Այլ

Ադրբեջանը՝ ՀՀ էներգետիկ անվտանգության երաշխավոր․ Բաքուն պարծենու՞մ է, թե՞ հեգնում

Ադրբեջանը՝ ՀՀ էներգետիկ անվտանգության երաշխավոր․ Բաքուն պարծենու՞մ է, թե՞ հեգնում

Ադրբեջանական մերձիշխանական լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ հայ-ադրբեջանական տնտեսական փոխառնչությունների ներուժին, վերջին զարգացումներին և հեռանկարներին՝ մատնանշելով Բաքվի «ազդեցիկ» դերը, եթե ոչ՝ «գերազանցությունն» այս ամբողջ գործընթացում։ Եվ, ինչպես միշտ, նրանց «ցնծության» ու սնապարծության առիթը ՀՀ վարչապետ, համատեղության կարգով, ինչպես Թրամփն է նկատել, Ալիևի «հայրենակից» Նիկոլ Փաշինյանի հերթական՝ «հեշտ ու գրեթե ձրի տրվողի» կարգավիճակում արված հայտարարություններն են։ Ադրբեջանական մասմեդիան հիշեցնում է, որ անցյալ շաբաթ, խորհրդարանում մեկնաբանելով TRIPP նախագիծը, Փաշինյանը հայտարարել է Երևանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը փոխկապակցելու մտադրության մասին, որը հնարավորություն կտա փոխադարձաբար ներմուծել և արտահանել էլեկտրաէներգիա: Հավելում՝ նախագծի գործնական օգուտների շարքում նա նշել է բենզինի մատակարարումները և գների իջեցումները, ինչպես նաև հացահատիկի ներմուծումը Ադրբեջանի միջոցով: 

«Այս հայտարարությունները ցուցիչ են և տարածվում են ներկայիս տնտեսական իրավիճակից այն կողմ՝ արտացոլելով Հայաստանի ղեկավարության էներգետիկ և տնտեսական անվտանգության նկատմամբ մոտեցման ավելի խորը վերափոխումը,-գրում է մերձիշխանական Մինվալը և շարունակում, - Տասնամյակներ շարունակ Հայաստանի էներգետիկ համակարգը զարգացել է Ռուսաստանից բարձր կառուցվածքային կախվածության պայմաններում: Պաշտոնապես հանրապետությունն իր էլեկտրաէներգիան մատակարարում էր իր սեփական արտադրական հզորությունների միջոցով՝ միջուկային, ջերմային և հիդրոէլեկտրակայաններ, սակայն դրանց կայուն գործունեությունը սերտորեն կապված էր ռուսական էներգետիկ մատակարարումների և տեխնոլոգիական աջակցության հետ: Գազային էլեկտրաէներգիայի արտադրությունը կախված էր ներմուծվող ռուսական գազից, և ամբողջ ներքին գազափոխադրման ենթակառուցվածքը գտնվում էր «Գազպրոմ ԱՐՄԵՆԻԱ»-ի վերահսկողության տակ, ինչը Մոսկվային վերածեց ոչ միայն ռեսուրսների մատակարարի, այլև էներգետիկ ոլորտի տնտեսական պարամետրերի հիմնական կարգավորողի: Նմանատիպ կախվածություն էր նկատվում նաև միջուկային էներգետիկայի ոլորտում, որտեղ վառելիքի մատակարարումը, սպասարկման և արդիականացման լուծումները նույնպես կապված էին Ռուսաստանի հետ: Ամփոփելով՝ սա ստեղծեց կայուն մոդել, որտեղ էներգետիկ ոլորտը ծառայում էր որպես Հայաստանի վրա արտաքին ազդեցության հիմնական լծակներից մեկը»։

Շարունակելով տողատակային քննադատությունը Մոսկվայի տնտեսական նկատառումների ու ազդեցության հասցեին, հոդվածագիրը պնդում է, որ «նմանատիպ տրամաբանություն կրկնվեց նաև վառելիքի և քսանյութերի շուկայում։ Տարիներ շարունակ բենզինի և դիզելային վառելիքի մատակարարումները Հայաստան էապես կապված էին Ռուսաստանի հետ, և շուկան ինքնին բնութագրվում էր բարձր կենտրոնացմամբ և սահմանափակ մրցակցությամբ։ Ռուսաստանից և դրա հետ կապված առևտրականներից մատակարարումների գերիշխանությունը ստեղծեց կայուն գնագոյացման մոդել, որտեղ վառելիքի ներքին գինը մեծապես որոշվում էր արտաքին պայմաններով և քաղաքական ու տնտեսական համաձայնագրերով, այլ ոչ թե շուկայական մրցակցությամբ։ Ինչպես էլեկտրաէներգիայի ոլորտում, մատակարարման մեկ հիմնական աղբյուրից կախվածությունը վառելիքի շուկան դարձրել է ոչ միայն տնտեսապես, այլև քաղաքականապես զգայուն՝ մեծացնելով Հայաստանի խոցելիությունը արտաքին ճնշման նկատմամբ և սահմանափակելով էներգետիկ և սոցիալական քաղաքականությունը ինքնուրույն կարգավորելու նրա կարողությունը»։

Ռուսներից կտրուկ անցում կատարելով սեփական դերակատարությանը կամ դրա գերագնահատման, ադրբեջանցի հոդվածագիրը նշում է․

«Հենց այս մոդելի ապամոնտաժմանն են ուղղված Երևանի ներկայիս քայլերը։ Էներգետիկ համակարգերը Ադրբեջանի հետ ինտեգրելու գաղափարը ենթադրում է ոչ միայն ցանցերի տեխնիկական համաժամեցում, այլև այլընտրանքային էներգետիկ համակարգի ստեղծում, որը կարող է նվազեցնել Ռուսաստանի մենաշնորհը Հայաստանի էներգամատակարարման կայունությունն ապահովելու հարցում։ Էլեկտրաէներգիա ներմուծելու և արտահանելու հնարավորությունը ստեղծում է լրացուցիչ հավասարակշռման մեխանիզմ՝ ընդլայնելով ընտրությունը և նվազեցնելով միակողմանի կախվածության հետ կապված գնային, քաղաքական և լոգիստիկ ռիսկերի նկատմամբ խոցելիությունը։ Այսպիսով, Հայաստանի ղեկավարությունը փաստազրկում է նրանց, ովքեր տարիներ շարունակ պնդում էին, որ Ռուսաստանի էներգետիկ ուղեծրից ցանկացած շեղում անխուսափելիորեն կհանգեցնի տնտեսական և սոցիալական ցնցումների։ Ավելի լայն համատեքստում, Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունը ձեռք է բերում առանձնահատուկ աշխարհաքաղաքական ուղղվածություն։ Նվազեցնելով ռուսական գազի, վառելիքի և տեխնոլոգիական մատակարարման շղթաներից կախվածությունը՝ Երևանը ստանում է լրացուցիչ մանևրելու տարածք իր արտաքին քաղաքականության մեջ և իր դիրքորոշումն ավելի վստահորեն ձևավորելու հնարավորություն՝ առանց անընդհատ հետ նայելու Մոսկվային։ Այս իմաստով, էներգետիկ դիվերսիֆիկացիան դառնում է ոչ միայն ոլորտային բարեփոխում, այլև արտաքին քաղաքականության ինքնիշխանության գործիք։

Պարադոքսալ կերպով հենց Բաքուն, որը մինչև վերջերս հայկական քաղաքական դիսկուրսում դիտարկվում էր միայն որպես սպառնալիքների աղբյուր, դառնում է Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը և Եվրոպայի հետ աստիճանական մերձեցմանը նպաստող գործոններից մեկը։ Այսպիսով, Հայաստանը հնարավորություն է ստանում շարունակել իր մերձեցումը Եվրոպայի հետ՝ առանց անընդհատ հետ նայելու Մոսկվային։ Այս տրամաբանության համաձայն՝ Բաքուն արդյունավետորեն նպաստում է Հայաստանի ներգրավմանը տարածաշրջանային նոր իրականության մեջ, ինչը երկարաժամկետ հեռանկարում կարող է ազդել ոչ միայն տնտեսության, այլև երկրի արտաքին քաղաքականության կողմնորոշումների վրա»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image