Հասարակություն

Մեր պայքարը շարունակվում է,որի նպատակն է` հասնել մինչև Իսպանիայի կառավարություն. Արարատ Ղուկասյան

Մեր պայքարը շարունակվում է,որի նպատակն է` հասնել մինչև Իսպանիայի կառավարություն. Արարատ Ղուկասյան

Սագունտոն դարձավ Իսպանիայի 41-րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Քաղխորհրդի նիստի ժամանակ քաղաքային ավագանու բոլոր վեց` Սոցիալիստական (PSOE), Ժողովրդական (PP), Ինիցիատիվա Պորտենյա (Iniciativa Porteña), ՎՈՔՍ (VOX), Կոմպրոմիս (Compromis) և Ձախ միություն (Izquierda Unida) կուսակցությունները միաձայն ընդունել են  «Արարատ» հայկական միության միջնորդագրի հիման վրա կազմված Ինստիտուցիոնալ հայտարարությունը, որը ներկայացրել է քաղաքապետ Սոցիալիստական կուսակցության խոսնակ Ֆինա Էսպարդուսերը (Fina Esparducer) և որում մասնավորապես նշված է եղել, որ «Առաջին աշխարհամարտի ժամանակ հայերի կոտորածը ծրագրված և կազմակերպված էր Օսմանյան կայսրության կողմից և որ այն ցեղասպանություն է։ Ուստի Սագունտոն պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և հորդորում տարբեր քաղաքների, ինչպես նաև Վալենսիայի մարզային և Իսպանիայի կառավարություններին հետևել իր քայլին և նույնպես ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»: Hraparak.am-ին այս մասին տեղեկացրեց Վալենսիայի հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը։

«Քաղաքապետն իր խոսքում շնորհակալություն հայտնեց հայկական կազմակերպության ներկայացուցիչներին, ովքեր ներկա էին նիստի ժամանակ և ովքեր պայքարում են, որպեսզի վերականգնվի պատմական արդարությունը»,-նշեց Ղուկասյանը` ասելով, որ ինքն էլ իր հերթին շնորհակալ է քաղաքապետարանից  և անձամբ քաղաքապետին` հայկական հարցի նկատմամբ անաչառ և հետևողական լինելու համար։ «Պետք է միասնական պայքարենք նման հարցերում, որպեսզի, ի վերջո, հաղթի արդարությունը։ Այլապես, մոռացումն ու ուրացումը տանում են դեպի էլ ավելի դաժան հանցագործությունների, որոնց, ցավոք սրտի, ականատես ենք լինում մեր օրերում, անգամ այս ժողովրդավարական կոչվող 21-րդ դարում ։Ի դեպ նիստին ներկա են եղել  Սագունտոյի հայերը։

Մի հետաքրքիր պատմական ակնարկ գոյություն ունի Սագունտո քաղաքի մասին։ Ա Գասպար Խուան Էսկոլանոն իր «Վալենսիայի պատմության տասնամյակները» (1610-11) աշխատության մեջ գրում է, որ Սագունտոյի առաջին բնակիչները եղել են հայ ընտանիքները՝ սագեցիները, ովքեր Տուբալի (Հաբեթի որդի Թոբել) հետ թերակղզի են հասել և դրել քաղաքի առաջին հիմքերը անվանելով այն Սագունց (այսինքն` Սագեցիներ, Սագա քաղաքից): Ահա այսպիսի հետաքրքիր փաստեր ենք հայտնաբերում Իսպանիայում, որտեղ հայկական հետքի մասին բազում հետաքրքիր պատմություններ կան։

Դե իսկ մեր պայքարը շարունակվում է, որի գլխավոր նպատակն է` հասնել մինչև Իսպանիայի կառավարություն և հորդորել, որ այս երկիրը նույնպես ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- նշեց Ղուկասյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image