Հարցազրույց

«Հրապարակ». Ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներով ստիպում են, որ անցնենք Նիկոլի կողմը

«Հրապարակ». Ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներով ստիպում են, որ անցնենք Նիկոլի կողմը

«Հրապարակի» զրուցակիցը Մասյացոտնի թեմի քահանա Զարեհ Աշուրյանն է:

- Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ եւ դատարանի վճռով, շարունակում է զբաղեցնել թեմի առաջնորդի պաշտոնը: Իշխանություններին ենթակա դատարանը հաշված ժամերի ընթացքում տիրադավ առաջնորդին իր պաշտոնում վերականգնեց, այն դեպքում, երբ եկեղեցական որոշումներին դատարանը չի կարող միջամտել: Տեղեկություններ կան, որ այդ պաշտոնում վերականգնվելուց հետո Գեւորգ Սարոյանը «տեռոր» է սկսել թեմի ներսում, եւ արդեն քանի օր է՝ լարված մթնոլորտը չի հանդարտվում: Ի՞նչ իրավիճակ է այժմ:

- Իրավիճակը խիստ անհանգստացնող եւ մտահոգիչ է, որովհետեւ կան բռնաճնշումներ՝ հոգեբանական իմաստով եւ ոչ միայն: Անգամ ֆիզիկական հաշվեհարդարների սպառնալիքներ կան, ատելության գեներացում` առ այն բոլոր հոգեւորականներին, ովքեր չեն միաբանվում Նիկոլ Փաշինյանի կողմից Եկեղեցին «բարեկարգելու» կեղծ օրակարգին: Անգամ քահանաներից շատերն այս օրերին վախենում են իրենց ընտանիքի անդամներին տանը մենակ թողնել, մտածելով, որ ընտանիքի անդամներին վախեցնելով, վնասելով՝ կարող են ինչ-որ գործողություններ կատարել: Այժմ ճնշումներ կան, միանշանակ, եւ այդ ամենն արվում է պետական լծակներով` Փաշինյանի օժանդակությամբ, տեղական ինքնակառավարման մարմիններ, թաղային հեղինակություններ, ոստիկանական ուժեր, հատուկ ծառայություններ եւ այլն: Մարդկանց շանտաժով, խոստումներով փորձում են ազդեցություն ունենալ: Ամեն բան անում են, որ քահանաները միանան իրենց պիղծ ընթացքին, սակայն, փառք Աստծո, քահանաներն ամուր կանգնած են իրենց տեղում եւ լավ հասկանում են, որ տեղի ունեցող պրոցեսները մտացածին են եւ ոչ մի ազնիվ նպատակ չունեն: Ես զարմանում եմ մեր իրավապաշտպան կազմակերպությունների արձագանքի, ավելի ճիշտ` չարձագանքի վրա, որ առհասարակ ոչ մի խոսք չեն ասում շատերը: Մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են տեղի ունենում, բոլոր հնարավոր ձեւերով իշխանությունն իր ունեցած ռեսուրսներով լծվել է հոգեւորականներին ճնշելու գործին, իսկ ո՞ւր մնաց ժողովրդավարությունը: Եթե հոգեւորականին ստիպում են ընդունել այս կամ այն առաջնորդին, դա արդեն իսկ մարդու իրավունքների կոպտագույն խախտում է: Ինչ վերաբերում է թեմի նախկին առաջնորդին, որին դատարանը վերականգնել է իր պաշտոնում, ապա դատարանը չի կարող նման որոշումներ կայացնել: Դատարանը չի կարող եկեղեցու ներսում թեմի առաջնորդ նշանակել:

- Ձեր խոսքում ասացիք, որ բանը հասել է ֆիզիկական հաշվեհարդարների սպառնալիքներին, որ շատ հոգեւորականներ վախենում են իրենց ընտանիքի անդամներին տանը մենակ թողնել եւ այլն: Խնդրեմ, ավելի մանրամասն խոսեք այս մասին, ի՞նչ կոնկրետ դեպքեր գիտեք:

- Կան սպառնալիքներ, չեմ կարող անուններ տալ, որովհետեւ, եթե տամ նրանց անունները, հերթական անգամ վտանգի տակ կդնեմ նրանց: Քանի դեռ չի ստեղծվել համապատասխան միջավայր, որտեղ մենք կարող ենք ազատ խոսք ասել, պետք է զգուշանալ: Եթե հիմա կոնկրետ փաստեր ասեմ, վաղը նրանց հետ ինչ-որ մի դժբախտ պատահար կարող է տեղի ունենալ….

- Իսկ ի՞նչ սպառնալիքներ կան կոնկրետ:

- Սպառնում են, որ եթե Նիկոլի կողմը չանցնեն, դուրս կվռնդվեն, եւ շատ ավելի վատ սպառնալիքներ: Սա պղծության գագաթնակետն է, թող վախենան Աստծո դատաստանից, որը չի ուշանալու, պատժվելու են թե՛ իրենք, թե՛ իրենց սերունդները:

- Տիրադավների խումբը հայտարարություն է տարածել՝ պահանջելով չեղարկել Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովը:

- Նման պահանջ ներկայացնելու իրավունք ոչ ոք չունի: Դե եթե այդպես է, ես էլ պահանջում եմ, որ իրենք չշնչեն, այլ միայն արտաշնչեն: Պարզ է, թե այդ քամիները որտեղից են փչում: Ովքե՞ր են նրանք, որ նման բան կարողանան պահանջել: Սա իրենց համար կոլխոզի ժողով չէ, որ ամեն մեկն իր տեղից մի բան ասի, կա ավանդություն, կա ընթացակարգ, դարերով ձեւավորված մշակույթ: Հասկացանք, Նիկոլը նրանց հովանավորում է ամեն ձեւով, կանաչ լույս է վառում ամեն տեղ, ասում է` ինչ ուզում եք, արեք, ես աչք եմ փակելու, իրավապահներին էլ հրահանգել են սատարել նրանց ամեն կերպ, սրանք էլ ինչ ուզում են, խոսում են: Եհովայի վկաները ինձ դատի էին տվել, մի տարի դատարաններում քարշ էի գալիս, Եհովայի վկաների իրավունքները Հայաստանում այնքան պաշտպանված են, որ դատական նիստերին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից ներկայացուցիչներ էին գալիս` թարգմանիչներով, Հելսինկյան գրասենյակից էին ներկայացուցիչներ գալիս, չգիտես էլ որտեղից: Հիմա ո՞ւր են նրանք, ինչո՞ւ չեն կանգնում մեր կրոնական իրավունքների կողքին, ինչո՞ւ մեկ տող անգամ չեն ասում մեր մասին:

- Թեմի առաջնորդի հետ կապված այս խառնաշփոթի հանգուցալուծումն ինչպե՞ս եք տեսնում:

- Այս օրերում «հանգուցալուծում» բառին պետք է վերապահումներով մոտենալ: Տիրող մթնոլորտում, երբ իշխանությունները եկեղեցականների դեմ ատելության, բռնության բացահայտ կոչեր են անում, «հանգուցալուծում» ասվածը նախ այս իրավիճակի դադարեցումը պետք է լինի, որից հետո Եկեղեցին կլուծի իր հարցերը` ներսում: Մենք ունենք իրավունք՝ մեր պետության իշխանավորին այս կամ այն թերացման համար դիտողություն անելու, որովհետեւ Սահմանադրությունը մեզ տալիս է այդ իրավունքը, իսկ իշխանությունները չունեն իրավունք՝ մտնելու Եկեղեցու ներքին կառավարման հարցերի մեջ: Մենք նույն հարթության վրա չենք: Այդ տիրադավներն այնտեղ տարբեր պատճառներով են հայտնվել. մեկը՝ իր մեղքերի արդյունքում, մեկը` կաշառքի, ինչպե՞ս են համարձակվում Եկեղեցուն մեղադրել: Եկեղեցին ամենապետականակենտրոն կառույցն է եղել, կա եւ կմնա: Եկեղեցին պետության դեմ չէ, այլ պետությունը սխալ կառավարողների եւ կործանողների: Առավոտից երեկո Վեհափառին գործակալ են անվանում, իսկ որտե՞ղ են փաստերը: Քրեական օրնսգրքում կա համապատասխան հոդված, որտե՞ղ մնացին փաստերը: Մի թղթի կտոր են գցել հրապարակ, իսկ որտե՞ղ է ապացուցվում դրա իրական լինելը: Ամեն օր օրենքը, մարդասիրությունը, միջազգային իրավունքները Հայաստանում բռնաբարվում են` ամեն առումով: Ի՞նչ է անում միջազգային հանրությունը, ջայլամի քաղաքականություն է վարում, չի միջամտում այս խայտառակությանը: Մեզ ասում են` ապացուցեք, որ Վեհափառն անմեղ է, ինչո՞ւ պետք է մենք ամեն մի հիմարություն մեկնաբանենք: Ես իմ քահանա եղբայրներին խնդրանք ու հորդոր ունեմ` մնացեք հաստատուն, ոչ մի շանտաժի մի ենթարկվեք, ոչ մի խոստման մի հավատացեք: Իսկ նրանք, ովքեր անցել են հակառակ ճամբար, ճիշտ կանեն՝ դարձի գան:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image