ՀՀ անկախության հռչակագրի 34-ամյակի առթիվ այսօր իր հայրական օրհնանքն էր հղել նաև Ամենայն հայոց կաթողիկոսը։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը hraparak.am-ի հետ զրույցում բարեմաղթեց, որ վերագտնենք մեր ամբողջականությունը։ «Մինչ այս պահը արձանագրեցինք հետընթաց, էլ ավելի թշվառության մեջ հայտնվեցինք, ինչքան էլ փորձում ենք գետի ընթացքին հակառակ գնալ, չի ստացվում, գետն իր ուղղությամբ է տանում։ Պիտի խելքի գանք, այլապես եղածն էլ կկորցնենք, բայց դե, Աստված մեզ հետ....»,-ասաց սրբազանը։ Սրբազանի հետ զրույցում անդրադարձանք «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերափոխելուն։
«Գրաբարից հայոց պատմությունը թարգմանվում է Հայաստանի պատմություն։ Այնպես որ` դա ածանցյալն է։ Ամեն ինչ կախված է, թե ինչպես ես ընկալում, սերունդներին դաստիարակում։ Կարող ես ասել հայոց պատմություն, բայց սխալ հասկանալ, մեկնաբանել բոլորովին այլ կերպ, ինչպես նաև` կարող ես ասել Հայաստանի պատմություն, ու նորից ընկալել լրիվ այլ բան, այնպես որ ամեն ինչ կախված է ընկալումից։ Այնպես որ անունների փոփոխությունն ածանցյալ է»-նշեց սրբազանը։