Քաղաքականություն

Մղձավանջը շարունակվում է

Մղձավանջը շարունակվում է

Տեսնես` որեւէ երկրում ընտրություններ կոչվող երեւույթն այսքան զզվանք, տհաճություն, բացասական էմոցիաներ առաջացնո՞ւմ է, ինչպես մեր երկրում: Եվ այս զգացումները նոր չեն` դրանք մեզ ուղեկցում են, սկսած 1995 թվականից: Յուրաքանչյուր համապետական ընտրության հայ հասարակությունը պատրաստվում է այնպես, ինչպես շատ երկրներում չեն պատրաստվում պատերազմներին: Կարծես ազգովի ռազմաճակատ ենք գնալու, եւ հայտնի չէ, թե այդ ճակատամարտն ինչպես է ավարտվելու եւ ինչքան է տեւելու: Իսկ երբեմն դա տեւել է ամիսներ, անգամ տարիներ, երբ հետընտրական զարգացումները կամ ընտրությունների արդյունքում բանտարկված մարդկանց ազատելը մեծ ջանքեր ու ռեսուրսներ են պահանջել: Եվ որքան էլ 2018-ին թվաց, թե մենք փակել ենք ընտրակեղծարարության էջը, եւ այլեւս մեր երկրում մաքուր, արդար, ազնիվ ու թափանցիկ ընտրություններ են կայանալու, պարզվեց` չարաչար սխալվում էինք: Ընտրություններն արդար ու ազատ են այնքան ժամանակ, քանի դեռ հասարակությունն ազատ կամարտահայտությամբ ընտրում է գործող իշխանություններին: Իսկ երբ գործող իշխանությանը սկսում են մերժել, իսկ գործողները հասկացել են իշխանության քաղցրությունն ու սարսափում են իշխանությունից հետո եկող ապագայից, սկսվում է մղձավանջը` բռնաճնշումներով, վարչական ռեսուրսի դաժան կիրառմամբ, քրեական հետապնդման նողկալի մեթոդներով, երբ ոչնչի առջեւ կանգ չեն առնում:

Թեկնածուների զավակներին ու ծնողներին, մանկահասակ երեխա ունեցող կանանց, վստահված անձերին ու դիտորդներին կարող են բերման ենթարկել, զինված ջոկատներ ուղարկել՝ խուզարկություններ անելու, վախեցնել, անօրինական ձայնագրություններ անել ու հրապարակել, նախաքննական գաղտնիքներ բացահայտել:

Անել այն ամենը, ինչի դեմ պայքարում էին, երբ ընդդիմություն էին:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image