Հասարակություն

Հրամանները երբեմն այնքան ապօրինի են, որ դատարանները ուզում են, բայց չեն կարողանում կատարել

Հրամանները երբեմն այնքան ապօրինի են, որ դատարանները ուզում են, բայց չեն կարողանում կատարել

Սամվել Կարապետյանին այսօր կրկին տարան ԱԱԾ մեկուսարան՝ կալանքի։

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Սարգիս Պետրոսյանի՝ Սամվել Կարապետյանի կալանքը տնային կալանքով փոխելու որոշումը։

Հիշեցնենք, որ 2025 հունիսի 18-ից կիրառված ակնհայտ ապօրինի բանտային կալանքը դեկտեմբերի 30-ին փոխարինվել էր տնային կալանքով և լրացուցիչ սահմանափակումներով: Միաժամանակ քննչական մարմինը ներկայացրել է տնային կալանքի երկարաձգման միջնորդություն (օրենքի ուժով այլ միջնորդությամբ չեն կարող հանդես գալ), որով նիստը նշանակվել է կրկին այսօր Հակակոռուպցիոն դատարանում։ 

Փաստաբան Երվանդ Վարոսյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Կարապետյանին արդեն երկրորդ անգամ բանտարելու ապօրինի որոշմանը, ասաց․ «Իրավական առումով այս պրոցեսը չունի վերլուծության կարիք։ Հայաստանում իշխում է մեկը՝ միահեծան ու միանձնյա։ Նրա կամքը ինչպես ուզում է, այդպես էլ դատարանները գործում են։ Նա իր իշխանությունը պահելու համար բացառապես ամեն ինչի ընդունակ է, այդ թվում՝ իրավական ռեպրեսիաների։ Հայաստանում, ցավոք, չկա ինքնուրույն գործող իրավական համակարգ, երբեք չի էլ եղել, դատարանները կատարողի դերում են հայտնվել»։ 

Փաստաբան Վարոսյանը կարծում է, որ երբեմն լինում են դեպքեր, որ հրամաններն այն աստիճան ապօրինի են լինում, որ դատավորները պարզապես չեն կարողանում դրանք կատարել։ Նա կարծում է, որ դեկտեմբերի 30-ին, Կարապետյանի խափանման միջոցի փոփոխությունը հենց այդ տրամաբանության մեջ էր․ «Թեպետ կդժվարանամ հստակ գնահատականներ տալ, քանի որ գործի մանրամասներին չեմ տիրապետում, սակայն քիչ չեն դեպքերը, որ դատարանները պարզապես չեն կարողանում ապօրինի հրամանները կատարել, քանի որ դրանք երբեմն լինում են այնքան ապօրինի, որ դրանց կատարումն ուղղակի անհնար է լինում։ Ցավալին այն է, որ արևմտյան կառույցները ոչ միայն չեն դատապարտում, կամ չեն արձագանքում այս ապօրինություններին, այլև երբեմն գովեստի խոսքեր են շռայլում իշխանություններին։ Տարբեր դեսպաններից էլ երբեմն լսում ենք գովասանքի խոսքեր, ինքը քաղաքականության արդյունք է։ Մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, իրավական պետության գաղափարների վրա միջազգային հանրություն ասվածը թքած ունի ամենաբարձր աշտարակից»։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image