Մշակույթ

«Մոսկվան արցունքներին չի հավատում․ ամեն ինչ դեռ նոր է սկսվում»

«Մոսկվան արցունքներին չի հավատում․ ամեն ինչ դեռ նոր է սկսվում»

Երբ հայտնի դարձավ, որ թողարկվելու է «Մոսկվան արցունքներին չի հավատում․ ամեն ինչ դեռ նոր է սկսվում» սերիալը, արձագանքն ակնթարթային էր․ սոցկայքերը սկսեցին «պայթել» այդ մասին հրապարակումներից, կինոքննադատները բաժանվեցին ճամբարների, իսկ հանդիսատեսը սկսեց վիճել, թե արդյոք կարիք կա՞ր դասական գործին կրկին անդրադառնալու։ Ինքնին հասկանալի է, որ սերիալը ստեղծողները լուրջ ռիսկի են գնացել։ Նրանք Վլադիմիր Մենշովի նկարահանած՝ խորհրդային կինոարվեստի լեգենդ համարվող ֆիլմը, որն «Օսկարի» էր արժանացել 1981 թվականին, ոչ թե վերանկարահանել են, այլ առաջարկել են ինքնուրույն պատմություն, սակայն ծանոթ շեշտադրումներով եւ «մայր կինոնկարին» հղումներով։

1979 թվականին նկարահանված «Մոսկվան արցունքներին չի հավատում» կինոնկարը վաղուց արդեն ապրում է սեփական կյանքով։ Այն ամենից շատ դիտված ֆիլմերից է, այն մեջբերում են, դրան հղումներ են կատարում, վերադիտում են տոնական կամ սովորական օրերին։ Ոմանց համար այն Կատերինայի եւ Գոշայի պատմությունն է, այլոց համար՝ 70-ական թվականների վերջերի Մոսկվայի պատկերն է, որտեղ երազանքներն առերեսվում են դաժան իրականության հետ։ Սիրված կինոֆիլմը կարեւոր էր ու մնայուն մի քանի պատճառով․
• քանի որ ցույց էր տալիս սովորական, կյանքից վերցված պատմություն, կանանց ճակատագրեր եւ ոչ թե գաղափարապես «ճիշտ» սովետական կենսագրություններ
• բարձրացնում էր հարցեր, որոնք ակտուալ են նաեւ այսօր՝ կարելի՞ է արդյոք երջանկություն կառուցել մեծ փոփոխությունների եւ կյանքի ճակատագրական պահերին
• հանդիսատեսին նվիրեց կերպարներ, որոնք համարյա թե հարազատացել են մի քանի սերնդի համար։
Ուստի ցանկացած նախագիծ, որը թեկուզ միայն ունենա այդ վերնագիրը, միանգամից առաջացնելու է հետաքրքրություն ու ապրումների, հույզերի ալիք։ Նոր կինոսերիալի գործողությունները կատարվում են 2000-ականների սկզբներին, հետո արդեն աստիճանաբար տեղափոխվում են ներկայիս ժամանակներ։ Գլխավոր հերոսուհին` Քսյուշան, Մոսկվա է ժամանում որդու հետ՝ փախչելով բռնակալ ամուսնուց։ Մոսկվայում ծանոթանում է Օլյայի եւ Մաշայի հետ, եւ նրանց ընկերության պատմությունն էլ դառնում է սերիալի առանցքը։

Ըստ էության, Օլյան, Մաշան եւ Քսյուշան դասական գործի գլխավոր հերոսուհիներ Կատերինայի, Լյուդմիլայի եւ Անտոնինայի արտացոլանքն են` ժամանակակից տարբերակները։ Սակայն հերոսուհիներն ապրում են այլ իրականության մեջ։ Շուրջբոլորը բջջային հեռախոսներ են, սոցկայքեր, քաղաքային կյանքի այլ ռիթմ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image