Քաղաքականություն

Ինչ ասաց Փաշինյանը

Ինչ ասաց Փաշինյանը

Արցախյան բանակցությունների բոլոր ժամանակների փաստաթղթերի հրապարակման կապակցությամբ Փաշինյանն Ազգային ժողովում մի շարք լուրջ ու վտանգավոր ինքնախոստովանություններ արեց: Ճիշտ է, նա ամեն ինչում, այդ թվում եւ Արցախի խնդրի չկարգավորման մեջ մեղադրեց ու մեղադրեց նախկիններին, խոսեց ու խոսեց իր անմեղությունից, օգտագործեց ու օգտագործեց խրթին, ընդհուպ անհասկանալի ձեւակերպումներ, բայց չկարողացավ ասել մի շատ պարզ բան՝ ի վերջո, ինքն ի՞նչ է պատասխանել ՄԽ համանախագահների 2019թ. առաջարկներին, որոնք առանձնապես ոչնչով տարբեր չեն եղել նախորդած շրջանի առաջարկներից: Փաշինյանից ես ընդամենն այդ հարցի պատասխանն էի ակնկալում, այն էլ չստացա: Բայց որ ճիշտն ասեմ, շատ էլ վշտացած չեմ դրա համար: Փոխարենը Փաշինյանը ինքնախոստովանությունների այնպիսի շքերթ կազմակերպեց ԱԺ ամբիոնից, որ նույնիսկ ոզնուն պարզ դարձավ, թե ով է հրահրել 44-օրյա պատերազմը, ով է մեղավոր մեր սարսափելի կորուստների համար, ով է «ոչնչացրել» Արցախի Հանրապետությունը, ով է հայաթափել մեր հինավուրց հայրենիքի Արցախ աշխարհը, ում խելացի քաղաքականության շնորհիվ են Հայաստանի Հանրապետության որոշ տարածքներ օկուպացվել Ադրբեջանի կողմից, ովքեր են եղել նրա «գործընկերները» 2019-ին, 2020-ին եւ հաջորդած մյուս տարիներին՝ մինչ օրս: Այս հարցերի պատասխանը մեկն է՝ Իլհամ Ալիեւի եւ Ռեջեբ Էրդողանի տանիքի տակ պատսպարվող Փաշինյանը: Նա, ինչպես ինքն է սիրում ասել, «գրեթե ամբողջությամբ եւ համակողմանիորեն» խոստովանեց դա:
Արցախյան խնդրի հետ կապված Փաշինյանի լոլոներն ինձ վաղուց չեն հետաքրքրում: Դրանք այնքան իրարամերժ ու հակասական են, որ բառերով նկարագրելն ուղղակի անհնար է: Բացեք համացանցը, մտեք Ֆեյսբուք… Փաշինյանի մասնակցությամբ լիքը տեսանյութեր կան՝ ասածս հիմնավորող: Ուստի դրա վրա հիմա ժամանակ չեմ վատնի: Եկեք կենտրոնանանք Փաշինյանի վերջին ինքնախոստովանական ցուցմունքների վրա, որոնք նա այլեւս չի կարող հերքել, որովհետեւ ո՛չ ժամանակ ունի դրա համար, ո՛չ էլ փաստարկներ:

Եվ, ուրեմն, ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Արցախի հարցի կարգավորման բոլոր փաստաթղթերով (փաթեթային, թե փուլային) կարմիր թելի պես անցնում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման սկզբունքները: Չի եղել գեթ մեկ դեպք, որ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարները հայտարարեն, որ Արցախն Ադրբեջանի մաս է, եւ կամ՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պահպանմամբ խախտվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: ՄԽ հայտարարություններում ու փաստաթղթերում (ներառյալ 2019թ․ հունիսի առաջարկները) դուք որեւէ նման կետ չեք գտնի: Հետեւաբար, Նիկոլ Փաշինյանը ստում է, ասելով, որ բանակցային ողջ գործընթացն այն մասին է, թե ինչպես Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում: Ի դեպ, Փաշինյանի այս անհիմն հայտարարությանը երեկ չէ, առաջին օրը անդրադարձել էին նաեւ ՌԴ ԱԳՆ-ից եւ հերքել այդ ցնդաբանությունը: Զախարովան մեղադրել էր ՀՀ կառավարությանը՝ առանց համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) հետ համաձայնեցնելու բանակցային փաստաթղթերի հրապարակման համար եւ ապա ընդգծել, որ առնվազն Ռուսաստանը երբեք չի տարանջատել վերոնշյալ սկզբունքները:

Նիկոլի կառավարության դիվանագիտական անգրագիտությունն էլ եթե մի կողմ թողնենք, միեւնույն է, Փաշինյանին չհաջողվեց փաստաթղթերը հրապարակել այնպես, որ դա դիտվի որպես թափանցիկ քաղաքականության դրսեւորում: Դրանք հրապարակեց խիստ տենդենցիոզ ձեւով, ինչից ակնհայտ դարձավ, որ նպատակը ոչ թե փաստաթղթերի ներկայացումն է, այլ իր ընտրազանգվածին հիմարացնելն ու Արցախն Ադրբեջանին հանձնելը (չասենք՝ ինչ գնով) արդարացնելը: Փաշինյանի բերած բոլոր «փաստարկներն» ու հախուռն «նետարձակումներն» այնքան ողբալի էին, այնքան պարզունակ, որ թվում էր՝ ԱԺ ամբիոնին է մոտեցել «մահվան» դատապարտված հանցագործը, որին վերջին խոսքի իրավունք են տրամադրել, ու նա այդ պահին ամեն ինչ անում է՝ արդարացվելու համար: Իսկ հրաշք տեղի չունեցավ: Նա իր հայտարարություններով ավելի փչացրեց գործը, ասելով` լավ եմ արել, որ Արցախը տվել եմ:

Մարդը, «հանրային գնդակահարությունից» հինգ պակաս, ասացեք, խնդրեմ, հռետորական հարց է հնչեցնում նախկին բանակցողներին՝ բա որ այդքան լավն ու հայամետ էին ձեր բանակցությունները, ինչո՞ւ չլուծվեց Ղարաբաղի հարցը: Չեմ կարծում, թե մեծ քաղտեսաբան պետք է լինել՝ Փաշինյանի այս հարցին պատասխանելու համար: Բոլորս էլ գիտենք, որ արցախյան բանակցային գործընթացի ողջ երկայնքով Արցախը եղել է հայկական, Արցախ ենք գնացել-եկել, ինչպես մեր տուն, նույն եկեղեցում էինք աղոթում, նույն բանակում ծառայում, նույն դրամական միավորն ունեինք, նույն փոստը, նույն բանկերը, նույն դպրոցը, նույն համալսարանները… Չմոռանանք նաեւ, որ Արցախում ու Հայաստանում առնվազն երկու սերունդ էր ծնվել ու մեծացել, որ չգիտեր՝ ինչ է Ադրբեջանի իշխանությունը: Ինչո՞վ մերը չէր Արցախը, ինչո՞վ մենք Հայաստան-Արցախ չէինք: Ու քանի անգամ են այդ իրողություններն իրենց Արցախ կատարած այցերով ու Արցախի Հանրապետության ղեկավարների հետ իրենց հանդիպումներով հաստատել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայացուցիչները, եվրոպական կառույցների պաշտոնյաները, Եվրախորհրդարանից եւ աշխարհի այլ երկրների խորհրդարաններից հյուրընկալված պատգամավորները:

Հիմա դու, Նիկոլ, եկել, ինձ ասում ես՝ բանակցում էին Ղարաբաղը (լեզուդ չի էլ պտտվում Արցախ ասել) Ադրբեջանի կազմում թողնելու համար: Մինչդեռ իրականում ամեն ինչ անում ես, որ արդարանաս, որ մոռացվեն Արցախի եւ Շուշիի մասին քո խայտառակ հայտարարությունները… Ամեն ինչ այսպես էլ լինելու էր, միայն թե՝ առանց զոհերի, բա մեզ պե՞տք էր Շուշիի նման դժգույն ու դժբախտ քաղաքը… Եվ ինչո՞ւ միայն Արցախի եւ Շուշիի մասին հայտարարությունները, իսկ Հայաստանի ձյունապատ լեռնե՞րը, Սեւ լի՞ճը, Գորիս-Կապան ճանապա՞րհը, Կիրա՞նցը, «Զանգեզուրի միջա՞նցքը», «անկլավնե՞րը»… Ասել է, չէ՞, որ մի քանի հարյուր քառակուսի կիլոմետրի համար չի փչացնելու հարաբերություններն Ալիեւի հետ: Եվ սա, այո, շատ բնական է, երբ երկրի ղեկավարն իր հայրենիքին վերաբերվում է որպես սովորական տարածքի, խոտհարքի, արոտավայրի:

Ասելու ոչինչ չունեմ «գնդակահարության պատի տակ կանգնածին»: Ո՛չ Հիսուսն եմ, որ թողություն տամ մեղքերին, ո՛չ էլ դահիճ, որ մի հարվածով վերջ տամ արդեն 8 տարի ձգվող այս խեղկատակությանը: Էլ բան չի մնացել անելու՝ Եկեղեցուց ու հոգեւոր դասից է կառչել՝ իբր ինքն այնքան մաքուր է… Ի՞նչ են այս պիղծ պատարագները, ի՞նչ են սրբազան հայրերի դեմ սկսված այս անհիմն հալածանքներն ու ծիծաղելի ոտնձգությունները: Դու ո՞վ ես, որ ասում ես՝ կաթողիկոսը պետք է հեռանա: Կաթողիկոսը քո աշխատողը չէ, ո՜վ մոլորյալ որդյակ: Գոնե վերջին շնչում խելքիդ տիրություն արա, որ քեզ չլքի հավերժի ճամփան բռնելուց առաջ:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image