Մշակույթ

Սուրբ գիրքն ասում է՝ մի փոփոխիր հայրենի սահմանները, իսկ ինքը եկավ ու փոփոխեց

Սուրբ գիրքն ասում է՝ մի փոփոխիր հայրենի սահմանները, իսկ ինքը եկավ ու փոփոխեց

Հարցազրույց Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանի հետ

- Տեր Ահարոն, մայիսի 9-ին Բագրատ սրբազանի առաջնորդությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հասավ Հանրապետության հրապարակ, որտեղ հավաքված բազմահազար ժողովուրդը, ի դեմս սրբազանի, մի պահանջ ներկայացրեց՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Սպասելի՞ էր նման ընթացքը։

- Ավետարանը բացենք եւ կհասկանանք, թե ինչ է կատարվում, իսկ Ավետարանի մեջ Հիսուս ասում է՝ սատանան ի սկզբանե ստախոս էր եւ մարդասպան, ու դուք հոր կողմից սատանայի զավակներ եք․․․։ Հիմա նայենք սրա 6 տարվա կառավարման ընթացքը, ի դեպ, սուրբերն ասում են՝ երբ նեռը գա, նա կլինի դերաքրիստոս, այսինքն՝ իրեն որպես Քրիստոս կներկայացնի։ Շատ նման իրավիճակ է, չէ՞․․․ ու հիմա այդ ստախոս մարդասպանին դեմ է դուրս եկել հոգեւորականը, այսինքն՝ Աստծուն ծառայողը դուրս է եկել ու նեռի դեմ պայքարում է։ Դա նշանակում է, որ հայի տեսակը պետք է դուրս գա պայքարի, կանգնի Քրիստոսի ծառայի կողքը, որպեսզի, ի վերջո, հաղթի նեռին։ Ու ես վստահ եմ՝ եթե այդ ընթացքն արդար է, Աստված տալու է այդ հաղթանակը։ Սուրբ գիրքն ասում է՝ մի փոփոխիր հայրենի սահմանները, իսկ ինքը եկավ ու փոփոխեց։ Հիշում եք նաեւ, որ նա եկավ որպես փրկիչ, որպես Քրիստոս, մինչդեռ նա նեռի ստրուկն է ու եկել է նեռի գործն անելու առաջինը քրիստոնեությունն ու Քրիստոսին ընդունած երկրում, բայց այսօր նրա դեմ դուրս է եկել հոգեւորականը, որը Քրիստոսի դեսպանն է Երկրի վրա։ Ու եթե խավար ուժեր չկան այս ամենի հետեւում, ուրեմն դա արդարության պայքար է, մղումն էլ՝ աստվածային։    

- Խնդիրը հենց դրանում է, որ իշխանությունն ասում է՝ այս ամենի հետեւում կանգնած են այլ ուժեր, շարժման մասնակիցներն էլ ԿԳԲ գործակալներ են․․․ Դուք տեսնո՞ւմ եք այդպիսի որեւէ ուղղորդում․․․

- Երբ Քրիստոս եկել էր ու քարոզչություն էր անում, էլի հազար ձեւի մերկապարանոց մեղադրանքներ էին հնչեցնում․․․ հիմա եթե նրանք փաստարկված որեւէ մեղադրանք ունենային, վաղուց կներկայացնեին։ Ի դեպ, սատանան նաեւ զրպարտիչ է, իսկ զրպարտանքը մահացու մեղքերի շարքում է, թող դա էլ ֆիքսեն ու իմանան՝ չի կարելի զրպարտել, եթե փաստ ունես, ներկայացրու։ Հին կտակարանում մի պատմություն կա․ Մովսես մարգարեն երբ եթովպացի կնոջ առավ, քույրը՝ Մարիամը, տրտնջաց սրտում, բամբասեց Մովսեսից, որ եթովպացի կին է առել, Աստված նրան բորոտությամբ վարակեց, ասաց՝ նրան չբամբասեցիր, այլ՝ ինձ։ Այնպես որ, նրանք նաեւ հոգեւոր բորոտներ են, որովհետեւ նախ զրպարտում են, հետո՝ բամբասում։ Իսկ եթե փաստարկներ ունեն, թող ներկայացնեն։ Հիմա իմ, ձեր մասին էլ շատ բան կարող են ասել, բայց նախ փաստարկներ պետք է ներկայացնեն։

- Ձեզ համար սպասելի՞ էր, որ այդքան մարդ կհամախմբվեր ու կհավաքվեր հրապարակում։ Ո՞րն է այս օրերի Ձեր տպավորությունը։

- Ժողովրդի արթնությունը, որը վաղուց կար, պարզապես միավորիչ ուժ եւ միավորող չկար, սա է ամբողջ խնդիրը։ Օրինակ, երբ նայում ենք խորհրդարանին, տեսնում ենք, որ այդտեղ դերասանություն են անում, ոչ ավելին, ընդդիմադիրները տանում են ժողովրդին, Երեւանի փողոցներով պտտում, հոգնացնում, ցասումը պարպում, վերջում ուղարկում տուն։

- Բայց սրբազանը հենց ԱԺ ընդդիմադիր թեւի հետ խորհրդակցեց վարչապետի հրաժարականի մասով, այս պարագայում մտավախություն չկա՞, որ ինչ-որ փուլից ժողովրդին էլի կուղարկեն տուն։

- Այս պահին սրբազանը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում, ինքն ի՞նչ արեց․ մարդկանց հավաքեց, բերեց հասցրեց տեղ, հիմա շարունակող է պետք։ Իսկ թուրքն ումից վախենում է՝ դու նրան պետք է ընտրես։ Մենք մարդկանց սա պետք է հաղորդենք, որովհետեւ սրբազանը հոգեւորական է եւ ինչքան էլ մեջից կիսվի, քաղաքական առաջնորդ է պետք։ Հիմա պետք է գտնել քաղաքական դաշտում մի չվաճառված մեկին, որը ոչ թե միջազգային, այլ հայկական կոնսենսուս ունենա։

- Այս օրերին շատ են շեշտում, որ թշնամին հնարավոր է օգտվի ներքաղաքական այս իրավիճակից եւ նոր պատերազմ սկսի։ Ունե՞ք նման մտավախություն։

- Եթե նկատել եք, ներկայիս ղեկավարը հենց այդ խոսքով է առաջ շարժվում՝ եթե չտամ, կռիվ կլինի, ու այսպես հերթով հանձնում է։ Մի լավ խոսք կա, ասում է՝ փոքրանում էր անտառը, մարդիկ ընտրում էին կացինը, որովհետեւ կացնի պոչը փայտից էր․․․, հիմա ինքն էլի է դա ասելու, եւ կռիվն էլ այսպես թե այնպես լինելու է, որովհետեւ Ադրբեջանում արդեն գիտաժողով են արել՝ «Արեւմտյան Ադրբեջան» անվան տակ, որն ամբողջությամբ ընդգրկում է Հայաստանի Հանրապետության տարածքը։ Դրա համար եմ ասում, որ պետք է ընտրենք մեկին, ումից թուրքը վախենում է, պատերազմն էլ անխուսափելի է, քանի դեռ նա Ալիեւի ճորտն է, Հաջիեւը հայտարարություն տարածեց ու ասաց՝ եթե ռեւանշիստ ուժերը փորձեն գալ իշխանության, քաղաքացիական պատերազմ կսկսվի, ուրեմն մեր զորքերը պետք է մտնեն՝ Փաշինյանին պաշտպանելու։ Այսինքն՝ փաստացի թուրքը պաշտպանում է սրան, իսկ եթե քո թշնամին պաշտպանում է քո ղեկավարին, դա նշանակում է, որ դու արդեն թշնամական ղեկավարության հովանու ներքո ես գտնվում եւ շատ շուտ պետք է ազատվես այդ ուռուցքից, քանի դեռ մետաստազներ չի տվել։ Եվ ես նորից ու նորից ոստիկաններին եմ ուզում խոսքս ուղղել՝ հարգարժաններ, մեղքը հետեւանք է ծնում, դուք հիմա նեռին եք պաշտպանում ու լավ իմացեք՝ Աստծուց պատուհասվելու եք, եթե խելքի չգաք, հետո չասեք՝ չենք իմացել։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image