Քաղաքականություն

Եկեղեցին ժողովրդին վերադարձնելու կարիք չկա, ժողովրդին պետք է վերադարձնել իշխանությունը

Եկեղեցին ժողովրդին վերադարձնելու կարիք չկա, ժողովրդին պետք է վերադարձնել իշխանությունը

«Սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանքն իր վրա է առնում» 
Թուղթ Պողոսի, Առ Կորնթացիս Բ. 

Զարմանալի է, բայց աչքաթող եմ արել «եկեղեցին վերադարձնենք ժողովրդին» նիկոլական անհեթեթությունը: Արժե, որ դրա վերաբերյալ մի քանի տող գրվի: Ի գիտություն «մեծարգո» վարչապետի, հայոց եկեղեցու նկատմամբ ժողովրդի վստահությունը կրկնակի ավելի է իր վարկանիշից: Եթե, իհարկե, իր վարկանիշը գոյացել է հարցվողների անկեղծ պատասխաններից և ոչ թե պայմանավորված է վախով: Այո, վախով, քանի որ հարցման ժամանակ մարդիկ միշտ զգուշանում են՝ հանկարծ ընդդիմադիր բնույթի պատասխանների պատճառով խնդիր չունենան: Դա որպես նախկինների օրոք մի քանի տարվա սոցհարցումների համակարգող եմ վկայում: Հարցվողների մոտ այդ անհանգստությունն առկա էր թե՛ դեմ առ դեմ և թե՛ հեռախոսային հարցումների ընթացքում: Իսկ եթե նախկինների օրոք մեր կյանքը՝ քաղաքական իմաստով, համեմատենք այսօրվա իրավիճակի հետ, ապա կգտնենք սար ու ձորի տարբերություն՝ ի վնաս մեր այս օրերի:

Ուրեմն, հանգիստ կարող ենք կրկնակի պակասեցնել նրա վարկանիշը ու կստանանք իրականը՝ 15 (±) տոկոսանոց արդյունք: Դա՝ մեկ: Երկրորդ, նույնիսկ այն մարդիկ, ովքեր կարծես թե կողմ են «մեծարգոյի» վարչապետությանը, դեմ չեն եկեղեցուն: Դա պարզելու համար անհրաժեշտ է ընդամենը գումարել վերջինիս ու եկեղեցու տեսակարար կշիռները: Արդյունքում ստանում ենք ավելի քան 100 տոկոս, ինչը նշանակում է, որ Նիկոլին ձայն տվող որոշակի քանակի մարդիկ ձայն են տվել նաև եկեղեցուն: Հակառակ պատկերը, կարծում եմ, դժվար թե տեղի ունենա: Որովհետև եթե որևէ մեկն անվերապահ կողմ է եկեղեցուն, նա տեսականորեն անգամ դեմ պետք է լինի Նիկոլին: Որովհետև դեռևս որևէ մեկը չի չեղարկել «իմ բարեկամի թշնամին իմ թշնամին է» պնդումը:

Այժմ մոտեցանք «եկեղեցին վերադարձնենք ժողովրդին» նիկոլական անհեթեթությունը: Եթե հայոց եկեղեցու նկատմամբ ավելի մեծ վստահություն է առկա, քանի այդ դատողության հեղինակի, ապա դա նշանակում է, որ եկեղեցին էն գլխից ժողովրդի հետ է, ժողովրդի մեջ է և ուրիշ ոչ մի տեղ: Ինչը նշանակում է, որ վերադարձնելու կարիք բացարձակ չկա: Իսկ եթե, այնուամենայնիվ, անհրաժեշտ է ինչ-որ բան վերադարձնել ժողովրդին, ապա դա նրանից խլված իշխանությունն է: Այն իշխանությունը, որը ժողովրդի փոքրամասնությունը 2021-ին սխալմամբ զիջեց պարտության թիմին՝ խաբվելով դրա ղեկավարի խոստումներից Եվ քանի որ այդ խոստումները կյանքի չեն կոչվել, ժողովուրդն ամեն ինչ պետք է անի, որպեսզի իշխանությունը վերադարձնի իրեն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց ժողովուրդն է իշխանության սուբյեկտը, ուրեմն վարչապետի պաշտոնը զբաղեցնողն որևէ իրավունք՝ բարոյական կամ իրավական, չունի դրան դեմ գնալու համար:  

Եվ վերջապես ամենակարևորը՝ եկեղեցու «տերը» ոչ թե ժողովուրդն է, այլ Աստված: Այն վերերկրային և գերբնական ուժը, որն իր զավակին երկու հազար տարի առաջ ուղարկելով Երկիր՝ սկիզբ դրեց քրիստոնեական եկեղեցուն: Ու այդ ժամանակներից սկսած ժողովուրդն ընդամենը եկեղեցու հոտն է, իսկ եկեղեցին նրա հովիվը: Կարծում եմ, որ պարզագույն այդ ճշմարտությունը հասու է թե՛ «մեծարգո» վարչապետին և թե՛ նրա մանկլավիկներին: Բայց թե՛ ինքը և թե՛ իր մանկլավիկները կիսագրագետ մարդկանց «գնելու» համար մանիպուլյացնում են նրանց: Ավելին, ինքը դա անում է՝ իրեն ներկայացնելով որպես «լույսի հրեշտակ», ինչն ըստ Պողոս Առաքյալի կողմից Կորնթացիներին ուղղված 2-րդ Թղթի, հատուկ է սատանային, որովհետև «սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանքն իր վրա է առնում»: Եվ հենց միայն այդպիսի մեկը կարող էր հրապարակավ հայտարարել, որ իրենք, այսինքն՝ ինքը, «Հիսուս Քրիստոսին» մենակ չի թողնի: Իհարկե, ավելացնում է, որ «մենակ են թողել հերձվածի հետ», բայց դա էական չէ, որովհետև ինքը չէ որոշողը, թե ով է հերձվածը և ով ոչ: Իսկ Քրիստոսը մենակ չէ, քանի որ սրանից 1993 տարի առաջ խաչի վրա շունչը փչելով՝ նա վերակենդանացավ և երկինք համբարձվեց: Եվ տեղ գրավեց իր Հոր երկնային գահին՝ նրա կողքին:   
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image