Քաղաքականություն

Թրամփը, հաստատ, մեզ վրա չէր հարձակվի

Թրամփը, հաստատ, մեզ վրա չէր հարձակվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որ երեկ գրկել ու ձեռքից բաց չէր թողնում Նիկոլ Փաշինյանին, այսօր չի ճանաչում նրան կամ ձեւ է անում, թե չի ճանաչում: Ո՞վ կարող է մարդկային տրամաբանության ծիրում բացատրել այս իրավիճակը: Թրամփը քաղաքականությո՞ւն է բանեցնում, հատուկ է անում, որ նվաստացնի՞ իր հայ գործընկերոջն ու գործընկեր երկիր Հայաստանին: Բայց ինչո՞ւ: Ի վերջո, առանց Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի հնարավոր չէր լինի Մեղրիով միջանցք ստանալ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար, ի վերջո, Նիկոլը շատ է չարչարվել, որ այդ միջանցքը լինի եւ կոչվի հենց Թրամփի անվամբ: Այսօր, սակայն, Թրամփն իր հարցական հայացքով այնպես է նայում կողքին կանգնած Փաշինյանին, ասես առաջին անգամ է տեսնում նրան: Էն, որ Հայաստանն Ալբանիա ու եսիմինչ էր անվանում, դեռ կարելի էր հասկանալ:

Դե, Թրամփն է, Ադրբեջանին էլ ուրիշ բան էր ասում: Նրա խոսքում բազմաթիվ անգամներ «նույնացել են» Ավստրիան ու Ավստրալիան, Շվեդիան ու Շվեյցարիան: Աշխարհը դրանից շուռ չի եկել: Բայց որ չճանաչի մարդուն, որի հետ թուղթ է ստորագրել, թեկուզ՝ որպես վկա, դա արդեն չափազանց է: Ես Նիկոլի տեղը լինեի, ոչ էլ կներկայանայի, թե՝ հոպար, ես Հայաստանի վարչապետն եմ, Ձեր ասած՝ «էն մյուս հրաշալի տղան»: Կարելի էր ուղղակի նույն հարցական հայացքով նայել Թրամփին եւ լուռ ձեռքսեղմումից հետո արժանապատվորեն հեռանալ: Թող Թրամփն ընկներ «վնուշկեքի» մեջ, ոչ թե դու, Նիկոլ: Արդեն քանի օր է՝ այդ հանդիպման կադրերը չեն իջնում թերթերից ու կայքերից: Բոլորը ղժժում են վրադ… Դու քեզ վատ չե՞ս զգում: Հա՛մ քեզ հատուկ հրավիրել էր, հա՛մ քեզ խայտառակեց: Դե, իսկ դու, որ երբեք դիվանագիտության մեջ չես փայլել, քո պահվածքով լիարժեք դարձրիր այդ խայտառակությունը:

Չեմ կարծում, որ Թրամփը կհարձակվեր Հայաստանի վրա, եթե Նիկոլն իրեն ավելի արժանապատիվ պահեր ու մեջքով շրջվեր դեպի նա: Ներկաներն իսկույն կարձագանքեին՝ Նիկոլը լավ շշպռեց մեծամիտ Թրամփին, որ ամենուր իրեն է վերագրում խաղաղության գործընթացները: Դե գնա, Թրամփ, ու սրանից հետո Նիկոլին մի տեղ հրավիրելուց առաջ մի լավ անգիր արա Հայաստանի աշխարհագրական դիրքը, չափիր Ալբանիայից մինչեւ Հայաստան եղած հեռավորությունը եւ, իհարկե, սերտիր այն «հրաշալի տղայի» անուն-ազգանունը:

Տեղի ունեցածը, իհարկե, նորմալ չէ որեւէ մեկի պարագայում: Ո՛չ Թրամփն արդարանալու տարբերակ ունի, ո՛չ Նիկոլը: Այս մեծ էշի հարսանիքում շահել են Ալիեւն ու Էրդողանը՝ հսկայական քայլ կատարելով «մեծ թուրանի» ճանապարհին: Մինչդեռ Ալիեւն ու Էրդողանը, բուն փաստաթղթի բովանդակությունից դատելով, միանգամայն կողմնակի անձինք են, որոնք բիրդան տիրացել են իրենց չպատկանող տարածքներին: Բա Ալիեւի խոսո՞ւյթը՝ «Զանգեզուրի միջանցք»: Թրամփն իմանա՝ ի՞նչ կասի… Եվ ես չեմ բացառում, որ Նիկոլը մոտեցել էր Թրամփին, որպեսզի կրկնի Չինաստանում եւ ոչ միայն Չինաստանում իր բարձրացրած հարցը, թե փաստաթղթում ոչ մի տեղ գրված չէ «Զանգեզուրի միջանցք», թե Ալիեւը խոսույթ է կիրառում, որը ճիշտ չէ: Բայց մի հատ մտածենք՝ միջանցքի վերահսկողությունը ձեռք գցած Թրամփին պե՞տք է, թե ինչպես կկոչվի միջանցքը: Իհարկե, ո՛չ: Այդ հարցը թող Ալիեւն ու այն «հրաշալի տղան» որոշեն: Որտեղ ուզում են, թող որոշեն՝ Ռուսաստանում, ԱՊՀ-ում, Չինաստանում… Սա էն հարսանիքի վերջին երգն է, որով փեսան դիմում է ընկերներին. «Ես իմ սիրածին առա, տղերք, ձեզ բարի գիշեր»:

Ասենք նաեւ, որ Ալիեւի գործերն էլ լավ չեն: Թրամփը հիշում է նրան, Ալիեւ է ասում, ուժեղ ղեկավար եւ այլն, բայց դա նշանակում է, որ Թրամփը դեռ բաներ ունի ստանալու նրանից: Խաղաղությունը, ինչպես ասում են, գին ունի, եւ այդ գինը, կախված խաղաղության աստիճանից, խիստ փոփոխական է: Չմոռանանք, թե Ուկրաինան ինչով վճարեց ԱՄՆ-ին խաղաղարար առաքելության համար: Տեսեք՝ ինչով է վճարում Պաղեստինը, Սիրիան, Հայաստանը… էլի շատերը: Ադրբեջանը չի կարող խուսափել դրանից, եւ Ալիեւը հասկանում է դա, այլապես ինչո՞ւ պետք է վազ տար ԱՊՀ-ի գործընկերների եւ, մասնավորապես, Պուտինի մոտ, հաշտություն խաղար Ռուսաստանի հետ ու խորամանկ ժպտար Լուկաշենկոյին, երբ սա իր արեւին կատակում էր Թրամփի «հրաշալի տղայի» հասցեին… Այսպիսի բաներ:
ՀԳ. Դե, իսկ Նիկոլի ստեղծած հիմար վիճակից հայ ժողովրդի ելքը մեկն է՝ իշխանափոխություն: Նոր իշխանություններ՝ նոր բանակցություններ, նոր իշխանություններ՝ խաղաղության նոր գործընթաց: Միայն այսպես: Հարցրեք Խաղաղության նոբելյան մրցանակի հանձնախմբին՝ ինչո՞ւ Թրամփը դուրս մնաց «պայքարից»: Պատասխանը սա է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այս «խաղաղությունը» շատ հեռու է խաղաղություն լինելուց, ով էլ այն բերած լինի: Միջանցքը շիրմա է: Կայուն խաղաղության ճանապարհն անցնում է Արցախով:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image