Հասարակություն

Բաքվում ադրբեջաներենով քրիստոնեական պատարագ է մատուցվել

Բաքվում ադրբեջաներենով քրիստոնեական պատարագ է մատուցվել

Մինչ Հայաստանում իշխանությունները նախանձելի եռանդով շարունակում են հակաեկեղեցական արշավը, Ադրբեջանում տեղի է ունենում ճիշտ հակառակ երեւույթը։ Ադրբեջանի իշխանությունները փորձում են ամեն կերպ հաճոյանալ քրիստոնյա աշխարհին, դիրքավորվել որպես մուլտիկուլտուրալիզմի եւ մուլտիկրոնականության խաղաղ գոյակցության երկիր, որտեղ հանդուրժողականություն կա անգամ օտար կրոնների հանդեպ: Փորձում են քաղաքակիրթ դեմքով ներկայանալ աշխարհին եւ մաքրվել բարբարոսի իմիջից: Իսկ առաջին քրիստոնեական երկրի` Հայաստանի իշխանությունները ապշեցրել են ողջ աշխարհը` սեփական եկեղեցու դեմ բարբարոսական ու խելագար այս արշավով:
Ընդ որում, Ադրբեջանը ոչ միայն Բաքու-Վատիկան հարաբերություններն է սերտացնում, այլ նաեւ Բաքվի ու Ռուս ուղղափառ եկեղեցու միջեւ հարաբերությունների բարելավմամբ է զբաղվում ու, ինչը շատ ուշագրավ է, միջեկեղեցական հարաբերությունների բարելավումը չի դադարել նույնիսկ այն ժամանակ, երբ Մոսկվայի ու Բաքվի միջեւ քաղաքական հարաբերություններում զգալի սառնություն ու լարվածություն էր առաջացել, եւ երկուստեք դեմարշներ էին արձանագրում։ Փորձենք ավելի մանրամասն ներկայացնել, թե ինչի մասին է խոսքը։

Օրերս Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Սբ Յուղաբեր կանանց ուղղափառ քրիստոնեական տաճարում առաջին անգամ Սբ պատարագը հնչել է ադրբեջաներեն։ Այս մասին տեղեկացնում է Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի եւ ադրբեջանական թեմի մամուլի ծառայությունը։ Համաձայն հաղորդագրության, Սբ պատարագի եւ աղոթքների տեքստերի ադրբեջաներենով թարգմանությունը սկսվել է իրականացվել դեռեւս 22 թվականին՝ Բաքվի Ռուս ուղղափառ եկեղեցու թեմի ժամանակավոր կառավարիչ՝ Պյատիգորսկի եւ Չերկասկի արքեպիսկոպոս Ֆեոֆիլակտի արտոնությամբ։ Թարգմանությունն իրականացվել է հատուկ աշխատանքային խմբի կողմից, որը ղեկավարել է վարդապետ Ալեքսի Նիկոնորովը։ Թարգմանական հիմնական աշխատանքներն իրականացրել են Ալի Ասլանլին ու Թորալ Ագաեւը։ Անցյալ տարվա մարտին էլ լույս է տեսել ադրբեջաներեն թարգմանված ուղղափառ աղոթագիրքը։

Թարգմանական աշխատանքները շարունակվել են, նաեւ թարգմանվել են Մկրտության, Դրոշմի խորհրդակատարությունների տեքստերը, հուղարկավորության կարգը եւ այլ ծիսակատարությունների տեքստեր։
Այս տարվա մարտին Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի՝ Բաքու կատարած այցի ժամանակ թարգմանական աշխատանքները ներկայացվել են վերջինիս եւ արժանացել պատրիարքի բարձր գնահատականին։ Թարգմանված տեքստերը ռուսական ուղղափառ եկեղեցական երաժշտությանը հարմարեցրել է Ստավրոպոլի Վլադիմիրյան տաճարի երգչախմբի ռեգենտ Էմիլ Միրզոեւը։ Պատարագն էլ մատուցել է Բաքվի Սբ Յուղաբեր կանանց տաճարի ավագերեց Դիոնիսի Սվեչնիկովը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image