Անցած տարի իշխանությունը, ի դեմս Գլխավոր դատախազության, որոշեց պետականացնել գրողների եւ նկարիչների միությունների շենքերը, որպես հիմնավորում՝ հղում անելով «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990-ի սեպտեմբերի 10-ի օրենքի առաջին կետին, որը սահմանել է, որ ՀՀ տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների եւ կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Մինչդեռ երկու միությունն էլ ստեղծման օրվանից չեն եղել պետական կառույցներ՝ հասարակական կազմակերպություններ են։
Չնայած դիմադրության ալիքին, իշխանությունն անցած տարվա ընթացքում հասցրեց համապատասխան օրենսդրական կարգավորումներ մշակել՝ հասարակական կառույցներ հանդիսացող բոլոր կազմակերպությունների, միավորումների գույքը պետականացնելու եւ սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու համար:
Ստեղծագործական միություններին պատկանող գույքերի հարցը դատարանն սկսեց առանձին-առանձին քննել, օրինակ՝ ՀԳՄ Սեւանի հանգստյան տան շենքի հարցը դատարանում քննվել է նոյեմբերի վերջին, Բաղրամյան 3 հասցեում գտնվող շենքինը՝ հունվարի 22-ին։ Հատկանշական է, որ Սեւանի հանգստյան տան շենքի հարցը գրավոր ընթացակարգով է քննվում, ինչպեսեւ՝ Նկարիչների միության Աբովյան 17-ի դեպքում, ինչը նշանակում է, որ այդ շենքերի ճակատագիրը որոշվելու է փակ դռների հետեւում։
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ու փաստաբան Լեւոն Բաղդասարյանն արդեն մեկ տարի ընթացող դատավարությունների հետ կապված մի շարք մանրամասներ ներկայացրին, մասնավորապես այն, թե ինչ ընթացքի մեջ է Հայաստանի գրողների միության անշարժ գույքերի սեփականության իրավունքի՝ ՀՀ դատախազության կողմից վիճարկվող հարցը:
Միլիտոնյանը նշեց, որ 3 դատ արդեն եղել է թե՛ Սեւանի եւ Ծաղկաձորի հանգստյան տների եւ թե՛ ՀԳՄ շենքի վերաբերյալ, ապրիլի 2-ին էլ սպասվում է 4-րդ դատը՝ Ծաղկաձորի շենքի հարցով։ «Մասնակցելով դատարաններում այդ քննություններին՝ ես եկա մի համոզման, որ մեր ՀՀ դատախազության ներկայացուցիչը որոշակի փաստեր կիսատ-պռատ է ներկայացնում, օրինակ՝ որոշումներից ինչ-որ տողեր, հատվածներ դրվագային է ներկայացնում, բայց երբ որոշումներին ծանոթանում ես, տեսնում ես, որ այլ պատկեր է»,-ասում է ՀԳՄ նախագահն ու նշում, որ փաստերն այլ բան են վկայում, մասնավորապես՝ «Գրական թերթի» 1951 եւ 1952 թվականների հրապարակումները, հայտարարությունները, այժմ ապրող ավագ գրողների վկայությունները, այդ թվում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի ինքնակենսագրական հուշերը փաստում են, որ Հայաստանի գրողների միությունը Բաղրամյան N3 հասցեում գտնվող շենքում սկսել է ակտիվ գործունեություն ծավալել դեռեւս 1951 թվականից։ Ավելին՝ Վազգեն Առաջինը մանրամասն նկարագրում է իր այցը ՀԳՄ։ Մինչդեռ շենքի մասին ոչ ճիշտ տեղեկություններ են տրվել դատարանում։
«Մեկ այլ կարեւոր խնդիր, որ չի դիտարկվում դատախազության կողմից․ ԽՍՀՄ գրական ֆոնդի տեղեկանքն ենք հանրայնացրել ու տպագրել մեր «Գրական թերթում», նաեւ՝ տարածել տարբեր միջոցներով, այդ ֆոնդի գումարներն այն ժամանակ ուղղվել են նաեւ շենքերի կառուցմանը, այդ ֆոնդի միջոցներով կառուցվել են նաեւ ՀԳՄ շենքի 4 հարկերը, այդ ֆոնդի աջակցությամբ կառուցվել են Սեւանի եւ Ծաղկաձորի հանգստյան շենքերը։ Իսկ հիմա, երբ ուզում են այս շենքերը պետականացնել, հարց եմ տալիս՝ բա այդ հոնորարներն ո՞վ է վերադարձնելու, մեր դասական գրողների ժառանգներից շատերն իրավունք ունեն դիմելու ու պահանջելու, դրանք հսկայական գումարներ են, եւ, ուրեմն, ո՞վ է այդ գումարները վերադարձնելու այդ մարդկանց»,-նշում է Միլիտոնյանն ու ընդգծում, որ ամիսներ առաջ, ի պատասխան իրենց հարցմանը, կադաստրից ՀԳՄ-ին ու դատախազությանը պատասխանել էին, որ գրողներին սեփականության իրավունքն այդ ժամանակվա օրենսդրությանը համապատասխան՝ ճշգրիտ ձեւով է տրվել։
«Որեւէ մեկը չի պատրաստվում զիջել ու ապուշի պես նայել, թե ինչ են բերում իրենց գլխին»,- նշում է ՀԳՄ նախագահն ու արձանագրում, որ սա խտրական վերաբերմունք է իրենց հանդեպ, երբ հասարակական կազմակերպությունների ողջ դաշտից միայն 2 կազմակերպության հանդեպ է դատավարություն իրականացնում դատախազությունը, որն իրեն հիշեցնում է կաֆկայական դատավարությունը։
ՀԳՄ փաստաբան Լեւոն Բաղդասարյանն էլ ներկայացրեց այս գործի հետ կապված փաստական եւ իրավական հանգամանքները։ «ԽՍՀՄ տարիներին գույքը բացառապես եղել է պետական, բացառություն են կազմել գրողները, նախորդ դարի 30-ական թվականներին, երբ հիմնադրվեցին գրողների միություններ ԽՍՀՄ տարբեր երկրներում, բացառապես գրողների հոնորարներից կառուցվել են շենք-շինությունները, եւ դրանք բացառապես ֆիքսված են եղել ԽՍՀՄ տարիներին՝ որպես Գրողների միության սեփականություն։ ԽՍՀՄ փլուզումից հետո այն դարձավ Գրողների միության սեփականությունը, եւ դրանից հետո ամեն 10-15 տարին մեկ Գրողների միությանը ցնցում են»,- ասում է փաստաբանն ու նկատում, որ հիմա՝ այս փուլում, ՀՀ կառավարությունը որոշել է, որ դա Գրողների միության սեփականությունը չէ։
«Մի կարեւոր փաստ եմ ուզում արձանագրել․ ԱԺ ամբիոնից երկրի վարչապետը հայտարարեց, թե ինչու է նման ծրագիր իրականացվում․ այն է՝ որպեսզի չփոշիացվի ստեղծագործական միությունների գույքը եւ չօտարվի։ Նախ՝ արձանագրեմ, որ դա ստեղծագործական միության սեփականությունն է, եւ ինչպես կուզի, կտնօրինի, բայց հենց ՀԳՄ-ն իր համագումարում արձանագրել է, որ ով ուզում է գրողների միության նախագահը լինի, ու ովքեր ուզում է միության անդամները լինեն, համագումարով արձանագրվում է, որ Գրողների միության անշարժ գույքը ենթակա չէ օտարման։ Այսինքն՝ այն ծրագիրը, որ կառավարությունը ցանկանում է իրականացնել, գրողներն արդեն ամրագրել են իրենց համագումարում»։
Ինչ վերաբերում է իրավական հիմնավորումներին, ապա․ «Այս գործը քննվում է Վարչական դատավարության օրենսգրքի սահմաններում, որն իմպերատիվ արձանագրում է, որ երբ դու հայց ես ներկայացնում, ընդ որում կապ չունի՝ այդ հայցը ներկայացնողը դատախազությունն է, գրողները, թե շարքային քաղաքացին, կա ժամկետ, եթե այդ ժամկետը խախտում ես, այլեւս իրավունք չունես հայց ներկայացնել, ու դա ենթակա չէ քննման։ Ի՞նչ է արել ՀՀ դատախազությունը՝ ժամկետանց հայց է ներկայացրել, իսկ դրա հետ կապված՝ թե՛ Վճռաբեկ դատարանը, թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ասում են՝ ժամկետից դուրս իրավունք չունես պահանջ ներկայացնել։ Մեր փաստաբանական կողմը միջնորդություն է ներկայացրել, որ այդ հայցը վաղեմության հետ կապված աղերս ունի, եւ դատարանն արձանագրել է, որ, այո, ունի, հիմա դատախազությունը դա բողոքարկել է վերադաս դատական ատյանին։ Եթե հանկարծ ՀՀ վարչական դատարանը վերցնի ժամկետանց հայց քննի, որպես իրավապաշտպան, արձանագրում եմ՝ ուրեմն վարչական դատավարությունը պետք է ոչնչացնել, վարչական դատարանն էլ պետք է լուծարել։ Սակայն, եթե անգամ քննվի, մենք բավականին լուրջ հիմքեր ու ապացույցներ ունենք, որի մի մասը պրն Միլիտոնյանը ներկայացրեց, մի մասին այս պահին չեմ անդրադառնա»։ Փաստաբանն արձանագրեց, որ դատախազության հայցապահանջը համարում է իրավազուրկ՝ դրանից բխող բոլոր իրավական հետեւանքներով։