերջում պարզել՝ բանկին արդեն ավելի շատ է վճարել, քան վերցրել էր, բայց, միեւնույն է` բանկը խլել է ռեստորանը՝ չփակված վարկի դիմաց։ Հնարավո՞ր է նման բան»։ «Չի բացառվում։ Հիշիր՝ բանկն օրենքի ու դատարանի առաջ գրեթե միշտ արդար է դուրս գալիս։ Բարոյականությունը բանկային կատեգորիա չէ»։ Վերջում խնդրեց` հոդվածում անունը չերեւա։ Փորձեցի հակաճառել, ասաց. «Ոչ ոք չի խոսի բացահայտ։ Բանկերն առեւտրականների նման են․ երբեք չեն բացահայտի իրենց գաղտնիքը, չեն «փնովի» ապրանքը։ Քեզ միշտ կասեն․ «Ախպերս, սա քեզ տալիս եմ իմ ձեռքբերածից էժան, ապրանքս ավելի թարմ է էսօր, քան երեկ էր...»։ Իրականում պարզապես փող են «շինում»։ Եթե կարողանաս ճիշտ նկարագրել այդ լաբիրինթոսը, գուցե մի քանի մարդ խուսափի որոգայթից»։
Որքա՞ն է վարկի տոկոսը Հայաստանում
Այսօր Հայաստանում սպառողական վարկերը հիմնականում տարեկան 14-20 տոկոսով են, երբեմն՝ ավելի, հիպոթեքային վարկերը՝ միջինը 9-13, բիզնես վարկերը՝ 12-18 տոկոսով։ Բայց եթե տնտեսությունը «զարգանում է», բանկերը շահույթ ունեն, Կենտրոնական բանկը նվազեցնում է տոկոսադրույքները, ապա ինչո՞ւ են վարկերն այսքան թանկ։ Ֆրանսիայում բնակարանային վարկերը մոտ 2.5-4 տոկոս են, Գերմանիայում՝ 3-4.5 տոկոս։ Նույնիսկ սպառողական վարկերը չեն անցնում 6-7 տոկոսը։ Եվ պատճառը միայն այն չէ, որ «իրենք հարուստ են, մենք՝ աղքատ»։ Հարց է ծագում` ինչո՞ւ է տոկոսը Հայաստանում բարձր.
1. Բարձր ռիսկ։ Բանկերը վստահ չեն, որ վարկառուն վաղը կունենա կայուն եկամուտ ու անվտանգ միջավայր։ Պատերազմ, միգրացիա, տնտեսական ցնցումներ, ստվերային աշխատավարձեր՝ այս ամենը բանկի աչքում մեծացնում է վտանգը։ Այդ վտանգը նրանք դնում են տոկոսի մեջ։
2. Վարկերի մեծ պահանջարկ։ Հայաստանում մարդիկ վարկ են վերցնում ապրելու, բուժվելու, ուսման, նույնիսկ ամենօրյա ծախսերի համար։ Երբ պահանջարկը մեծ է, բանկը չի շտապում էժանացնել փողը։ Պարզ տրամաբանություն է. եթե վերցնում են, ինչո՞ւ իջեցնել։
3. Թույլ մրցակցություն։ Բանկերը շատ են, բայց շուկան փոքր է։ Տոկոսների հարցում իրական մրցակցություն գրեթե չկա։ Պայմանները հաճախ միմյանց շատ նման են։
4. Շահույթի մոդելը։ Հայաստանի բանկերը հիմնականում գումար են աշխատում հենց վարկերի տոկոսներից, ոչ թե բարդ ներդրումային գործիքներից, ինչպես զարգացած երկրներում է։ Տոկոսը նրանց հիմնական եկամտի աղբյուրն է։
Երկրորդ հարցը. սա թալա՞ն է, թե՞ ոչ: Սա այն կետն է, որտեղ զգացմունքը բախվում է տնտեսագիտությանը։ Ձեւական առումով՝ բանկերը գործում են օրենքի շրջանակում։ Պայմանագրերը ստորագրված են, տոկոսները նշված են, ոչ ոք զենքով չի ստիպում։ Բայց սոցիալական առումով՝ երբ մարդը տարիներով աշխատում է միայն տոկոս փակելու համար, երբ վարկը չի օգնում դուրս գալ աղքատությունից, այլ խորացնում է այն, առաջանում է թալանի զգացողություն։ Եվ այդ զգացողությունը դատարկ տեղից չի ծնվում։
Ո՞ւմ են պատկանում բանկերը
Սա կարեւոր, բայց քիչ քննարկվող հարց է։ Հայաստանի բանկերի մի մասը պատկանում է տեղական խոշոր գործարարներին, օլիգարխիային, օֆշորային կամ արտասահմանյան կառույցներին, միջազգային ֆինանսական կազմակերպություններին։ Այսինքն՝ բանկերը հանրային կառույցներ չեն։ Նրանք առաջին հերթին սպասարկում են սեփականատերերի շահը։ Սոցիալական արդարությունը նրանց համար առաջնային խնդիր չէ։ Հաճախ հարցնում են. եթե այդպես է, ինչո՞ւ պետությունը չի միջամտում։ Պատասխանը մեկն է՝ վախ բանկային համակարգի ցնցումից։ Եթե պետությունը պարտադրի կտրուկ իջեցնել տոկոսները, բանկերը կարող են կրճատել վարկավորումը, դուրս բերել կապիտալը կամ խստացնել պայմանները։ Իսկ դա արդեն կարող է բերել տնտեսական լուրջ հարվածի։ Այդ պատճառով պետությունն ընտրում է զգուշավոր լռությունը։ Լռություն, որը հասարակության կողմից ընկալվում է որպես անտարբերություն։
Այլ խնդիրներ էլ կան, որոնց մասին քիչ է խոսվում. թաքնված վճարներ, միջնորդավճարներ, բարդ ու ոչ հասկանալի պայմանագրեր, տույժ-տուգանքների խճճված հաշվարկ, վարկային կախվածության խթանում՝ հատկապես երիտասարդների շրջանում։ Եվ ստեղծվում է մի համակարգ, որտեղ մարդը հաճախ չի հասկանում, թե ինչ է ստորագրում, եւ միայն տարիներ անց է գիտակցում, թե ինչի մեջ է ընկել։ Իրավաբանի լեզվով ասած՝ միշտ չէ, որ կա օրենքի խախտում։ Հասարակ մարդու լեզվով ասած՝ վարկի տոկոսը դառնում է կյանքի բեռ, իսկ վարկը՝ ծուղակ։ Բայց խնդիրը միայն բանկերի մեջ չէ։ Իրենց դերն ունեն թույլ սոցիալական պաշտպանությունը, ցածր աշխատավարձերը, թանկ կյանքը, վարկով ապրելու կարիքը։ Քանի դեռ այս շղթան չի կոտրվել, մարդիկ շարունակելու են ասել. «Տոկոսի տակ ենք ընկել», եւ դրանում, ցավոք, մեծ ճշմարտություն կա։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ