Քաղաքականություն

ՔՊ-ական համայնքապետի ու ԿԿՀ-ի միջեւ պատերազը նոր թափ է ստացել

ՔՊ-ական համայնքապետի ու ԿԿՀ-ի միջեւ պատերազը նոր թափ է ստացել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եւ Վայքի ՔՊ-ական համայնքապետ Մխիթար Մաթեւոսյանի միջեւ երեքամյա պատերազմը շարունակվում է։ Կողմերը միմյանց դեմ նախորդ տարի դատարան էին դիմել եւ փոխադարձաբար հերքում-ներողություն էին պահանջում՝ միմյանց զրպարտելու, բարի համբավն արատավորելու համար։ 

Դեռեւս 3 տարի առաջ լրատվամիջոցները գրեցին, որ Վայոց Ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթեւոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչեւ 2022 թվականն այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթեւոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։ 
2024 թվականի ապրիլին Հանձնաժողովը հայտարարեց, որ վարույթ է հարուցել համայնքապետի նկատմամբ՝ պաշտոնի անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման եւ վերջինիս գործողություններում շահերի բախման հիմքով։ Իսկ դրանից առաջ՝ Հանձնաժողովը դիմել էր Վայք համայնքի ավագանուն՝ անհամատեղելիության պահանջի խախտման հիմքով Վայքի համայնքապետ Մխիթար Մաթեւոսյանի լիազորությունները դադարեցնելու հարցը քննության առնելու նպատակով: Ավագանին, սակայն, պատասխանել էր, որ համայնքի ղեկավարի գործողություններում օրենքի խախտում  չի արձանագրվել, եւ դա է վկայում Քննչական կոմիտեում քննված գործի կարճումը։ 

Պարզվում է՝ դեռեւս 2022 թվականին, երբ մամուլում նման հրապարակումներ են հայտնվել, Վայքի համայնքապետ Մխիթար Մաթեւոսյանի տեղեկացմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմել է իրավապահներին, վարույթ է հարուցվել, որը կարճվել է 2023-ի ամռանը: Թեպետ Հանձնաժողովը կարող էր բողոքարկել որոշումը, բայց սահմանված մեկամսյա ժամկետում չէր բողոքարկել, փոխարենը մեկ տարի անց ինքն էր վարույթ հարուցել, արդեն՝ 2024-ի մարտ-ապրիլ ամիսներին։ 

Մխիթար Մաթեւոսյանն իր նկատմամբ հարուցված վարույթի վերաբերյալ «Հրապարակի» հետ զրույցում 2024 թվականի ապրիլի 2-ին հայտարարել էր, որ հանձնաժողովն իր դեմ պատվեր է կատարում։ «Հիմարություն է, ինչ-որ մեկի պատվերն են իրենք կատարում։ Ես չգիտեմ, թե դա ում պատվերն է, բայց ընդհանրապես ոչ մի խնդիր չունեմ, համատեղելիության ոչ մի հարց էլ չկա»։ Համայնքապետը հարցազրույցում խոստացել էր դատի տալ Հանձնաժողովին՝ «առանց հիմքերի» նման հայտարարություն տարածելու եւ իր համբավն արատավորելու համար։ Իր հերթին Հանձնաժողովն էլ էր դատարան դիմել, Մաթեւոսյանից պահանջում էր գրավոր հերքել «Հանձնաժողովն իմ դեմ պատվեր է կատարում» արտահայտությունը։ 

Այսպիսով, առաջին ատյանի դատարաններում կողմերի հակամարտությունը լուծվել է՝ հօգուտ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի։ Դատարանը դատավոր Արմեն Ներսիսյանի նախագահությամբ ամբողջովին մերժել է քաղաքապետ Մխիթար Մաթեւոսյանի հայցը, իսկ, այ, մյուս դատարանը, որտեղ քննվում էր ԿԿՀ-ի հայցն ընդեմ Մաթեւոսյանի, դատավոր Աննա Շիլաջյանի նախագահությամբ, մեկ ամիս առաջ մասնակի բավարարվել է․

«Պարտավորեցնել պատասխանող Մխիթար Կոլյայի Մաթևոսյանին «Հերքում» խորագրի ներքո, «Հրապարակ օրաթերթ» լրատվական կայքում հերքել 02.04.2024 թվականին հրապարակված հոդվածում տեղ գտած զրպարտություն հանդիսացող հետևյալ արտահայտությունները՝ (...) ինչ-որ մեկի պատվերն են իրենք կատարում։ Ես չգիտեմ, թե դա ում պատվերն է»: 

Մխիթար Մաթեւոսյանը մեզ հետ զրույցում այսօր ասաց՝ ինքը 2 որոշումներն էլ բողոքարկել է Վերաքննիչ դատարան․ «Բողոքարկել ենք, բա ոնց»։

Եթե Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողնի որոշումը, կհերքի՞ իր խոսքերն, ասաց՝ ոչ․ «Ես համոզված եմ, որ իմ բողոքը կբավարարվի»։

-Դուք շարունակո՞ւմ եք պնդել, որ ԿԿՀ-ն ձեր դեմ պատվեր է կատարել։

-Եկեք, թողնենք դատարանի որոշումը լինի, նոր խոսենք։ Հիմա մեկնաբանություն չեմ անում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image