Քաղաքականություն

ԱՄՆ անկանխատեսելի նախագահական ընտրությունը

ԱՄՆ անկանխատեսելի նախագահական ընտրությունը

ԱՄՆ գոյությունը եւ պատմությունը հազիվ երկու-երեք հարյուր տարի է հաշվվում: 5-6 հազարամյակ բոլորող մարդկային քաղաքակրթության ու պետականության պատմության մեջ դա 2-3% սխալանքի մարժային համարժեք ժամանակահատված է։ Համեմատության համար հենց Երեւանին մաս կազմող Շենգավիթի, Արին-բերդի, Կարմիր բլուրի հնագիտական տեղավայրերում հայտնաբերված քաղաքային ավերակները 5500-6000 տարվա պատմություն ունեն, ինչը նշանակում է, որ Արգիշտի արքայի կողմից, Խալդ աստծո զորությամբ, 2800 տարի առաջ տեղաբնակների հանդեպ տարած հաղթանակի եւ կառուցած ամրոցի վայրում մինչ այդ էլ ինքնակազմակերպված քաղաք-պետություն է եղել։ Հնավայրում գտնված գավազանները, թագերը, կնիքները նույնպես ձեւավորված իշխանության  եւ պետականության մասին են վկայում։ 

Ի դեպ, այդ խորքին շատ էլ համոզիչ ու հավանական է թվում հնագետների առաջարկած վարկածը, որ շումերների գլխավոր սրբավայր ու քաղաք Էրեդուի (հնչում է նաեւ Էրիդու) անունը Երեւան-Էրեբունիի վաղնջական Էրեբու անվան հնչյունափոխված տարբերակն է, որ հնդեվրոպական ծագման եւ պատկանելության շումերները, որպես նախահայրենիքից հիշողություն եւ մեծարանք, տվել են հարավային Միջագետքում կառուցած իրենց գլխավոր քաղաքին։ Հետագայում, իհարկե, Էրեդուում տարածվեցին սեմական ցեղախմբեր ու ժողովուրդներ՝ աքքադներ, ասորեստանցիներ, բաբելացիներ, հրեաներ, ասորիներ, արաբներ եւ այլն՝ անկման մատնելով Միջագետքի հնդեվրոպական քաղաքակրթությունը, բայց Էրեդուի հիշողությունն ու առասպելներն ապրում են մինչ այսօր։

Ահա՝ մարդկային այս հազարամյակների պատմության, քաղաքակրթության, ժառանգության հետ առնչություն չունեցող ԱՄՆ-ում ընդամենը մի 250 տարվա պետականության պատմություն գոյություն ունի՝ Անկախության պատերազմից եւ Հիմնադիր հայրերի գրած սահմանադրության ժամանակներից, այսինքն՝ 1780-ականների վերջից հաշված։ Եվ այդ 250 տարվա պատմության մի վիճակագրական տվյալն էլ այն է, որ այս տարի՝ 2024-ի նոյեմբերին, կայանալու է ԱՄՆ նախագահական 60-րդ ընտրությունը։ Նախագահի թեկնածուներից մեկն էլ՝ Քամալա Հարիսը, ինչ-որ զուգադիպությամբ, 2024-ին բոլորել է 60 տարին։ Սակայն արդյո՞ք թվային համընկնումները կամ աստղերը կօգնեն Հարիսին, կամ ո՞վ կընտրվի ԱՄՆ 47-րդ նախագահ՝ դեռ ոչ ոք չի համարձակվում կանխատեսել։ 

Ընտրություններն արդեն հասել են վերջնագծին, սակայն ոչ մի թեկնածուն չունի շոշափելի առավելություն մրցակցի հանդեպ, ո՛չ Հարիսը՝ Թրամփի, ո՛չ Թրամփը՝ Հարիսի։ Իհարկե, համապետական սոցիոլոգիական հարցումներով առջեւում Հարիսն է, բայց այդ առավելությունը 1.8-2%-ի սահմաններում է, ինչը դարձյալ 2-3% սխալանքի մարժայում է։ 

Արդյունքում, համոզված լինելով, որ ընտրությունների ելքը որոշելու են swing states` թարգմանաբար՝ տատանվող նահանգների մի քանի հազար չկողմնորոշված ընտրողները, Հարիսն էլ, Թրամփն էլ համարյա դուրս չեն գալիս այդ նահանգներից՝ Արիզոնա, Նեւադա, Հյուսիսային Կարոլինա, Միչիգան, Ջորջիա, Վիսկոնզին, Փենսիլվանիա։ Հանդիպում են ընտրողների տարբեր խմբերի հետ, բայց քանի որ ո՛չ Թրամփը, ո՛չ Հարիսը քաղաքական առաջնորդի ձիրք կամ խարիզմա չունեն, ավելի շատ միջոցառումների ոչ քաղաքական մասն է ուշադրություն գրավում, քան քաղաքական կրկնված ծրագրերը։ 

Թրամփը, սովորության համաձայն, օրը մի հիմարություն ասում է, բայց, դրանից բացի, Նյու Յորքում վարսավիրների էր հանդիպել ու հավատացրել, թե իրենք գրեթե «նույնական պայմաններում են ծնվել», մի հայտարարություն, որով մի քանի օր ողջ Ամերիկային ծիծաղեցրեց։ Մի ուրիշ անգամ էլ հանդիպում-հավաքից հետո անվտանգության աշխատակիցներն ինչ-որ պատճառով խորհուրդ էին տվել, որ հանդիպման ավարտը մի կես ժամով հետաձգի, ու Թրամփն ահագին սրամիտ ելք էր գտել․ երաժշտություն էին միացրել, ու բեմի վրա գտնվողները սկսել էին պարել։ Պարել էին համարյա 40 րոպե, եւ Թրամփը բեմի կենտրոնում էր ողջ այդ ընթացքում։ Իհարկե, Թրամփն ավելի շատ ռիթմի ներքո տարուբերվում էր, քան պարում, բայց մյուսները լավ էլ պարում էին։ 

Վերջապես, ինչ միայն չարժեր Թրամփի՝ տեսախցիկների առաջ McDonald's-ի վաճառակետում հայտնվելն ու պատուհանից անցորդներին բուրգեր վաճառելը... իսկը showman։ Թրամփը դժվար թե ընտրվի նախագահ, բայց որ 2024-ին էլ նա showman-ի իր պատվանդանին էր ու ահագին նորարարական, հնարամիտ շոուներ տվեց՝ փաստ է։ 

Գալով Քամալա Հարիսին․ անշուշտ, նահանգային դատախազի ու սենատորի պաշտոն զբաղեցրած անձին հարիր չէր լինի showman դառնալ, Հարիսը դժվար էլ նման տաղանդ ունենա։ Արդյունքում  Հարիսն էլ այլոց ուժերով է շոուներ տալիս։ 

Ես ամերիկյան երգիչներին համարյա չեմ ճանաչում, բայց մի քանի հոգու անուններ, ովքեր ելույթներ են ունեցել Հարիսի երաժշտական-քաղաքական հանրահավաքներին կամ կոչ են արել Հարիսին ընտրել, նույնիսկ ես այնքան եմ լսել, որ վստահ եմ՝ նրանք ամերիկյան լսարանին հանրածանոթ ֆիգուրներ են՝ Թայլոր Սուիֆթ, Բեյոնսե, Արիանա Գրանդե, Էմինեմ, Բրյուս Սփրինգստին եւ այլք։ Սակայն բոլոր այս թվարկվածները եւ մյուսներն ինչ համերգներ էլ տան, ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության մեծագույն ռոք-աստղը, որը կարողանում է տասնյակ հազարանոց աուդիտորիաներ գեներացնել, եղել եւ մնում է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման։ 

Օբաման, հատկապես վերջին օրերին, այն ակտիվությամբ է Հարիսի ընտրարշավում ներգրավվել, որ արդեն թվում է՝ ոչ թե Հարիս-Թրամփ, այլ Օբամա-Թրամփ մրցակցություն է։ Եվ Օբաման մի շատ հաջող ֆրազ էր ասել այս շաբաթ՝ հանրահավաքներից մեկում․ «Ես հասկանում եմ մարդկանց, ովքեր ցանկանում են ամեն ինչ ցնցել։ Բայց չեմ հասկանում, թե ինչու է այդ մարդկանց թվում, որ ցնցումն իրենց համար նպաստավոր ընթացքով է լինելու։ Ախր, Թրամփն իրենից բացի ուրիշ ոչ մեկի մասին ընդունակ չէ հոգալ կամ մտածել»։

Տեսնենք, թե ամերիկացիները որքանով կանսան Օբամայի նախազգուշացմանը եւ ամերիկյան էսթաբլիշմենթը ջախջախելու իրենց մոլուցքի մեջ, ի վերջո, կանգ կառնե՞ն, կգիտակցե՞ն, որ այդ մերժման մոլուցքը ոչ մի տեղ չի հասցնելու, թե՞ կընտրեն Թրամփին, հանուն ամենայն կայունի, կայացածի, հաստատունի, ընդունվածի ցնցման ու մերժման, դրանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image