Քաղաքականություն

Ջինը

Ջինը

Օրը ուրբաթ էր՝ շաբաթավերջ: Մտածում էի՝ ուրբաթը թեթեւ անցկացնեմ, շաբաթ-կիրակի լռվեմ տնային գործերիս վրա: Ամեն ինչ սկսվեց սովորականի նման՝  առավոտյան ժամը 5-ից: Հեռախոսով մտա Ֆեյսբուք, մի քանի քֆուր կարդացի, մի քանի քֆուր էլ ես տվեցի ու ճանապարհվեցի բուսաբանական այգի՝ առավոտյան պտույտներս անելու: Շքամուտքի աստիճաններին, սակայն, նկատեցի, որ աղվեսների կերը մոռացել եմ: Հետ դարձա… Ասում են՝ ճանապարհից հետ դառնալը լավ չէ, մանավանդ՝ առավոտ շուտ: Բայց աղվեսներն ի՞նչ մեղք ունեն, չէ՞: Ինչեւէ, գնացի… Երեք աղվեսից մեկը երեւաց: Ինչ տարել էի, դրեցի նրա առաջ՝ խոտերի մեջ, պտույտներս կատարեցի, ապա լապտերի լույսով մի լավ զննեցի շինարարների կատարած աշխատանքները… Հասել են այգու տարածքում բուսած սրճարանի մուտքի հատվածի սալիկապատմանը: Լավ է: Մի քիչ կապ չունի բուսական ու կենդանական աշխարհի հետ, բայց լավ է, հարթ, կոկիկ, մաքուր: Միայն թե զուռնա-դհոլ չնվագեն այդ սրճարանում ու չվախեցնեն այգու բնակիչներին՝ աղվես, սկյուռ, ոզնի, փասիան… Չէ, եղնիկ, մուֆլոն չկա դեռ: Մտածում եմ՝ Տավուշի եւ Ջերմուկի մեր ընկերներին խնդրեմ՝ մի քանի զույգ դրանցից ուղարկեն բուսաբանական այգի: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ այգի կունենանք…

Տրամադրությունս շատ ավելի բարձր կլիներ, եթե չլինեին նախորդ օրերի հիմար ձերբակալություններն ու կալանավորումները: Այ մարդ, ի՞նչ եք ուզում իրարից, ապրեք, էլի՞: Ապրածներդ մարդկային մի կյանք չի՞… Չէ, ո՞նց կլինի… Մի հիմար որոշել է կաթողիկոսին Վեհարանից հանել, մնացած հիմարներն էլ ընկել են նրա խելքին, թե բա՝ անպայման պետք է հանենք: Մեռա ասելով՝ հանգստացեք, դա հնարավոր չէ, կաթողիկոսն ուր գնում՝ Վեհարանը հետը տանում է, դուք կմնաք ավերակների վրա, երկիրը կքանդվի, ժողովուրդը… Լսող չկա: Մի հատ հանճարեղ փոխհիմար ունեն ԱԺ-ում՝ Ռուբեն է անունը: Սա կոչ է արել չտրվել սադրանքների, այլ գնալ եւ Եկեղեցին պաշտպանել կաթողիկոսից: Ուրեմն հա՛մ հոգեւորականների անհիմն ձերբակալություններով սադրել են ժողովրդին, հա՛մ էլ դիմում են ժողովրդին՝ սադրանքների չենթարկվել: Մի հարցնող լինի՝ ի՞նչդ է պակաս, այ տղա, ռոճիկդ է քի՜չ, պաշտոն չունե՜ս, պադավատ չունե՜ս… Ի՞նչ ես ուզում Եկեղեցուց: Ի վերջո, դու՝ աշխարհիկդ, ո՞վ ես, որ մարդկանց կոչ ես անում՝ հարձակվել Եկեղեցու վրա, կաթողիկոս հանել… Ո՞ւմ տեղն ես դրել մարդ արարածին, հայ մարդուն, հայ քրիստոնյային: Գոնե հասկանո՞ւմ ես, թե ինչ կարող է գալ էդ հիմար գլխիդ, երբ բահը, եղանն ու փոցխը ձեր դեմ ուղղվեն… Տեղ ունե՞ք թռնելու:  
Թումանյանը եկավ լեզվիս…
Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։
Համակարգիչս միացրի ու մտա Նիկոլի էջը, որ տեսնեմ, թե էլի ինչ է բստրել վերջին ձերբակալությունների ու ահաբեկումների ֆոնին: Ոչ մի նոր բան: Նույն հիմար դիրքով, դեմքի հիմար արտահայտությամբ նստած է «այֆոնի» տեսախցիկի առաջ: Նույն հիմար ժպիտը, «սրտիկի» նշանը, իսկ վերեւում՝ մի ծռտի գրություն. «Բարի լույս, լավ օր եւ սիրում եմ բոլորիդ»: Իրեն թվում է՝ հանճարեղ բան է մտածել: Բայց ուր է այստեղ հանճարեղ բա՞ն: Լսիր, կա՛մ էն «եւ»-ը հանիր, կա՛մ «եւ»-ից առաջ մի հատ ստորակետ դիր: Սա դեռ ոչինչ: Լավ կանեիր, որ այս օրերի ձերբակալություններից, կալանավորումներից ու ահաբեկումներից հետո ամբողջությամբ հեռացնեիր «սիրում եմ բոլորիդ» հատվածը: Այլապես ես բոլորովին այլ կերպ եմ ընկալում դա: Ոնց որ ասես՝ «ձեր տիրոջ մերը… Սիրում եմ բոլորիդ»: Դու, ինչ է, այն աստիճանի լպիրշ ես կամ այն աստիճանի ես հաբռգել, որ նույնիսկ ձե՞ռ ես առնում ինձ: Որեմն իմացիր, ես էլ քեզ եմ սիրում նույն այդ սիրով… Երեսդ անգամ չեմ ուզում տեսնել:

Բա երկչոտությունը… Դու չէի՞ր խոստացել՝ առաջնորդել Եկեղեցու դեմ պայքարը, Էջմիածնում «հատուկ» հավաք կազմակերպել, կաթողիկոսին հանել Վեհարանից: Ասում էիր, չէ՞, որ քո խնդիրը կաթողիկոսն է, Եկեղեցին չէ: Բա ո՞ւր ես, ինչո՞ւ ես թաքնվել դատախազներիդ, քննիչներիդ, դատավորներիդ, մատնիչներիդ ու բանսարկուներիդ թիկունքում… Եկել, «սրտիկիդ» ծակից ծիկրակում ես՝ «յանի լոխ լյավա, հա՞, յանի բոլորին սիրում ես, հա՞, յանի դու էս գործում չկաս, ու քո փալաս-փուլուսներն են մեղավոր, հա՞»: Փաստաբան մարդուն էլ, որ քո եղած-չեղածին կամակատար է անվանում, բռնում, ասֆալտին ես պառկեցնում, հա՞: Դա եղա՞վ՝ «սիրում եմ բոլորիդ»:

Նիկոլ, դու ջինը բաց ես թողել շշից եւ մի փորձիր ամեն գնով նրան կրկին մտցնել շշի մեջ: Այդ ջինը հիմա քո մեջ է, ու ինքն է կառավարում քեզ: Բայց երանի միայն քեզ կառավարեր… Երկիրն է կառավարում քո միջոցով՝ քո ողջ խմբակը, քո կառավարությունը, քո Աժ-ն, քո դատախազներին, քո քննիչներին, քո դատավորներին: Դու եւ քո աշխատակազմի ղեկավարը, անկախ ձեզնից, ստում եք, երբ ասում եք՝ 26-ին 100 տոկոսով ժողովուրդն է հաղթելու: Դա դուք չեք ուզում: Այդ ջինն է խոսում ձեր մեջ, ո՛չ՝ դուք: Դուք սարսափում եք ընտրություններից, դուք սարսափում եք ժողովրդի հաղթանակից, որ լինելու է բացառապես ձեր նկատմամբ: Եվ իմացեք, այս պահին ժողովուրդը ձեզնից մի բան է ակնկալում՝ մինչեւ ընտրությունները չանել քայլեր, որոնցով կհատեք մարդկային արժանապատվության բոլոր կարմիր գծերը: Ընտրություններով ավարտեք ձեր մահաբեր «կարիերան» ու ձեր ներսի ջինի հետ ռադ եղեք երկրից: Այլապես պատի տակ գնդակահարվելը կա ու կա:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image