Հասարակություն

Քաղցկեղի ցուցանիշներն աճում են

Քաղցկեղի ցուցանիշներն աճում են

Կառավարության հոկտեմբերի 22-ի նիստին վարչապետը եւ կառավարության անդամները մասնակցում էին կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելումը խորհրդանշող վարդագույն ժապավեններով։ Որպես օրվա խորհուրդ՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ հոկտեմբերը կանանց կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է։ Եվ հոկտեմբերի ընթացքում տարբեր շենքեր լուսավորելով այդ տարբերանշանով՝ մենք հիշեցնում ենք կանանց՝ անցնելու իրենց տարեկան անհրաժեշտ կանխարգելիչ հետազոտությունները։

Այս տարի պետությունը սկսել է սքրինինգային ընդլայնված ծրագիր, որով պետպատվերով փակում է սոցփաթեթի շահառուների, հաշմանդամություն ունեցող, սոցիալական տարբեր խմբերի անձանց համար նաեւ մամոգրաֆիկ հետազոտությունները։ Այսինքն՝ ուսուցիչները, բժիշկները, տարբեր պետական ծառայողներ, զինծառայողների ընտանիքների անդամներ կարող են անվճար հետազոտվել։ Նախարարի կարգախոսն էր. «Մեկ հետազոտությունը կարող է կյանք փրկել»:

Երկու ամիս անց նույն նախարարը ներկայացնում է առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը եւ դրանից բխող միջոցառումների 2024թ. հաշվետվության կատարողականը: «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը, անդրադառնալով նախարարի հրապարակած հաշվետվությանը, նշեց, որ 2024 թ. հանրապետությունում չարորակ նորագոյացություններով հիվանդների թիվը 2022 թվականի համեմատ աճել է 1874-ով, ինչը նշանակում է շուրջ 22% աճ։ Չարորակ նորագոյացություններով ապրող պացիենտների ընդհանուր թվաքանակը տարեվերջին եւս աճել է շուրջ 21%-ով։ «Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագրի կատարողականը նվազել է 48%-ով, ինչը փաստացի հակասում է նախարարության կողմից հնչեցվող կանխարգելման վերաբերյալ հայտարարություններին։ Անահիտ Ավանեսյանը երբ հոկտեմբերին՝ կանանց կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամսվա շրջանակում, կառավարության անդամների կոստյումներին ամրացնում էր սիմվոլիկ իրազեկման նշանը, լավ կլիներ՝ նույն պահին ներկայացներ նաեւ իր ղեկավարած կառույցի իրական ցուցանիշները, երբ կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի կատարողականը նվազել է 48%-ով, սքրինինգային ծրագրերի ընդհանուր ընդգրկվածությունը տարվա ընթացքում շարունակաբար անկում է ապրում, իսկ նոր դեպքերի թիվն աճում է 22%-ով»։

Անուշ Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե քաղցկեղի դեպքերի աճն ինչով է բացատրվում բնակչության ոչ պատշաճ իրազեկվածությա՞ն, թե՞ նախարարության կամ բժշկական կենտրոնների ոչ լիարժեք աշխատանքով է պայմանավորված։ «Մասնավոր բժշկական կենտրոնները մրցակցություն ապահովելու համար բերում են լավ սոնոգրաֆիայի ապարատներ, ժամանակակից համակարգչային տոմոգրաֆներ, եւ ինչքան տեխնոլոգիաները զարգանում են, այնքան քաղցկեղի հայտնաբերումն ավելի շուտ է լինում եւ ավելի վաղ շրջաններում: Երկրորդը․ մենք անդադար խոսում ենք մեր էկոլոգիայի մասին: Հայաստանում վերջին տարիներին, հատկապես մայրաքաղաքում, գրանցվում են օդի աղտոտվածության խայտառակ ցուցանիշներ, որը որ ուղղակի կապ ունի օնկոլոգիայի զարգացման հետ: Տարիներ շարունակ կատարվում է արգանդի պարանոցի քաղցկեղի հայտնաբերման սքրինինգը, այնուհետեւ՝ կրծքագեղձի մամոգրաֆիա, ինչպես նաեւ՝ պիլոտային ծրագիր արեցին ուղիղ եւ հաստ աղիքի ուռուցքների հայտնաբերման համար, սակայն, ինչպես երեւում է թվերով, տարին տարվա վրա առողջապահության նախարարության վերահսկողության, կատարված սքրինինգների թիվն իջնում է, ինչը խոսում է վատ աշխատանքի մասին, որի արդյունքում մենք չենք կարողանալու վաղ հայտնաբերել ուռուցքային պրոցեսները»:

Ո՞րն է այստեղ նախարարության բացթողումը։ «Նախարարության բացթողումն այն է, որ պետք է հստակ վերլուծեր սքրինինգների ցուցանիշները, թե որ տարածաշրջանում են թերացել, որտեղ են ավելի քիչ արվել սքրինինգները, եւ պատճառահետեւանքային կապը հասկանալ: Ինչո՞ւ բնակիչները չեն դիմել, ինչո՞ւ է 50 % սքրինինգների մասնակցությունն իջել: Այսինքն՝ պետք է ըստ տարածաշրջանների կատարի մանրակրկիտ ուսումնասիրություն, հասկանա՝ ինչն է խնդիրը եղել, բնակչության իրազեկվածությո՞ւնն է քիչ եղել, ընտանեկան բժիշկների աշխատա՞նքն է թերի եղել, թե՞ գլխավոր բժիշկներն են սխալ կազմակերպումներ արել: Այս ամենը պետք է ուսումնասիրվի, եւ միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի բնակչությունը լայն մասնակցություն ունենա այդ շատ կարեւոր ծրագրի իրականացման մեջ»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image