Արթիկի համայնքապետարանն ապրիլի 23-ին հանրային լսումներ էր կազմակերպել՝ Արթիկ քաղաքի Ազատության հրապարակում գտնվող՝ Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշակոթողը Բարեկամության այգի տեղափոխելու չարչրկված նախագծի վերաբերյալ: Մենք տեղեկացանք, որ Արթիկի ՔՊ-ական համայնքապետ Անանիկ Ոսկանյանը, որը գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկն է, եւ որի մուտքը ՌԴ 50 տարով արգելվել է, համայնքում 1965 թվականին կառուցված՝ Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշակոթողը որոշել է ապամոնտաժել եւ տեղափոխել:
ԿԳՄՍՆ-ն եւս այս հարցը 2025 թվականին քննարկման էր դրել: Արթիկի համայնքապետի օգնական Սեւան Պետոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հանրային լսումն անցել է շատ դրական մթնոլորտում, հրավիրված են եղել Արթիկ համայնքում շատ հայտնի անձինք, այդ թվում՝ Արթիկի նախկին քաղաքապետեր Խաչատուր Վարագյանն ու Արսեն Աբրահամյանը, հայտնի նկարիչ Երվանդ Բիչախչյանը, այլք. «Ներկա գտնված բոլոր անձինք միահամուռ դրական որոշում են կայացրել, որ Արթիկ քաղաքի Ազատության հրապարակում գտնվող՝ Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշակոթողը տեղափոխվի Բարեկամության այգի: Ընդ որում, նաեւ տրվել են հիմնավորումներ՝ հուշապատի արտաքին տեսքի, հուշապատի տեղափոխման անհրաժեշտության հետ կապված, որը, ինչպես ժամանակին կառուցվել է, հիմա արդեն չի համապատասխանում ներկա ճարտարապետական եւ նկարչական լուծումներին: Արթիկի նախկին քաղաքապետեր Խաչատուր Վարագյանը եւ Արսեն Աբրահամյանն ասել են, որ իրենք նույնպես իրենց կառավարման տարիներին կողմ են եղել հուշապատի տեղափոխմանը, հարցը բարձրացրել են, բայց ֆինանսների բացակայության պատճառով եւ ելնելով այլ հանգամանքներից՝ չեն կարողացել այն իրականացնել: Նախկինում քաղաքային խորհրդի դեպուտատ Յուրի Սահակյանը եւ Սուրիկ Սահակյանն ասել են, որ դեռեւս 1993 թվականին է այդ հարցը քննարկվել: Սուրիկ Սահակյանը մասնակից է եղել հուշարձանի կառուցման աշխատանքներին, նրա հայրը եղել է հուշապատի կառուցման աշխատանքների ճարտարապետական խմբի անդամ, իրենք դեռեւս 1965 թվականին չեն ցանկացել, որ այդտեղ հուշապատ կառուցվի: Ուղղակի այն ժամանակ չեն կարողացել այդ ամեն ինչին դեմ գնալ, իսկ 1993 թվականին Արթիկի քաղաքային խորհրդի ձեւավորման ժամանակ հարցը բարձրացվել է, սակայն մերժվել է, որովհետեւ այն ժամանակ դեռեւս կենդանի են եղել Հայրենական պատերազմի մասնակից մարդիկ, եւ ժողովրդի ռեակցիան բացասական է եղել, իսկ հիմա բոլորը միահամուռ կողմ են արտահայտվել»:
«Հուշապատն իր ծավալով մեծ է, հրապարակը շատ փոքր է: Հարակից շենքերը բարձր են, կարծես թե հուշարձանին ճնշում են: Այն կողքերից դիտման կետ չունի, դեմը փողոց է, մարդը չի կարող այդտեղից կանգնել ու նայել: Բարելյեֆը սկիզբ ու վերջ պետք է ունենար, եկել հասել է մեջտեղը, ու չեն շարունակել: Թե ինչի համար է կիսատ մնացել, պատճառաբանել են, որ այդ ժանամակ ֆինանսավորում չի եղել»,- մեզ հետ զրույցում ասաց նկարիչ Երվանդ Բիչախչյանը, ապա հավելեց. «Հետեւի մասում՝ մարմարի վրա գրված տառերը սկզբից շատ գեղեցիկ էին նայվում, հետագայում, երբ մարմարը կեղտոտվել է, ինչ-որ մեկը, առանց մտածելու, բրոնզով ներկել է տառերը, շատ տգեղ բան է ստացվել: Արեւի տակ տառերը քայքայվել են, քարերից մեկն էլ անձրեւներից պոկվել, ցած է ընկել, չգիտեմ՝ հիմա ուր է այդ քարը, մոտ 40-50 անուն է ամեն քարի վրա գրված: Հուշարձանը պետք է անմար կրակ ունենար՝ չկա: Ես՝ որպես նկարիչ, մտածում եմ, որ հուշարձանը կարելի է տեղափոխել Բարեկամության այգի, այնտեղ մեծ տարածություն կա, դիտման կետ կա: Եթե, իհարկե, ամբողջ տարածքը ձեւավորվի, տեղը ճիշտ ճարտարապետորեն ընտրվի, հետո նոր՝ տեղափոխման հարցը լուծվի, էնպես չլինի, որ տեղափոխման հարցը լուծեն, հետո քանդեն ժողովրդի աչքի առաջ: Տեղ պետք է պատրաստեն եւ գործողությունն անմիջապես անեն, որ մարդիկ համոզված լինեն դրա լավ լինելու մեջ»:
Երվանդ Բիչախչյանից հետաքրքրվեցինք, թե հանրային քննարկման ժամանակ ներկայացրե՞լ են` ինչ են անելու, ինչպես են ուզում տեղափոխել, տեղափոխման հետ կապված հարցեր քննարկվե՞լ են։ «Ես այդ հարցն իրենց տվել եմ, որ դուք այդ տեղը պետք է ընտրեք, պատրաստեք, հետո նոր տեղափոխեք, էնպես չլինի, որ քանդեք, տանեք, քարերը լցնեք մարդկանց աչքի առաջ․ դա մի ահավոր սխալ բան կստացվի: Մենք լավ ճարտարապետ ունենք, խորհուրդ տվեցի, որ այդ ճարտարապետի հետ էլ խոսեն, հետո նոր գործողություն կատարեն, առանց դրա գործողություն չկատարեն, ոչ մի քանդել, ոչ մի բան»:
Այս հարցը բազմիցս բարձրաձայնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը: Մեզ հետ զրույցում նա ասաց, թե տեղյակ չի եղել՝ նախկին համայնքապետերի ժամանակ քննարկվե՞լ է այդ հարցը, բայց որ այս համայնքապետի օրոք հարցին գաղտնի ձեւով ուզում էին լուծում տալ, հաստատ է. «Սկզբից ամեն ինչ գաղտնի են պահել: Ես 2024 թվականին գրավոր հարցում եմ արել համայնքապետին՝ Ձեր օրակարգում հուշարձանի տեղափոխման հարց կա՞։ Իրենք ինձ գրավոր պատասխանել են, որ այդպիսի հարց համայնքապետարանում չունեն: Ես պարզեցի, որ 2023 թվականին նախագիծ-նախահաշվային աշխատանքների համար արդեն պայմանագիր էին կնքել: Ես միշտ էլ դեմ եմ արտահայտվել հուշարձանի տեղափոխմանը՝ մի քանի պատճառով: Նախ, հիմա շատ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակ է Հայաստանում, ու լավ իմանալով ռուսների տրամադրվածությունը նման քայլերի վերաբերյալ, այս իրավիճակում փորձում են այդ հուշարձանը տեղափոխել: Դա արթիկցիների հուշարձանն է, միայն ու միայն արթիկցին է որոշում դա: Քարերի վրա անուններ կան, որոնք որդիներ, թոռներ ունեն, մարդիկ գնացել՝ կյանք են տվել հայրենիքի համար: Եթե քաղաքի համար լավ բան են ուզում անել, հուշարձանը թող մնա իր տեղում, թող բարեկարգվի տարածքը, շատրվանը թող տանեն դնեն Բարեկամության այգում: Մարդիկ այնքան սոցիալ-տնտեսական խնդիրներ ունեն, որ այս պահին հուշարձանի հարցով զբաղվելն ուղղակի խեղկատակություն է: Իսկ գիտե՞ք, թե որն է զավեշտը. այս հարցը ԿԳՄՍՆ-ի հանձնաժողովում քննարկվել է, մի հոգի հանձնաժողովի անդամներից հարց է տալիս, թե ինչու եք ուզում տեղափոխել: Հիմա լսեք, թե ինչ պատասխան է հնչել. «Արթիկի գլխավոր հրապարակի հուշարձանը, որտեղ զոհվածների անուններով քարեր կան, քարը հրապարակին ավելի տխուր տեսք է տալիս»: Սրանք ոչ թե ուզում են տեղափոխել, այլ ոչնչացնել այս հուշակոթողը: Մի բան էլ ասեմ․ ԿԳՄՍՆ-ի տրամադրած էսքիզի համաձայն՝ այս հուշարձանը ոչ թե պետք է տեղափոխվի Բարեկամության այգի, այլ՝ Անկախության 3/5 հասցե»: