Քաղաքականություն

Իսկ օրացույցին հոկտեմբերի 27-ն էր

Իսկ օրացույցին հոկտեմբերի 27-ն էր

ՀՀ իշխանությունները կարողացան լիուլի մունդռել նաեւ անցյալ հանգստյան օրերը: Հանգստյան օրեր որ ասում եմ, խիստ հարաբերական են արդեն 6 տարի, որովհետեւ 2018 թվից մի իշխանություն ունենք, որի գոյությունը միայն բավական է մարդկանց ներաշխարհը տակնուվրա անելու համար: Ինչեւէ՝ հերթական հոկտեմբերի 27-ն էր եւ հեծանվավազքի հերթական ստուգատեսը: Իշխանախումբն իդիոտների երկու խմբի էր վերածվել: Մի խումբն ԱԺ բակում էր, մյուսը՝ Եռաբլուրում՝ Վազգեն Սարգսյանի շիրիմի մոտ, երրորդը հետույքախաղ էր տալիս Երեւան-Վեդի տռասի վրա: Գժանոց էր: Էն, որ առաջին հարկում մեռելը դրած՝ երկրորդ հարկում տնեցիքից մեկի ծնունդն են նշում: Ծնունդն էլ, ոչ ավել ոչ պակաս, վարչապետինն էր: Այդ կապակցությամբ 100 կմ քշել էին` նոր ռեկորդ, կեցցե հեծանիվը: Երեւան-Վեդի… մի քիչ էլ որ գնան, Ադրբեջանի սահմանն է: Ըստ էության, խիստ կանխատեսելի երթուղի, որի վերջնակետը, հասկանալի է, լինելու է քիրվա Իլհամի՝ Լաչինում գտնվող ամառանոցը: 200 կմ՝ նոր ռեկորդ, կեցցե հեծանիվը:

Դե, իսկ մեռլատանը, ներողություն, առաջին հարկում սեւ ակնոցներով «ձյաձյաներն» էին՝ հայտնի քելեխ ուտողներ Քոչարյան Անդոն, Միքայելյան Սասունը, գեներալ Գագիկը եւ այլ պաշտոնատար ու անպաշտոն անձինք: Ծաղիկներ էին բերել… Պահը հանդիսավոր էր: Ու էդ հանդիսավոր պահին մեկ էլ լուր հասավ, որ նոր ռեկորդ են սահմանել երկրորդ հարկում՝ մե տուշ, մե բարձերի մեջ թավալ տվող վարչապետ, մե բացականչություն՝ կեցցե հեծանիվը … Սգո հանդիսականների ցանկությունը մեծ էր՝ միանալու վերի հարկի ուրախությանը, բայց պատշաճ չհամարեցին, քանզի իրենց շարքերում էր նաեւ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը: Հո մենակ չէի՞ն թողնելու եղբոր շիրիմի մոտ: Համ էլ հեծանվորդն էր նրանց կարգադրել՝ գնալ Եռաբլուր եւ հենց այդ օրը էշ-էշ հարցազրույցներ տալ գժանոցի բակում հավաքված ցրտահար հանրությանը: Եվ, ուրեմն, ծաղիկներ էին բերել, որ խոնարհեին, ու մեկ էլ հանրության միջից մեկը` ո՛չ դես, ո՛չ դեն, սրանց, թե՝ երկիրը ծախեցիք, էսօր ծաղիկնե՞ր եք բերել… Հիմա նայում եմ էդ ակնոցավոր «ձյաձյաներին»՝ մի կերպ են իրենց զսպում: Տարածքն էլ հակառակի պես բաց է՝ ո՛չ հայացքներն են կարողանում թաքցնել, ո՛չ էլ մի որեւէ թփի տակ պատսպարվել: Այնքան էլ խիտ էին շարվել, որ եթե ամբոխի միջից մեկը, ներողություն, թքեր, չէին կարողանա «ուխոդ» անել: Պետք էր, սակայն, դիմանալ, բնագիծը պահել: Չէ՞ որ հոկտեմբերի 27-ը հեծանվորդի համար կարեւոր թվական է, լուրջ քարոզչական գործիք, որի օգտատերերը նաեւ իրենք են՝ առաջին հարկում հավաքվածները:

Հնուց եկող սովորություն է՝ հարցազրույցներ վերցնել հանգուցյալի հիշատակը հարգելու եկած մեծամեծ մարդկանցից: Ասացի, չէ՞, այնտեղ էին Քոչարյան Անդոն, Միքայելյան Սասունը, գեներալ Գագիկը, ՀՀ նախկին վարչապետ Սարգսյան Արամը եւ բազմաթիվ այլ պաշտոնատար ու անպաշտոն անձինք: Այսինքն՝ խոսացնելու շատ մարդ կար: Բայց, ինչպես հետո պարզվեց, հեծանվորդը նշանակել էր նաեւ այդ օրվա «բանախոսներին»: Երկու արդիական թեմա պետք է շոշափեին՝ մեկն արեւմտյան վեկտորի հարցն էր, մյուսը՝ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը: Բնականաբար, առաջին հարցով պիտի Արամ Սարգսյանը խոսեր, գովերգեր արեւմտյան վեկտորը: Այդպես էլ եղավ: Իսկ ահա սահմանազատման եւ սահմանագծման հարցով պիտի փայլատակեր Միքայելյան Սասունը՝ ԵԿՄ առաջնորդը, որն այդ պրոցեսին մասնակից է եղել այնքանով, որքանով «Երկրապահի» վիլիսը՝ Կիրանցում... Ինտելեկտի մասին չեմ էլ ուզում խոսել: Նախ մի հոգոց հանեց՝ սգո հանդիսականին վայել, ապա սկսեց իմաստակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման կարեւորության մասին՝ չմոռանալով նախկիններին մեղադրել 20 տարի բանակը թալանելու մեջ: Թվում էր՝ դրանից հետո կսկսի թվարկել երկրի պաշտպանության ոլորտում իր եւ հեծանվորդի վերջին 6 տարիների նվաճումները, բայց ոչ մի նվաճում չհիշելով, մոռանալով անգամ մեռլատանը գեներալ Գագիկի խորախորհուրդ ներկայության մասին, մի ողբ կապեց, մի ողբ, թե բա՝ այսօր մենք չենք կարող դիմակայել լավ զինված Ադրբեջանին, դրա համար էլ գնում ենք սահմանազատման եւ սահմանագծման: Եվ սա ասաց մեր երեւելի «Երկրապահի» հրամանատարը, որի զինվորներն այսօր էլ առաջնագծում են՝ զենքը ձեռքներին: Հեծանվո՞րդն էր հրահանգել: Ուրիշ էլ ո՞վ կարող էր Սասունին նման հրահանգ տալ, իհարկե՝ «գերագույն գլխավոր հրամանատարը», այդ ոչ բարով հեծանվորդը, որ, հրեն, երկրորդ հարկում իսկական հեծանվաշփոթ է սարքել՝ երկրի ողբացյալ վիճակը քողարկելու եւ պաշտոնը պահելու համար:

Իսկ հիմա դառնամ քեզ՝ Արամ Սարգսյան: Եկ մի պահ մոռանանք, որ հոկտեմբերի 27 է եղել, որ այդ գործը, ինչպես հեծանվորդն է ասում, դեռ չի բացահայտվել եւ այլն: Համարենք, որ բացահայտվել է, կողքիդ կանգնած Քոչարյան Անդոն ու գեներալ Գագոն էլ կապ չունեն այդ ամենի հետ: Հիմա՝ հարց․ էդ որ ասում ես՝ ԱՄՆ-ն միշտ դեմ է եղել Մեղրիով թուրքերին միջանցք տալու գաղափարին, լո՞ւրջ ես ասում, թե՞ մտածում ես՝ քաղաքից մարդ չկա, ինչ ուզենամ՝ կասեմ: Իսկ գուցե ԱՄՆ պետքարտուղարի նախկին հատուկ խորհրդական (1990-ական թթ.), ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, ներկայում՝ Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր Փոլ Գոբլը բնիկ ճապոնացի՞ էր, որ, չգիտես ինչու, մեզ առաջարկում էր Մեղրին տալ՝ Լաչինի միջանցքի փոխարեն: Իրանի հետ սահմա՞նն է քեզ անհանգստացնում, Արամ Սարգսյան, թե՞ հեծանվորդ ղեկավարիդ անփառունակ ապագան՝ որ հա՛մ Արցախը տվեց, հա՛մ Լաչինի միջանցքը, հա՛մ էլ Հայաստանն Իրանի հետ կապող հուսալի ճանապարհը: Վազգեն Սարգսյանի հարգելի եղբայր Արամ Սարգսյան, ցավով եմ ասում` քանի դեռ դու այդ խելքին կլինես, քանի դեռ Քոչարյան Անդոյի հետ կգնաս եղբորդ գերեզմանին, քո հեծանվորդ ղեկավարը հայտարարելու է, որ հոկտեմբերի 27-ը դեռ չի բացահայտվել:

Մնացածը՝ երկրորդ հարկում:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image