Հասարակություն

Արհեստական բանականությունը ձեզ պահապան

Արհեստական բանականությունը ձեզ պահապան

Արհեստական բանականությունը մեզանում համեմատաբար նոր բան է, բայց արդեն սկսել է ավերներ գործել մեր հասարակության մեջ: Շատ համակարգեր, որոնք հատուկ ստեղծվել են մարդկանցից փող պոկելու համար, այժմ աշխատում են արհեստական բանականության տնօրինության ներքո, ինչը նշանակում է, որ այդ համակարգերի հետ գործ ունեցող բոլոր մարդիկ համահարթեցված են: Այլ խոսքով՝ արհեստական բանականությունը չի նայում՝ դու Պողոսն ես, թե՞ Պետրոսը, եթե պետք է ձեզնից փող տանի, ուրեմն նույն չափանիշներով է անում դա, և նշանակություն չունի, որ Պողոսն, օրինակ, շարքային քաղաքացի է, իսկ Պետրոսը՝ ամեն ամիս պարգևավճար ստացող ՔՊ-շնիկ:

Վերցնենք ԱՊՊԱ ոլորտը: Նայում ենք գներին: Տարբեր ապահովագրողների մոտ մեկ տարվա ավտոապահովագրության գումարը տատանվում է 25 հազարից մինչև 39 հազար դրամ: Դուք, բնականաբար, նախընտրում եք 25 հազարանոցը: Ճիշտ եք անում, որովհետև բացարձակապես նույն բանն են բոլորն էլ, և վթարի դեպքում (եթե դուք մեղավոր չեք) ձեզ փոխհատուցում են ինչքան հնարավոր է՝ քիչ: Բնական հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ է մեկը դա անում 25 հազարանոց պայմանագրով, իսկ մյուսը՝ 39 հազարանոց: Ու հենց այս հարցի ուսումնասիրությունից էլ պարզվում է, որ 39 հազարանոց ապահովագրողը, բռնվեք որ չընկնեք, արհեստական բանականություն է ներդրել իր մոտ, և արհեստական բանականությունն է հաշվարկել ձեր ԱՊՊԱ-ն: Եվ ուրեմն, քաղաքացի Պողոսը, որ 2025 թվականի ԱՊՊԱ պայմանագիր ուներ N կազմակերպության հետ, բայց առանձնապես վարժ չէր առցանց պայմանագիր կնքելու գործում, առանց հետամուտ լինելու այդ սարդոստայնի նրբություններին, սեղմում է իր հեռախոսի «կնքել պայմանագիր» կոճակն ու ընկնում, շատ ներողություն, ք.քը… Ի՞նչ իմանար խեղճ Պողոսը, որ իր N կազմակերպությունն անցել է հաշվարկների կատարման նոր մեթոդաբանության և ընկել արհեստական բանականության խելքին: Մեկ տարի առաջ Պողոսը, փաստորեն, վճարել էր 20 հազար դրամ, իսկ այս տարի իր քարտից վճարեց 39 հազար դրամ, գրեթե՝ կրկնակի, և դա այն դեպքում, երբ նա իր մեղավորությամբ ոչ մի վթար չի ունեցել:
Եվ Պողոսը գնում է բողոքելու այս անարդարության դեմ: Գնում է ուղիղ այդ N ինշուրանսի գրասենյակ, թե՝ այսպես ու այսպես, պայմանագիրը չեղյալ արեք, փողս հետ տվեք՝ գնամ ուրիշ ինշուրանսի հետ պայմանագիր կնքեմ: Այստեղ սկսում են Պողոսին բացատրել՝ այ Պողոս ջան, բա չես ասի՝ նոր մեթոդաբանությամբ ենք հաշվարկել, այնտեղ մոտ 70 կրիտերիաներ կան, որոնք հաշվի առնելով էլ արհեստական բանականությունը որոշել է, որ դու պիտի վճարես 39 հազար:
-Յա՜ա՜ա՜,- զարմանում է Պողոսը,- օրինակ՝ ինչ կրիտերիաներ են ավելացել, ես նույնիսկ վթար չեմ ունեցել անցյալ տարի… Սա թալան է…
- Բա եղա՞վ, Պողոս ջան, մենք այդքան նմա՞ն ենք թալանչիների… Քո մեքենան մաշվել է, դու մեծացել ես մեկ տարով… Արհեստական բանականությունը մոտ 7 տասնյակ այսպիսի կրիտերիաներ է հաշվի առել:
-Փողս հետ տվեք, պայմանագիրը չեղյալ եմ անում,- պահանջում է Պողոսը:
-Շատ լավ, հարգելի Պողոս, լրացրեք պայմանագիրը չեղյալ անելու դիմումը, և մենք այն կչեղարկենք:
-Իսկ փո՞ղը…
-Փողը հետ կնստի ձեր հաշվին՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:
-Յա՜ա՜ա՜,- էլի զարմանում է Պողոսը,- Փողը 5 վայրկյանում քաշում եք, 5 օրում նստացնո՞ւմ: 
-Այո, 20 տոկոսով էլ պակաս: Դա է օրենքը:
Պողոսն այստեղ հաշվարկում է, որ մոտ 8 հազար կորցնելու է 39 հազարից, գումարած 2 հազար բենզին՝ էդ քեզ 10 հազար, կանգնելու տեղ չկար՝ մեքենան սխալ տեղ կանգնեցրեց՝ էդ քեզ 15 հազար… Էհ, ստացվեց նույն 25 հազարը… Տերդ մեռնի արհեստական բանականություն, ճիշտ էլ հաշվել է: Ու Պողոսը ճարահատ ձեռքը թափ է տալիս.
-Ի՞նչ արած, պայմանագիրը թող մնա:
-Ձեզ անվթար երթևեկություն, հարգելի Պողոս, մյուս տարի երկու անգամ մտածեք՝ «կնքել պայմանագիր» կոճակը սեղմելուց առաջ:

ԱՊՊԱ-ն երևի թե ամենաանմեղ ոլորտն է, որտեղ ներդրվել է արհեստական բանականությամբ աշխատող համակարգ: Դուք տեսեք, թե ինչ է կատարվում սոցիալական ապահովության ոլորտում: Արհեստական բանականությունն այստեղ ամբողջությամբ տիրել է ոչ միայն թոշակառուների ճակատագրին, այլև ոլորտից բան չհասկացող դրածո ղեկավարների ուղեղներին: Արսեն Թորոսյանի ուղեղին, օրինակ: Արհեստական բանականությունը սրան ինչ թելադրում է, այն էլ հայտարարում և անում է: Ասում է՝ թոշակները որ բարձրացնենք, թոշակառուն ավելի վատ կապրի: Ապուշություն չի՞ սա: Այո, բայց բուն ապուշը ոչ թե Արսեն Թորոսյանն է, այլ արհեստական բանականությունը, ու եթե թոշակառուների մոտ դժգոհություն առաջանա, դատի պետք է տան ոչ թե Արսեն Թորոսյանին, այլ ԱԲ-ին՝ արհեստական բանականությանը: Արսեն Թորոսյանի նման միջնորդավորաված մի ապուշ էլ կա՝ կառավարության տանն է նստում, էն ժամացույցով շենքում: Սա էլ ասել է՝ թոշակառուի տունը ցուրտ է, բայց դա ոչ թե թոշակի չափից է, այլ թոշակառուի խելքից, որովհետև պատուհանները լավ չեն փակվում: Ստացվում է, որ արհեստական բանականության որոշումները շղթայական ռեակցիայով ազդում են ողջ կառավարության վրա:

Հ.Գ. ՀՀ քաղաքացիներին որքան ժամանակ է պետք հասկանալու համար, որ իրենց ոչ թե այս խամաճիկներն են կառավարում, այլ նորին մեծություն ԱԲ-ն: Ընդդիմությունից, կարծում եմ, շատ բան է կախված այս հարցում: Պետք է վերջ տալ այս ծիծաղելի վիճակին և սրանց ուղարկել գրողի ծոցը: Հարգելի ընդդիմադիրներ, եթե դուք չեք կարողանում ապացուցել, որ սրանք դավաճան ու հարստահարիչ կազմակերպություն են, դիմեք արհեստական բանականությանը և հենց արհեստական բանականությունից էլ պահանջեք, որ դատի սրանց:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image