Քաղաքականություն

Բոլորս կհեռանա՞նք, ինչպես հեռացան արցախցիք, եթե ռուսական ռազմաբազան դուրս գա Գյումրիից

Բոլորս կհեռանա՞նք, ինչպես հեռացան արցախցիք, եթե ռուսական ռազմաբազան դուրս գա Գյումրիից

Օրվա իշխանության վարած քաղաքականության հետևանքով ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավոր դուրսբերման հարցը գյումրեցիների շրջանում քննարկման առարկա է դարձել։ Թեև պաշտոնապես որևէ որոշում չկա, գյումրեցիները մտահոգություն են հայտնում ։ Տասնամյակներ շարունակ ռազմաբազան եղել է ոչ միայն ռազմավարական, այլև սոցիալ-տնտեսական հանգույց քաղաքի համար։ Հնարավոր դուրսբերման դեպքում հարցականի տակ կդրվեն հարյուրավոր ընտանիքների եկամուտները, ինչպես նաև՝ տարածքի ապագայում  օգտագործման հարցը։

Շիրակի մարզից պատգամավոր ընտրված Մհեր Մելքոնյանը, անդրադառնալով ռազմաբազայի դուրսբերման շուրջ խոսակցություններին, hraparak.am-ին ասաց.

«Վստահ եմ, որ տարածված խոսակցությունները ռազմաբազայի դուրսբերման մասին միայն խոսակցություններ են, և իշխանությանը դա չի հաջողելու։ 

Չնայած այս իշխանության համար հիմնական դաշնակիցները Թուրքիան ու Ադրբեջանն են, իսկ մեր հիմնական դաշնակիցների` Ռուսաստանի  ու Պարսկաստանի հետ այլևս այն հարաբերությունները չեն, ինչ նախկինում էին, միևնույն է, սրանց չի հաջողվելու ոչինչ։ Լիահույս եմ, որ այս իշխանությունը նորից վերարտադրվելու շանս չի ունենալու և իրենց թուրանական ծրագիրն ավարտին հասցնել չեն կարող»։

Գյումրեցի արվեստագետ, հայտնի քանդակագործ Արթուր Գևորգյանը  hraparak.am-ի հետ զրույցում կիսվեց իր տեսակետով. «Եթե բազան դուրս գա, առաջինը՝ շատերը  լուրջ սոցիալական խնդրի առաջ կանգնեն։ Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում զսպող գործոն է։ Հայաստանը երկիր է, որն ունի երկու հիմնական հակադիր բևեռ՝ մի կողմից՝ Ռուսաստանը, մյուս կողմից՝ Արևմուտքը։ Բայց չմոռանանք նաև երրորդ բևեռը՝ Թուրքիան։ Այս իրավիճակում ռուսական գործոնի առկայությունը չափազանց կարևոր է՝ կայունության պահպանման տեսանկյունից»։ Քննարկելով ռազմաբազայի տարածքի ապագան՝ արվեստագետը որպես օրինակ բերեց  Երևանի Ադմիրալ Իսակովի փողոցը։ «Նայեք Իսակովի փողոցի քարտեզը։ Մի կողմից ռուսական փոքր  եկեղեցին է, մյուս կողմից՝ ամերիկյան դեսպանատունը, երրորդ կողմը՝ Չինաստանի դեսպանատուն։ Այդ փողոցը միաժամանակ կրում է տարբեր մշակույթների ու աշխարհաքաղաքական կենտրոնների ներկայությունը։ Բայց այս ամենի ֆոնին՝ հենց այդտեղից վեր է խոյանում մեր Եռաբլուրը։ Եվ դա, հավատացեք, մեր իրական պատկերն է։ Այն ցույց է տալիս, որ մեր գոյատևման իրական երաշխիքը մեր հերոսներն են՝ մեր զոհվածներն ու ապրող պաշտպանները։ Ոչ թե դեսպանատները, այլ մեր ամրությունը ներսից»։ Արվեստագետը շեշտեց նաև, որ ռուսական ներկայությունը ոչ միայն քաղաքական, այլև սոցիալական շերտ ունի․ «Մի բան էլ չմոռանանք՝ շատ գյումրեցիներ դեռ 1990-ականներից ի վեր ծառայել կամ աշխատել են ռազմաբազայում։ Այդ համակարգը միայն արտաքին զորք չէ․ դա նաև մեր քաղաքում ապրող մարդկանց կենսագրության մի մասն է։ Եվ այսօր այդ ամենը մի օրում վերացնելը՝ առանց հստակ ծրագրի, խոցելի կարող է դարձնել մարդկանց ու քաղաքը։ Այս խառն իրավիճակում, երբ աշխարհաքաղաքական քարտեզը մշտապես շարժման մեջ է, արմատական փոփոխությունների գնալը չափազանց վտանգավոր է մեզ համար։ Արևմուտքը կարող է ռազմաբազային փոխարինող ուժեր բերել, սակայն դա տարիների հարց է։ Արևմուտքի կողմից հնարավոր այլընտրանքային ռազմաբազա կամ անվտանգության երաշխավորությունը շուտ չի ձևավորվի։ Սա մեկ-երկու օրում չի իրականացվի, այլ տարիների հարց է։ Եվ այդ տարիների ընթացքում Հայաստանի համար առանց ռուսական ներկայության լուրջ ռիսկեր են առաջ գալու»,-ասաց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով Վրաստանի օրինակը, երբ նրանք որոշեցին հրաժարվել Ռուսաստանի ազդեցությունից, որքան  տարածքային կորուստներ ունեցան։ Արթուր Գևորգյանը նշում է նաև, որ եթե ռուսներին փոխարինի այլ ուժ, ապա գյումրեցիների համար նոր  խնդիրներ ևս  առաջ կգան․ «Եթե ռուսներին փոխարինի արևմտյան կամ այլ ուժ, այդ փոփոխությունը հեշտ չի լինի։ Գյումրեցիները ունեն իրենց առանձնահատուկ ավանդույթներն ու հավատալիքները, որոնք տարբեր են։ Այդ նոր ուժի հետ կապ հաստատելը՝ թե՛ մշակութային, թե՛ կոմունիկացիոն առումով, կարող է լուրջ խնդիրների տեղիք տալ ։ Տպավորություն է, որ այսօրվա իշխանությունները իրենց լուրջ արտահայտություններով կարծես շատ բան գիտեն, բայց երբ հետ ես նայում, հասկանում ես՝ տակը ոչինչ չկա։ Պարզապես ձևացնում են, որ կառավարում են իրավիճակը, սակայն իրականում խորքային գիտելիքներ կամ հստակ ծրագրեր չկան»,-խոսքը եզրափակեց նա։ 

Գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանն էլ hraparak.am-ի հետ զրույցում ասաց․ «Բնականաբար, շատ կարևոր է, երբ դու որպես պետություն ինքնուրյուն կկարողանաս ապահովել քո ներքին և արտաքին անվտանգությունը, բայց հասկանալի է, որ Հայաստանը ներկա կառավարիչների օրոք ի վիճակի չէ, կամ ցանկություն չունի նույնիսկ մինչ այս իրեն վերապահված սահմանները ապահովել, հետևաբար, կարևոր է հասկանալ ՌԴ բազան և սահմանապահները հեռացնելով, ինչպես են լրացնելու այդ բացը, ՆԱՏՕ֊ի զորքե՞ր, այսինք թուրքական զորախումբ են տեղակայելո՞ւ։
Դեռևս 2024 աշնանը մենք այս խնդրով հարցումներ անցկացրեցինք Շիրակի մարզի սահմանակից բնակավայրերում` Մեղրաշատից մինչ Անիավան, պատկերը ահավոր էր, պատասխանները հիմնականում շատ կտրուկ՝  «բոլորս կհեռանանք, ինչպես հեռացան արցախցիք» ։ Խաղաղության օրակարգ մեր տարածաշրջանում չկա, կա ընդամենը կեղծ օրակարգ՝ օրվա կառավարիչների կողմից ընտրությունների մասնակցելու, ժողովրդի զգայանները թուլացնելու, իսկ թուրքական աշխարհում առավել ակտուալ է դարձել Մեծ թուրանի գաղափարը, ինչը ենթադրում է Հայաստանի հայաթափում կամ ֆիզիկական բնաջնջում, ռուսական զորախմբերի հեռացումը այս պահին միմիայն կնպաստի թուրքական աշխարհի այդ գաղափարի իրագործմանը»։

Գյումրեցի քաղակտիվիստ Մհեր Խաչատրյանն էլ վստահ է․«Ես կարծում եմ, որ պատմությունը կրկնվելու է։ Կփորձեն փափուկ բարձ դնել մեր գլխի տակ՝ ժողովրդին հանգստացնելու, վստահեցնելու համար, թե ամեն ինչ վերահսկվում է։ Բայց իրականում սա կարող է վերածվել նոր ցեղասպանության նախերգանքի։ Եվ մենք գնալով ձևավորում ենք նոր թշնամի՝ այս անգամ արդեն Ռուսաստանը։ Մի մոռացեք, որ Հայաստանի տարածքը Ռուսաստանի համար ստրատեգիական լուրջ նշանակություն ունի, հատկապես Գյումրին։ Այդքան էլ հեշտ չի լինելու, որ Ռուսաստանը պարզապես թողնի ու հեռանա։ Մի քանի սցենարներ կարող են գործի դրվել՝ միայն թե չզիջեն այդ դիրքը։ Մենք բոլորս էլ գիտենք, որ անգլիական ու ֆրանսիական նավերը այստեղ չեն հասնելու։ Իսկ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն էլ այստեղ չեն հաստատվելու, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ է ու ԱՄՆ-ի դաշնակից։ Այսինքն՝ մենք մեր տեղն ու մեր խնդիրները պետք է ինքներս հասկանանք ու լուծենք, առանց դատարկ հույսերի ու արտաքին կախվածության։ Բայց ես վստահ եմ, որ այս  իշխանությանը դա չի հաջողվի։ Ժողովուրդը գիտակից է, և իր անվտանգության ու ապագայի համար պայքարը շարունակվելու է»,- hraparak.am-ին ասաց քաղակտիվիստը։

Պատմաբան, ՇՊՀ ավագ դպրոցի ուսուցիչ Արմեն Մելքոնյանն էլ պատմական դիտանկյունից է գնահատական տալիս․ «Ցանկացած պետության անկախության հիմնական գրավականը դա այն է,  երբ պետությունը ունակ է սեփական անվտանգությունն ու սահմանները պաշտպանելու։ Անվտանգություն՝ տնտեսական ու ռազմական իմաստներով։ Բայց ներկա պահին, ծանոթ չլինելով շատ կարևոր, ռազմավարական տեղեկությունների, չեմ կարող ասել՝ ինչ հետևանքներ կունենա Հայաստանից ռուսական բազայի հեռացումը։ Իմ համեստ կարծիքով՝ դեռ ժամանակավրեպ է։ Բայց միևնույն ժամանակ,  Ռուսաստանը իր թրքասիրությամբ և թշնամուն բնորոշ կեղծավորությամբ մեզ բավարար չափով չպաշտպանեց Արցախյան պատերազմի ժամանակ։ Մեզ հստակ ամենաբարձր մակարդակով հայտարարում էին, որ ճիշտ է,  Ադրբեջանը ձեր սուվերեն տարածքից է մաս գրավել, բայց մենք ձեզ համար Ադրբեջանի հետ պատերազմի մեջ չենք մտնի։ Բնական պետք է լինի  իմ ու մնացածի տրամաբանորեն վատ վերաբերմունքը։ Հիմա հարց է առաջանում,  այս Ռուսաստանի նման քաղաքականության պարագայում՝ ինչ կլինի,  եթե մենք չենք վստահում նրան։ Ինձ թվում է խնդիրը աշխարհաքաղաքականության տիրույթում է և մեզանից շատ քիչ բան է կախված։ Մասնավորապես,  Ուկրաինայի պատերազմի պարագայում,  երբ Եվրոպան էներգակիրներ` նավթ գազ չէր գնում Ռուսաստանից և երեսպաշտորեն հայտարարում էր, որ մենք ագրեսորի հետ գործ չունենք,  Ռուսաստանը իր նավթն ու գազը Ադրբեջանի և Թուրքիայի տարածքով էր վաճառում նույն Եվրոպային։ Այս ընթացքում իհարկե մենք ենք տուժում։ Հիմա կարծես դերախաղի են դուրս եկել Ռուսաստանն ու Ադրբեջանը։ Ես կարծում եմ մենք այստեղ խնդիր չունենք։ Մեզ հետ մեր արդեն այսպես կոչված դաշնակիցը ճիշտ չի վարվել և մենք պետք է ակնկալենք ու պահանջենք հստակություն։ Խնդիրը մեր դաշտում չէ խնդիրը Ռուսաստանի քաղաքական էլիտայի դաշտում է։ Մենք ցավոք այսօր գործ ունենք (ի զարմանս շատերի) ամենաթրքասեր քաղաքական կուրսը ունեցող Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը իր հատկապես ցարական շրջանում քաղաքական գիծ է ունեցել ոչնչացնել Օսմանյան կայսրությունը, վերցնել նեղուցներն ու դուրս գալ Միջերկրական ծով։ Իհարկե, մենք, այս ընթացքում պետականություն չունենալով, եղել ենք շահարկման առարկա։ Այսօր այս պարադոքսը կապենք Ռուսաստանի ղեկավարների տարիքի կամ պետության թուլացման հետ էական չէ։ Մի այլ տարբերակ նշեմ, եթե աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված Ռուսաստանի ռազմաբազան այստեղից տեղափովի այնպես,  ինչպես օրինակ Արցախից ու Սիրիայից եղավ, այդ ժամանակ մենք պետք է պատրաստ լինենք մեր անվտանգության մասին հոգ տանելու։ Կարծում եմ՝ անվտանգային խնդիրը հայ֊ռուսական հարաբերությունների ոչ թե սահմաններն ու բազան, այլ տնտեսական գործոններն են։ Անկախացումից հետո Ռուսաստանը շարունակում է մնալ մեզ համար շատ մեծ աշխատաշուկա, մեր ռազմավարական ռեսուրսների արտահանման ու ներկրման մեծագույն շուկան։ Այստեղից էլ ավելի կարևոր խնդիր է ի հայտ գալիս։ Հայաստանը չի կարողանա դառնալ տնտեսապես ինքնաբավ երկիր, համենայնդեպս մոտակա տասնամյակներում։ Այս է պատճառը, որ իմ գնահատմամբ մենք մոտակա տասնամյակում գոնե գլոբալ աշխարհաքաղաքական տեղափոխումների չենք գնա։ Բայց ամփոփելով ասեմ, որ Ռուսաստանն է մեզ ստիպում մտածել իր վարմունքի հետևանքների ու նորանոր ելքերի մասին, որը տրամաբանական եմ գտնում։ Իսկ եթե մենք կտեսնենք իրոք դաշնակցային նորմալ ու տրամաբանական հարաբերություններ , ապա էլ ավելի լավ՝ թե՛ մեզ , թե՛ Ռուսաստանի համար»,-ասաց պատմաբանը hraparak.am-ի հետ զրույցում։


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image