Քաղաքականություն

Կասի` մենք ոչ թե զրկվեցինք էներգամատակարարումից, այլ գտանք ինքնիշխանությունը

Կասի` մենք ոչ թե զրկվեցինք էներգամատակարարումից, այլ գտանք ինքնիշխանությունը

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանի էլեկտրական ցանցերի պետականացման պլանը, որը շուտով մտնելու է գործնական փուլ, եւ անգամ Ազգային ժողով է ուղարկել օրենսդրական նախագիծ: Փաշինյանն աչք ունի բոլոր անկախ` իրեն ոչ ենթակա կառույցների նկատմամբ, անկախությունը դիտարկելով որպես իր իշխանության համար իրական վտանգ: 

Ընտրություններում նրա միակ հույսը մնացել են իրենից ֆինանսապես կախվածություն ունեցող մարդիկ, նրանք, որոնց ինքը վճարում է եւ կարող է պարտադրել, որ հանուն աշխատանքը չկորցնելու՝ քվեարկեն կամ այլ գործողություններ անեն իր օգտին: Ոստիկանության, ԱԱԾ-ի կամ մարզպետարանների աշխատողների քանակը չի կարող անվերջ ավելացնել, դրա համար բյուջետային փող է պետք, իսկ հարկային եկամուտներ հավաքելը գնալով ավելի է դժվարանում, բացի դա՝ բյուջեի փողը նա համարում է իրենն ու դրանից արված ամեն մի ավելորդ ծախս համարում է հարված սեփական գրպանին: Հայաստանի էլեկտրական ցանցերը պետականացնելով, այսինքն սեփականաշնորհելով` իրենով անելով, նա մի քանի խնդիր է լուծելու․ այդ ընկերության մի քանի հարյուր կամ գուցե հազար աշխատակիցները դառնալու են իր ենթակաները, ում ուզի՝ կազատի աշխատանքից, ում ուզի` պաշտոնի կնշանակի:

Հենց ՀԷՑ-ը դառնա պետական, հոսանք գողանալը կդառնա սովորական գործ, ցանցի պետ, տեղամասի պետ, տեսուչ լինելը կդառնա ոչ թե սովորական աշխատանք, այլ՝ եկամտաբեր բիզնես, եւ Փաշինյանն իր մերձավոր շրջապատին կկարողանա այդ պաշտոններից բաժին հանել: Ճիշտ է` գողության արդյունքում համակարգի հերը կանիծվի, արդյունքում էներգետիկ ճգնաժամ կլինի, էլեկտրաէներգիայի գինը կբարձրանա, բայց մինչեւ ընտրություններ հնարավոր կլինի վիճակը քիչ թե շատ կայուն պահել, իսկ ընտրություններից հետո արդեն ցանկացած դժգոհություն կարելի է լռեցնել բռնությամբ: Եթե նույնիսկ մինչեւ ընտրություններ կայունությունն ապահովել չհաջողվի, կարող է ասել, որ ՀԷՑ-ի ներսում կան մարդիկ, ովքեր դիմադրում են, հատուկ սաբոտաժ են կազմակերպում, ինքն էլ դրանց բացահայտում եւ հեռացնում է, երբ պրոցեսն ավարտվի, վիճակը կկայունանա: Կարող է մեղավորներ գտնել նաեւ դրսում, օրինակ՝ Ռուսաստանին մեղադրել Հայաստանում էներգետիկ ճգնաժամ հրահրելու մեջ, բայց եթե ուզում եք ինքնիշխան պետությունում ապրել, հանուն անկախության կարելի է նաեւ առանց էլեկտրաէներգիա մնալ: Մենք ոչ թե ՀԷՑ-ը կորցրինք կամ զրկվեցինք էներգամատակարարումից, այլ գտանք Հայաստանի անկախության բանաձեւը, որովհետեւ այդ հոսանքը մեզ կապում էր Ռուսաստանի հետ, դա Ռուսաստանից մեր անկախության գինն էր՝ կասի մեր օրերի ընկեր Փանջունին, երբ մի օր պարզվի, որ այն, ինչ ինքը պետականացրել է, այլեւս գոյություն չունի:

Չի բացառվում, որ պետականացնելուց հետո նույնիսկ մի պոպուլիստական քայլ անի, մի քանի դրամով էլեկտրաէներգիայի գինն էժանացնի` ընտրություններից հետո կտրուկ բարձրացնելով, կորցրածը հետ բերելու հույսով: Եթե, իհարկե, հաջողվի իշխանության մնալ: Հայ առաքելական եկեղեցու մասով նույնպես Փաշինյանի ուզածը Եկեղեցու պետականացումն է, որ Եկեղեցին ենթարկվի իրեն, եւ կաթողիկոսին, եպիսկոպոսներին` մինչեւ քահանա ու սարկավագ, ինքը նշանակի, ում ուզենա՝ կարգալույծ անի, ում ուզենա` թեմի առաջնորդ նշանակի, Եկեղեցու դրամական հոսքերի վրա հսկողություն հաստատի, դրանից իրեն բաժին հանեն, ավելի շուտ՝ ամբողջ փողն իրենով անի, մյուսներն իր աշխատողները լինեն, ինքն ամեն մեկին իր ուզածի չափով աշխատավարձ նշանակի: Եթե Եկեղեցին պետականացնի կամ, իր դեպքում՝ սեփականացնի, բոլոր եկեղեցականներին ստիպելու է, որ իր օգտին քվեարկեն, թե չէ կսպառնա, որ նրանց կարգալույծ կանի կամ կազատի աշխատանքից: 

Փաշինյանին պետք է, որ իր ունեցած վարչական ռեսուրսի բազան ընդլայնվի, իր անմիջական ենթակաների թիվն էականորեն ավելանա: Որովհետեւ իրենից կախվածություն չունեցող մարդն իրեն ձայն չի տա, ինքը դրանում արդեն համոզվել է Գյումրու, Երեւանի, Փարաքարի եւ բազմաթիվ այլ ընտրությունների օրինակով: Դրա համար ճիշտ կանի, որ ՀԷՑ-ի հետ միաժամանակ պետականացնի նաեւ «Գազպրոմ Արմենիան», խզի պայմանագիրը Հարավկովկասյան երկաթուղու հետ եւ այն վերցնի իր անմիջական հսկողության տակ, պետականացնի բոլոր վարսավիրանոցները, տոնավաճառները, սրճարաններն ու ռեստորանները, հանգստյան տներն ու առողջարանները, մարզասրահներն ու սիգարետի կրպակները: Հնարավոր է, որ եթե բոլորին, բացառացիորեն` բոլորին, ունեզրկի եւ դարձնի իրենը, երկիրը վերածի իր ենթակաների, այդ դեպքում կկարողանա ընտրություններում հաղթելու տեսական հնարավորություն ունենալ: Բայց դա պետք է հասցնի անել մինչեւ հաջորդ ընտրությունները:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image