Ամենալավը ծնողն է ճանաչում իր զավակին։ Ոչ թե հրապարակային կերպարը, այլ այն մարդուն, որը մնում է կուլիսներում՝ իր սահմաններով, թուլություններով, բնավորությամբ, մտավոր ունակություններով։ Այն, ինչ հանրությունը չի տեսնում էյֆորիայի պահին, ծնողը տեսնում է տարիների ընթացքում։ Երբ 2018-ին Փաշինյանի հորը հարցրին՝ հպարտանու՞մ է, որ համաժողովրդական շարժումն իր որդուն առաջնորդ ընտրեց, նա պատասխանեց՝ «Ես հպարտանում եմ իմ ժողովրդով»։ Իսկ երբ հարցը դարձավ ավելի կոնկրետ՝ տեսնո՞ւմ է նրան նախագահի պաշտոնում, հոր պատասխանը սառն էր ու հայրաբար ազնիվ․ «Ես խորհուրդ կտայի, որ ավելի խելացի մարդ առաջադրվեր»։
Մենք չլսեցինք ծնողին, ավելի ճիշտ, չուզեցինք լսել։ Էյֆորիան ավելի բարձր էր, քան հայրական խորհուրդը։ Այն, ինչ հանրությունը չի տեսնում ոգևորության աղմուկի մեջ, ծնողը տեսնում է տարիների լռության ընթացքում։ Մենք ընտրեցինք հույսը՝ ռացիոնալից վեր, առաջնորդվեցինք կեղծ զգացմունքով, բայց ոչ խոհեմությամբ ու սառանասրռտությամբ։ Մեզ պետք էր մեկը, ում վրա կդնենք մեր վիրավոր արժանապատվությունը, մեր չարդարացված սպասելիքները, մեր «այս անգամ ամեն ինչ ուրիշ կլինի»-ն։ Մենք մեր սպասելիքները դրեցինք մի մարդու մեջ ու ասացինք՝ «Դու պիտի լինես այն, ինչ մենք ուզում ենք»։
Ժողովուրդը ընտրեց ոչ թե մարդուն, այլ իր սեփական արտացոլանքը։ Իսկ դա միշտ թանկ է նստում։
Այսօր, երբ զգացմունքային ալիքը վաղուց անցել է ու ավերի հետևանքներն անչափելի են, ավելի ակնառու է դառնում պարզ ճշմարտությունը․ հայրը ճանաչում էր իր որդուն, բայց ավելին չէր կարող ասել։ Իսկ մենք՝ մեզ էինք տեսնում նրա մեջ։ Եվ ինչպես հաճախ է լինում կյանքում, տարիներ անց ստիպված ենք խոստովանել՝ հայրդ ճիշտ էր, մենք՝ սխալ։ Սա խոսում է մեր հոգեբանական հասունացման մասին, որին հասանք շատ դառը գնով։ Սա հավաքական ինքնաքննդատություն է, ես Նիկոլ չեմ ընտրել, բայց ինձ համարում եմ այդ հավաքական ամբողջության մեջ։ Մենք մտածել ենք ոչ թե գլխով, այլ նյարդային համակարգով, հույզերով։ Ժամանակն է դուրս գալ հույզերից ու մտածենք սառը գլխով։ Առավել ևս, երբ Փաշինյանը մեզ փորձում է անընդհատ տանել հուզական դաշտ, չէ՞ որ այդ դաշտում է նա ժողովրդին հաղթել․․․