Մշակութային գործիչների հետ Բագրատ սրբազանի հանդիպմանը նախօրեին մասնակցում էր շուրջ 200-300 գործիչ, որոնց դիմելով՝ սրբազանն առաջարկեց ոչ թե իրավիճակին գնահատական տալ, քանի որ դրան բոլորս ենք առերեսվում այս օրերին, այլ առաջարկել լուծումներ։
Արցախի ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը եւս ներկա է եղել հանդիպմանը: Նա ասում է, որ այս իրավիճակից մի ելք կա՝ ժողովրդի ընդհանուր միաբանությունը, որը, ցավոք, չի տեսնում․ «Ժողովուրդը կիսված է երկու մասի, դրա համար գործը շատ դժվար առաջ կգնա։ Պետք է բոլորը միաբանվեն, բռունցք կազմեն, որ կարողանան այս գործին ընթացք տալ, թե չէ խոսելով գործն առաջ չի գնա․․․ այդ հանդիպման օրը մի լավ առաջարկ եղավ, որ մշակույթի աշխատողները խմբերով, այսպես ասած, «ագիտբրիգադներ» կազմեն եւ գնան շրջաններ, որովհետեւ այստեղ միայն Տավուշի կամ Երեւանի հարցը չէ, այլ ամբողջ Հայաստանի։ Եվ եթե մարդիկ չեն ուզում Արցախի օրն ընկնեն, պետք է արթնանան, բայց մարդիկ հիմա քնած են եւ, ցավոք, չեն ուզում արթնանալ»։
Չնայած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացել են բազմաթիվ ուսանողներ, համալսարաններ, բայց Հարությունյանը կարծում է, որ դա համատարած ու ընդհանուր բնույթ չի կրում։ «Ես կուզենամ, որ բոլորը միաբանվեն, հատկապես՝ ուսանողությունը, որը քնած է… հետո՝ դասադուլ արեցին, բայց էլի ոչ բոլորը։ Ես երկու օր է՝ դուրս եմ գալիս հրապարակ, տեսնում եմ, որ երիտասարդներն իրենց համար անհոգ քայլում են, կարծես աշխարհն իրենցն է, էլ չեն հասկանում, որ կարող է դրանից էլ զրկվեն մի որոշ ժամանակ հետո։ Իսկ իրականում վիճակը շատ լուրջ է եւ օրհասական, բայց ժողովրդի վեջը չի կարծես»,- ասում է Ք․ Հարությունյանն ու նկատում, որ այս ընդվզումը շատ տեղային, լոկալ բնույթ է կրում, լինի դա ուսանողություն, թե մշակութային ու քաղաքական դաշտ։
«Պիտի ողջ ժողովուրդը մի մեխի խփի, պիտի միաբանվեն ու վերջնակետին հասցնեն գործը։ Դա է կարեւոր, թե ինչպես եւ ոնց կանեն, ես դա չեմ կարող ասել, միայն կարող եմ ասել, որ արյունահեղությունը ես չեմ ընդունում, պետք է այնպես անել, ինչպես որ իրենք այդպես մաքուր եկան, ժողովրդին խաբելով պետությունն իրենց ձեռքը վերցրին ու հիմա էլ քայքայում են, մի տարբերությամբ միայն՝ որ նրանք խաբելով եկան, իսկ հիմա ճշմարտությունն ասելով, մարդկանց աչքերը բացելով պետք է գան, որ մարդիկ կարողանան դիմակայել դրան։ Թե չէ սա ի՞նչ է նշանակում՝ երկիր ենք կորցնում, բայց հայրենիքի մի նշույլ կարծես չկա այս ժողովրդի մեջ, ես ուղղակի զարմանում եմ… հարկավոր է միաբանվել, գիտակցել, թե ինչ է կատարվում ընդհանրապես Հայաստանի հետ, վաղը կարող է գլխներին տան, բայց արդեն շատ ուշ լինի, որովհետեւ, նորից եմ ընդգծում, մարդիկ քնած են․․․ արթնացեք, ժողովուրդ, այլապես քնած էլ կմնաք․․․»,- ասում է նա։
Հարությունյանը չի հավատում, որ օրինական ճանապարհով, վարչապետի հրաժարականը պահանջելով հնարավոր է հասնել արդյունքի․ «Եթե մի բան ձգձգվում է, ժողովուրդը նորից սկսում է հետքայլ անել, եւ դա շատ վատ է, փոխանակ ժողովուրդը միաբանվի ու առաջ գնա․․․ հետո՝ նույն մշակույթի ոչ բոլոր գործիչներն են միացել այս շարժմանը, այ, դա է ցավը»։
Այսօր Տավուշում գրեթե նույն սցենարն է կրկնվում, ինչ Արցախում։ «Երբ ճանապարհները փակվեն, գազը, լույսը կսկսեն անջատել, Աստված չանի՝ Արցախի օրն ընկնեն, այն ժամանակ նոր-նոր հասկանալու են մեր վիճակը, հատկապես այն մարդիկ, ովքեր ասում են՝ Արցախն ինչու թողեցիք եկաք․․․ այդ ժամանակ այստեղ էլ կհասկանան, թե ոնց եւ ինչ կատարվեց Արցախում, երբ 9 ամիս շրջափակման մեջ անգամ հաց չկա, որ երեխան ուտի․․․ Աստված չանի, որ շրջափակում լինի, ու հասկանան՝ ինչն ինչոց է, բայց համարյա նույն սցենարն է կրկնվում հիմա Տավուշում, ինչը չէի ցանկանա, որ լիներ․․․»,- ասում է զրուցակիցս ու ընդգծում, որ հավատ չի ներշնչում իշխանության ոչ մի խոստում, որ այդ գյուղերի բնակիչների համար տներ են կառուցելու․ «Մեզ համար էլ կառուցեցին, ո՞ւր են հիմա այդ տները…»:
Հարությունյանն ընդգծում է, որ շարժման թե՛ առաջնորդը, թե՛ մասնակիցները պետք է դատի տան բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց պիտակավորում են, անվանարկում․ «Ամեն մարդ եթե մտածի, որ երկիր է կորցնում, այս իրավիճակը չի լինի»։