Պատկերացնո՞ւմ եք, թե արտաքին քաղաքականության ասպարեզում ինտրիգային ինչ գործունեություն կծավալեր ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, եթե իր ողջ ուշադրությունը կենտրոնացներ դրա վրա: Հայությունն էլ կունենար միջազգային մակարդակի՝ սիցիլիացի Կալիոստրոյին և ֆրանսիացի կոմս Սեն-Ժերմենին մրցակից ինտրիգան: Կամ էլ, որպես փոքր ազգի ներկայացուցիչ, վերջինս հավասար կլիներ գոնե Ջոն Լոուին, բարոն Նեյհոֆին կամ էլ Շեվալյե դը Էոնին, որոնց անուններն այնքան հանրահայտ չեն, ինչպես առաջին երկուսինը: Բայց հատկապես այս օրերին երբեմնի «դուխով» Նիկոլի ուշքն ու միտքը Հայաստանի վրա է, ու այդ պատճառով էլ նրա «գլուխգործոց» մտքերը ստիպված ենք «վայելել» միայն մենք՝ հայաստանցիներս: Եվ այդ թվում իր ընտանիքի անդամները, չնայած դրանց կողմից վայելքը վստահաբար իրական է՝ առանց չակերտների:
Որպեսզի երկար չզբաղեցնեմ «Հրապարակ»-ի ընթերցողների ուշադրությունը՝ ներկայացնեմ, թե իր որ խոսքով է «մեծարգոն վարչապետն» արժանացել նման «պատվի»: ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն անդրադառնալով ՀՀ վարչսպետի աթոռից կառչած անձի վերջին գրառմանը, ըստ որի կուսակրոնությունը խախտած եկեղեցականը պետք է պատժվի, ասել էր, որ կուսակրոնությունն այն ընունած անձի երեք ուխտերից մեկն է (նաև հնազանդությունն ու աղքատությունը)։ Եվ եթե վերջինս սայթաքի դրանցից որևէ մեկում՝ թեկուզ պարբերաբար, եկեղեցին ունի հարցի կարգավորման համապատասխան կանոնակարգ: Եվ, ըստ այդմ, աշխարհիկ որևէ իշխանություն իրավունք չունի ներեկեղեցական կարգազանցության համար պատժել որևէ հոգևորականի: Ներկայացրել է նաև, թե որքան բարդ է այդ ուխտերին հետևելը: Ու որպեսզի ասելիքն ընկալելի լինի նաև նիկոլական ժեխի և հենց Նիկոլի համար՝ պատկերավոր ձևով ավելացրել է. «Էդ պոռոտախոսներից որևիցե մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել, մի շաբաթ թող փորձի առանց կնոջ ապրել…»:
Կարծում եմ, որ ասվածի ընկալման առումով որևէ խնդիր չկա: Այրն ու կինն Աստծո կողմից (կա՛մ բնության և կա՛մ նույնիսկ այլմոլորակայինների՝ ում ինչպես հարմար է) ստեղծված են զուգավորվելու համար: Ու երբ բնական այդ պահանջմունքը խախտվում է՝ մարդ կարող է ընկնել գայթակղության գիրկը: Ու դրանից խուսափելու համար, եթե, իհարկե, նման խոստում տվողը չունի ֆիզիոլոգիական խնդիրներ, անհրաժեշտ է ունենալ շատ մեծ կամք: Կարծում եմ, որ այսքանը պետք է որ հասկանան թե՛ նիկոլականները և թե՛ հատկապես ինքը՝ Նիկոլը: Բայց փոխանակ դա ընկալելու, եկեղեցու դեմ արդեն ութերորդ տարին (թեկուզ ընդհատոմներով) պայքար ծավալած Նիկոլը, մեջբերելով Սրբազանի խոսքը, առանց որևէ հիմքի շարունակում է մեղադրանքը. «Էս սրբապիղծները փաստորեն Մեծ պահքն էլ չեն պահում»: Թե ինչ կապ ուներ Մեծ պահք պահելը կամ չպահելը Սրբազանաի ասածի հետ՝ միայն իրեն է հասու: Իսկ եթե հիշենք, որ Նիկոլն առանց խոսքային մանիպուլյացիաների կյանք չունի, ապա Մեծ պահքը կապ կունենար նունիսկ այլմոլորակայինների հետ՝ եթե դա ձեռնտու լիներ ինտրիգանության վարպետին:
Կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականներով հետաքրքրվածությունը Սրբազանը գնահատում է որպես պետական շանտաժ: Ինչպես նաև հայոց եկեղեցու դեմ գործելու՝ ադրբեջանցիների հետ սինքրոն աշխատանքի վկայություն: Պատճառն այն է, որ եկեղեցին բարձրաձայնում է հարցեր, որ պետք է արվեր գործող իշխանության կողմից, սակայն չի արվում, որպեսզի դա չխնագարի ագրեսիվ թշնամուց խաղաղություն մուրալու գործընթացին: Ի դեպ, նույն կինոյից է նաև վերջինիս քաղաքացիական կնոջ կողմից հայ հոգևորականներին մանկապղծության մեջ մեղադրելու հանգամանքը: Բայց մանկապղծությունը քրեական հանցագործություն է, բայց գործ հարուցելու հիմք է նաև Աննայի կողմից հանցագործության մասին իմանալն և մինչ այդ համապատասխան մարմիններին չհայտնելը: Եթե, իհարկե, առկա են այդպիսի հոգևորականներ: բացթողում է առկա նաև քննչական կոմիտեի առումով, որ նման հայտարարությունից հետո Աննայից բացատրություն չի պահանջում:
Կարծում եմ, որ բոլոր այդ հարցերը՝ բազմաթիվ այլ հարցերի հետ մեկտեղ, իրենց լուծումը կստանան իշխանափոխությունից հետո: Իսկ մինչ այդ՝ երբ գործող իշխանության այս կամ այն չինովնիկն ընդդիմությանը մեղադրի ադրբեջանցիների հետ սինքրոն աշխատանք տանելու առումով, դրան պետք է հիշեցնել այս օրերին թշնամի պետության մամուլում ծավալված հակաեկեղեցական հիստերիայի մասին: Ինչը պարզ ցույց է տալիս, թե ովքեր են կատարում 5-րդ շարասյան դերը Հայաստանի Հանրապետությունում:
ՀԳ. Հոդվածն արդեն ուղարկվելու էր «Հրապարակ»-ի խմբագրություն՝ երբ համացանցը հիշեցրեց, որ հունիսի 1-ին ծնվել է Նիկոլը, ով ժամանակին մանուկ է եղել ու այդ օրն իր համար ենթադրաբար կրկնակի տոն է եղել: Ու մտքովս ֆանտաստիկ գաղափար անցավ՝ ի՞նչ կլիներ Հայաստանի հետ, եթե օրացույցում բացակայեր հունիսի 1-ը: