Քաղաքականություն

Ալիեւ, SOCAR, El Jefe․ Վաշինգտոնը ձգո՞ւմ է Ալիեւի ականջները

Ալիեւ, SOCAR, El Jefe․ Վաշինգտոնը ձգո՞ւմ է Ալիեւի ականջները

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Հենրի Քուեյեհի (Henry Cuellar) դեմ Տեքսաս նահանգի դաշնային դատարանում սպասվող դատավարության մասին վերջին մեկ շաբաթում տեղեկացան երեւի ամենքն ԱՄՆ-ում, Եվրոպայում, նաեւ՝ Հայաստանում եւ Ադրբեջանում։ Խնդիրն այն է որ Քուեյեհի դեմ քրեական գործի հիմքում կաշառակերության, փողերի լվացման եւ օտար երկրի շահերին ծառայելու մեղադրանքներ են, իսկ օտար պետությունը, որը տվել է կաշառքները, եւ որի շահերն ԱՄՆ Կոնգրեսում սպասարկել է Քուեյեհը, Ադրբեջանն է։ 

Ըստ էության, կարելի է ասել՝ միջնորդավորված կաշառատուն եւ Հենրի Քուեյեհի ծառայությունների վերջնական սպառողն անձամբ Իլհամ Ալիեւն է, քանի որ կաշառատվությունն իրականացվել է Ադրբեջանի խոշորագույն նավթագազային ընկերության՝ SOCAR-ի հաշվեհամարներից։ Իսկ SOCAR-ը ոչ միայն 100% բաժնեմասով պետական ընկերություն է, այլեւ SOCAR-ի նախագահը եւ փոխնախագահը պաշտոնի նշանակվում կամ աշխատանքից ազատվում են Իլհամ Ալիեւի հրամանագրերով։ Ի դեպ, Իլհամ Ալիեւն անձամբ այնքան է ներգրավված եղել SOCAR-ի խողովակներով Քուեյեհին կաշառելու սխեմաներում, որ 2022-ին FBI-ի (ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրո) կողմից Քուեյեհի տանն իրականացրած խուզարկությունից մեկ ամիս չանցած՝ աշխատանքից ազատել է SOCAR-ի նախագահին, հավանաբար՝ դեպի իրեն ձգվող կապերն ու թելերը թաքցնելու համար։ Կորեկով սնվող հավն էլ՝ խաշված վիճակում, թե դեռ չխաշված, չի հավատա, թե Ալիեւի հրամանագրով պաշտոնի նշանակվող եւ ազատվող SOCAR-ի նախագահը կհամարձակվեր ինքնագլուխ ԱՄՆ կոնգրեսականին կաշառք առաջարկել եւ ամբողջ մի տասնամյակ պարբերաբար կաշառքներ փոխանցել (ընդսմին, SOCAR-ի գործունեության հետ ոչ մի տեղ, ոչ մի կերպ չհատվող ծառայությունների համար)՝ առանց Ալիեւի ցուցումների եւ տնօրինության։ 

Հենրի Քուեյեհի ծառայությունների վերջնական սպառողն էլ անձամբ Իլհամ Ալիեւն է, քանի որ SOCAR-ի մասնակցությունը հանցագործության սխեմային սկսվել եւ ավարտվել է Հենրի Քուեյեհի կնոջ՝ Իմելդա Քուեյեհի (Imelda Cuellar) անվամբ բացված կեղծ ընկերությունների հաշվեհամարներին անհասկանալի խորհրդատվությունների դիմաց գումարներ փոխանցելով։ Կնոջ միջոցով Քուեյեհների ընտանեկան բյուջե ներհոսած գումարների դիմաց ծառայությունները մատուցել է արդեն ամուսինը՝ ԱՄՆ Կոնգրեսում ծավալած իր գործունեությամբ։ Ադրբեջանի շահերը սպասարկող այդ գործունեությունը համակարգվել է ոչ թե SOCAR-ի, այլ արդեն ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանի հետ։ Հասկանալի է, չլինեին անձամբ Իլհամ Ալիեւի ցուցումը եւ ներգրավվածությունը, Ադրբեջանի ԱԳՆ-ում ո՞վ կամ ի՞նչ հիմքով կհամարձակվեր Քուեյեհին մոտենալ՝ տարբեր բանաձեւերում պրոադրբեջանական, հակահայկական ձեւակերպումներ ներառել-հանելու առաջարկներով, այդ դաշտում Քուեյեհի գործունեությունը համակարգելու հավակնությամբ, այլեւս չասած՝ այդ գործունեության համար էլ Ադրբեջանի ԱԳՆ-ից դուրս խողովակով կաշառքներ վճարելու հանձնառությամբ։ 

Տեքսասի դաշնային դատարան հասած` դատախազներ JENNIFER KENNEDY GELLIE-ի եւ COREY R. AMUNDSON-ի (մասնակցությամբ դատախազներ Marco A. Palmieri-ի, Rosaleen O’Gara-ի, Celia Choy-ի եւ Garrett Coyle) կազմած մեղադրական եզրակացությունում հստակ բացահայտված եւ ապացուցված է մի կողմից SOCAR ընկերությունից Իմելդա Քուեյեհի ՍՊԸ-ներին կաշառքի գումարների փոխանցման մեխանիզմը, մյուս կողմից՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանի եւ Հենրի Քուեյեհի միջեւ համակարգման մեխանիզմը, որի շրջանակում Քուեյեհն ԱՄՆ Կոնգրեսում եւ մասնավորապես Հատկացումների հանձնաժողովում քաղաքական միջամտություններ ու քայլեր է կատարել հօգուտ Ադրբեջանի։ 

Ստորեւ մեկ-երկու ծաղկաքաղ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանի (խոսքն Էլին Սուլեյմանովի մասին է՝ 2011-21թթ․ Ադրբեջանի դեսպան ԱՄՆ-ում, 2021-ից՝ Մեծ Բրիտանիայում) եւ կոնգրեսական Հենրի Քուեյեհի միջեւ գործողությունների համակարգման գրագրությունից, որ ներառված է վերոնշյալ մեղադրական եզրակացությունում։ 

Դուք լավագույն El Jefe-ն եք 

e. 2015թ․ մայիսի 29-ին Հենրի Քուեյեհն էլեկտրոնային փոստով ադրբեջանցի Դիվանագետ 1-ին եւ Անհատ 1-ին է ուղարկում իր ելույթի տեքստը, որով պատրաստվում է հանդես գալ Ներկայացուցիչների պալատում՝ Ադրբեջանի օրվա առիթով։ Ելույթում գովաբանվում էր Ադրբեջանի պատմությունը եւ ընդգծվում էր Ադրբեջանի ռազմավարական նշանակությունն ԱՄՆ-ի համար, ի մասնավորի ասվում էր. «Իր անկախությունից ի վեր Ադրբեջանի Հանրապետությունը եղել է դաշնակից եւ առաջիններից մեկը, ով անվերապահորեն աջակցել է ԱՄՆ-ին ահաբեկչության դեմ միջազգային պայքարում՝ տրամադրելով իր օդային տարածքը եւ իր օդանավակայանները Աֆղանստանում իրականացվող «Մնայուն ազատություն» գործողության համար: Այսօր Ադրբեջանը շարունակում է մնալ ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերը»։

(e. On May 29, 2015, HENRY CUELLAR emailed Azerbaijani Diplomat-1 and Individual-1 the text of a speech that he intended to give on the floor of the House of Representatives in honor of Azerbaijani Republic Day. The proposed speech praised Azerbaijan’s  history and emphasized Azerbaijan’s strategic importance to the United States, including: “Since its independence, the Republic of Azerbaijan has been an ally and is among the first nations who offered unconditional support to the United States in the global War on Terrorism, providing its airspace and the use of its airports for Operation Enduring Freedom in Afghanistan. Today, Azerbaijan continues to be a strategic partner with the US.”)


f. 2016թ․ ապրիլի 11-ին Հենրի Քուեյեհը նամակ է գրում ԱՄՆ Պաշտոնյա 1-ին, որը բարձրաստիճան պաշտոնյա է գործադիր իշխանությունում՝ Հայաստանին մեղադրելով Ռուսաստանի proxy (վստահված անձ) լինելու մեջ՝ «ԱՄՆ-ի գործընկերներին, այդ թվում՝ Ադրբեջանին վախեցնելու» համար, եւ աջակցություն հայտնելով «Ադրբեջանի բռնագրավված տարածքներից ռազմական ուժերի դուրսբերմանը»՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը։ 2016թ․ ապրիլի 12-ին Հենրի Քուեյեհի աշխատակիցներից մեկը նամակն ուղարկել է ադրբեջանցի Դիվանագետ 1-ին՝ հայտնելով, որ նամակն «ուղարկվել է Սպիտակ տանը օրենսդրական հարցերով մեր կոնտակտին»:

(f. On April 11, 2016, HENRY CUELLAR wrote a letter to U.S. Official-1, a high-ranking Executive Branch Official, accusing Armenia of being a “proxy” for Russia “to intimidate U.S. partners, including Azerbaijan,” and expressing support for “the withdrawal of the military forces from the occupied territories of Azerbaijan,” meaning the Nagorno-Karabakh region. On April 12, 2016, one of HENRY CUELLAR’s staffers emailed the letter to Azerbaijani Diplomat-1 and stated that the letter “was sent to our White House legislative affairs contact.”)

g. 2017թ․ մարտի 31-ին Հենրի Քուեյեհը հաղորդագրություն է ուղարկել ադրբեջանցի Դիվանագետ 1-ին. «Այսօր ներկայացված ձեւակերպումները»: Ադրբեջանցի Դիվանագետ 1-ն արձագանքել է. «Դուք լավագույն El Jefe-ն (շեֆ) եք»: Հենրի Քուեյեհը պատասխանել է. «Այո, սըր»:

(g. On March 31, 2017, HENRY CUELLAR texted Azerbaijani Diplomat-1: “Submitted language today.” Azerbaijani Diplomat-1 responded: “You are the best El Jefe!” HENRY CUELLAR replied: “Yes sir.”)

h. 2017թ․ սեպտեմբերի 1-ին ադրբեջանցի Դիվանագետ 1-ը Հենրի Քուեյեհին է ուղարկում 2018 թ․ ֆիսկալ տարվա համար ներքին գործերի, շրջակա միջավայրի եւ հարակից գործակալություններին տրվող Հատկացումների ակտի փոփոխության սքրինշոթը, որն առաջարկվել էր Կոնգրեսի Հայկական հանձնախմբի անդամ Ներկայացուցիչ 2-ի կողմից: Ներկայացուցիչ 2-ի առաջարկած փոփոխությամբ նախատեսվում էր 1,5 միլիոն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներին: Այդ աշխատանքներին աջակցում էր Հայաստանը, իսկ Ադրբեջանն ընդդիմանում էր։ Հենրի Քուեյեհը պատասխանել է. «Ես դա տեսել եմ: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։
Ադրբեջանցի Դիվանագետ 1-ը պատասխանել է. «Շնորհակալություն, շեֆ»:

2017թ. սեպտեմբերի 6-ին ադրբեջանցի Դիվանագետ 1-ը եւ Հենրի Քուեյեհը փոխանակել են հետեւյալ տեքստային հաղորդագրությունները.
Ադրբեջանցի Դիվանագետ 1 - Շեֆ, Դուք ճանաչո՞ւմ եք (Ներկայացուցիչ 2-ին):
Քուեյեհ - Այո, սըր:
Ադրբեջանցի Դիվանագետ 1 - Կա՞ հնարավորություն՝ նրան ասելու, որ իր փոփոխությունը ետ կանչի, թե՞ դա տարբերակ չէ։ Այսօր դրվում է քննարկման․․․
Քուեյեհ - Ես իրեն կհարցնեմ։
 

(h. On September 1, 2017, Azerbaijani Diplomat-1 texted HENRY CUELLAR a screenshot of an amendment to the Department of Interior, Environment, and Related Agencies Appropriations Act for Fiscal Year 2018 proposed by Representative-2, a member of the Congressional Armenian Caucus. Representative-2’s amendment would appropriate $1.5 million to fund efforts to clear land mines in the Nagorno-Karabakh region. Those efforts were supported by Armenia and opposed by Azerbaijan. HENRY CUELLAR replied: “I see it. We work on it.”Azerbaijani Diplomat-1 responded, “Thank you Boss!” 
On September 6, 2017, Azerbaijani Diplomat-1 and HENRY CUELLAR exchanged the following text messages:
Azerbaijani Diplomat-1: Boss, do you know [Representative-2]?
CUELLAR: Yes sir.
Azerbaijani Diplomat-1: Any chance of talking him into withdrawing his amendment or no way? Coming up on the floor today
CUELLAR: I will ask him․)

j. 2019թ․ մարտի 8-ին ադրբեջանցի Դիվանագետ 1-ը Հենրի Քուեյեհին է ուղարկում Կոնգրեսի Հայկական հանձնախմբի անդամ Ներկայացուցիչ 3-ի թվիթի հղումը: Ներկայացուցիչ 3-ի թվիթում ասվում է. «ԱՄՆ կառավարությունն Արցախի հետ շփումներում հետեւում է ժամանակավրեպ, ինքնապարտադրված արգելքների՝ Ադրբեջանի ճնշումների պատճառով: Արցախի ճանապարհորդության եւ հաղորդակցության բանաձեւը, որ ես ներկայացրել եմ, հորդորում է ԱՄՆ-ին՝ վերջապես ճանաչել Արցախը եւ խրախուսել ԱՄՆ-Արցախ ուղիղ համագործակցության մեծացումը»: Հենրի Քուեյեհը պատասխանում է․ «Մենք պետք է համոզված լինենք, որ դա չի անցնի: Դուք հանձնաժողովում աշխատանքներ տանո՞ւմ եք»: Ադրբեջանցի Դիվանագետ 1-ը եւ Հենրի Քուեյեհը լրացուցիչ հաղորդագրություններ են փոխանակել՝ Ներկայացուցիչ 3-ի բանաձեւն արգելափակելու ուղղությամբ ադրբեջանցի Դիվանագետ 1-ի ջանքերի վերաբերյալ:

(j. On March 8, 2019, Azerbaijani Diplomat-1 texted HENRY CUELLAR a link to a tweet by Representative-3, a member of the Congressional Armenian Caucus. Representative-3’s tweet stated: “The US Gov maintains an outdated, self-imposed ban on engagement with Artsakh b/c of pressure from Azerbaijan. The Artsakh Travel & Communications Resolution I introduced urges US to finally recognize Artsakh & encourage more direct US-Artsakh cooperation.” HENRY CUELLAR replied: “We got to make sure it doesn’t pass. Are u working the Committee?” Azerbaijani Diplomat-1 and HENRY CUELLAR exchanged additional text messages about Azerbaijani Diplomat-1’s efforts to block Representative-3’s amendment.)

k. 2020թ․ ամռանն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ լարվածությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ սկսեց սրվել, ինչը գագաթնակետին հասավ 2020թ․ աշնանը՝ բաց ռազմական գործողություններով: 2020թ․ հունիսի 26-ին Հենրի Քուեյեհը հաղորդագրություն է ուղարկել ադրբեջանցի Դիվանագետ 1-ին այն մասին, որ ինքը «դիտարկում է փոփոխություն ավելացնել» երկրների մասով, ինչպիսին Հայաստանն է, որոնք ունեն ռուսական ռազմակայաններ: 2020թ․ հուլիսի 5-ին Հենրի Քուեյեհը կրկին հաղորդագրություն է ուղարկել ադրբեջանցի Դիվանագետ 1-ին՝ խոստանալով փորձել «ռազմաբազաներին առնչվող լրացուցիչ պայման ավելացնել»: 2020թ․ հուլիսի 14-ին ադրբեջանցի Դիվանագետ 1-ը եւ Հենրի Քուեյեհը նոր հաղորդագրություններ են փոխանակում՝ քննարկելով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջին սահմանային բախումները: Հենրի Քուեյեհը գրում է. «Մոտ ժամանակներս խոսենք»: Ադրբեջանցի Դիվանագետ 1-ը պատասխանում է․ «Երբ կամենաք, շեֆ․․․ Ձեր փոփոխությունն արդիական է, քան երբեւէ: Խոսքն այնտեղ ռուսական ներկայության մասին է», նկատի ունենալով Հայաստանը։ Հենրի Քուեյեհը պատասխանում է․ «Օ, այո»: 

(k. In the summer of 2020, tensions between Azerbaijan and Armenia in the Nagorno-Karabakh region began to escalate, culminating in open hostilities in the fall of 2020. On June 26, 2020, HENRY CUELLAR texted Azerbaijani Diplomat-1 that he would be “looking at an amendment to add” relating to countries, such as Armenia, that host Russian bases in their territories. On July 5, 2020, HENRY CUELLAR again texted Azerbaijani Diplomat-1, promising to attempt to “add Rider on bases.” On July 14, 2020, Azerbaijani Diplomat-1 and HENRY CUELLAR exchanged additional text messages discussing recent cross-border hostilities between Azerbaijan and Armenia. HENRY CUELLAR texted: “Let’s talk soon.” Azerbaijani Diplomat-1 replied: “Anytime Boss! And your amendment is more timely than ever. It is all about Russian presence there,” meaning Armenia. HENRY CUELLAR responded: “Oh yes.”)

Քուեյեհի դեմ գործը զինչ կցուցանէ

Հենրի Քուեյեհի դեմ դատախազների կազմած մեղադրական եզրակացությունը, ընդհանուր առմամբ, 54 էջ ծավալ ունի եւ հանցագործությունների երկու խմբի է առնչվում։ Մեկն այն է, ինչ արդեն նկարագրվեց՝ Քուեյեհն առանց FARA-ի (Foreign Agents Registration Act 1938) համաձայն Ադրբեջանի Հանրապետության գործակալ գրանցվելու, խաբեությամբ եւ կաշառակերությամբ ԱՄՆ Կոնգրեսում սպասարկել է այդ երկրի շահերը՝ վերջնահաշվում ստանալով 360 հազար դոլարի կարգի կաշառք։ Հանցագործությունների երկրորդ խումբը, որ Քուեյեհին մի փոքր ավելի քիչ եկամուտ է բերել, հանգել է մեքսիկական Azteca Bank-ից կաշառքներ վերցնելուն եւ բանկի համար շահավետ նախաձեռնություններով հանդես գալուն։ 

Հասկանալիորեն, Հայաստանում հետաքրքիր է հանցագործությունների առաջին խումբը, եւ վերը մեջբերված մեղադրական եզրակացության 1 էջ հատվածն էլ բավարար է գիտակցելու համար, որ FBI-ը (Հետախուզությունների դաշնային բյուրոն) Քուեյեհի եւ Ադրբեջանի միջեւ ծավալվող հանցագործությանը տեղյակ է եղել եւ հետեւել է 2014-ից (իրականում՝ դրանից էլ վաղ): FBI-ը խուզարկության եւ հետաքննական գործողությունների է դիմել 2022-ին, իսկ դատարան ներկայացված մեղադրական եզրակացությունը հրապարակայնացվում է միայն այսօր։ Դժվար է պատկերացնել, թե հրապարակայնացումը ներկա պահին անձամբ Իլհամ Ալիեւին ուղղված message չէ առ այն, թե Ալիեւն իրեն լավ չի պահում։ Քուեյեհի դատավարությունը չի կարող Ալիեւին պատկերացում չտալ այն մասին, թե որքան կոմպրոմատ գոյություն ունի իր դեմ, որոնցից Քուեյեհի դրվագը հազիվ թե ամենասկանդալայինն է։ Դրանք ըստ անհրաժեշտության ասպարեզ կնետվեն՝ Ալիեւին էլ ավելի վարկաբեկելու եւ միջազգային ռեզոնանսի հանցագործությունների բեռի ներքո քաղաքականապես ոչնչացնելու համար։

Հ. Գ. Հենրի Քուեյեհի դեմ մեղադրական եզրակացությունը հասանելի է հետեւյալ հղումով․ 
https://static.texastribune.org/media/files/1785edc5514548f418e6fb62e9659fb7/Cuellar20Indictment.pdf 

 

Հետաքրքիր նյութերը, որոնք ջնջվում են ֆեյսբուքի կողմից, կարող եք կարդալ այս հղումով՝ https://hraparak.am/

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image